HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Երեւան-Կապան-Երեւան չվերթը չի կայացել եղանակային պայմանների պատճառով

Այսօր նախատեսված Երեւան-Կապան-Երեւան չվերթը չի կայացել եղանակային պայմանների պատճառով: Այս մասին «Հետքը» տեղեկացավ ՀՀ քաղավիացիայի կոմիտեից:

«Զվարթնոց» օդանավակայանի չվացուցակի համաձայն՝ «ՆովԷյր» ավիաընկերության «L-410» ինքնաթիռը Երեւանից պետք է Կապան մեկներ (չվերթի համարը՝ NAI 1001) առավոտյան 8:00-ին, իսկ Կապան-Երեւան թռիչքից (NAI 1002) հետո վայրէջքը «Զվարթնոցում» նախատեսված էր 11:00-ին: Սակայն երկու թռիչքներն էլ չեղյալ են հայտարարվել, քանի որ, ինչպես փոխանցեցին ՔԱԿ-ից, երթուղու մի հատվածում եղանակային ոչ բարենպաստ պայմաններ են եղել:

Միաժամանակ Կոմիտեից փոխանցեցին, որ չվերթին սպասող ուղեւորները շատ են եղել:

Հիշեցնենք, որ «L-410UVP-E20» միակ օդանավը (հայկական գրանցումը՝ EK-4117, օդանավը կրում է «Համո Սահյան» անունը), որն իրականացնում է Երեւան-Կապան-Երեւան թռիչքները, նախատեսված է 19 ուղեւորի համար:

Օգոստոսի 17-ին այս օդանավով աշխատանքային այցով Երեւանից Կապան էր մեկնել վարչապետ Փաշինյանը: Նույն օրը հայտարարվեց, որ օգոստոսի 19-ին՝ Կապանի օրվա առիթով, կլինի Երեւան-Կապան ներկայացուցչական չվերթ, որից հետո նախատեսվում են կանոնավոր չվերթեր:

Ամսի 19-ին Երեւանից Կապան էին թռել վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը եւ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) բարեգործական հիմնադրամի տնօրեն Արմեն Ստեփանյանը։ Նկատենք, որ չնայած օդանավը շահագործում է երեւանյան «ՆովԷյր» ընկերությունը, դրա սեփականատերը ԶՊՄԿ-ի բարեգործական հիմնադրամն է: 2015 թ. արտադրված օդանավը Հայաստանում է 2018-ի օգոստոսից, 2019-ի փետրվարին այն գրանցվել է ՀՀ օդանավերի ռեգիստրում:

«ՆովԷյր» ընկերության շարժակազմում ինքնաթիռը գրանցվել է 2020 թ. հոկտեմբերին, սակայն դեպի Կապան թռիչք մինչեւ այս տարվա օգոստոս կատարվել է միայն մեկ անգամ՝ ապրիլի 26-ին, որը կրել է տեխնիկական բնույթ:

Բարձրաստիճան պաշտոնյաներին տեղափոխած թռիչքներից հետո ուղեւորափոխադրումներն սկսվեցին օգոստոսի 21-ին: «ՆովԷյրին» փոխկապակցված երեւանյան «Ատլանտիս Տուր» տուրիստական գործակալությունը հայտարարել էր, որ ավիատոմսերի գինն սկսվելու է 20.000 դրամից, ինչը, մեծ հաշվով, նորություն չէր, քանի որ նախկինում եւս այս գինն էր շրջանառվում: Նկատենք, որ «Ատլանտիս Տուրի» սեփականատերը հենց «ՆովԷյրն» է, իսկ վերջինիս փաստացի տերը ՀՀ-ում Ավստրիայի պատվո հյուպատոս Արամ Մարությանն է (ՀՀ քաղավիացիայի գլխավոր վարչության (ներկայում՝ կոմիտե) պետի 2007-2014 թթ. տեղակալ), չնայած դե յուրե սեփականատերը Տիգրան Շահվերդյանն է, որը Մարությանի գործընկերներից է: 

Իր հերթին Սյունիքի մարզպետի աշխատակազմը հայտարարեց, որ թռիչքները լինելու են յուրաքանչյուր երկուշաբթի եւ ուրբաթ: Թռիչքը Երեւանից՝ 08:00-ին, Կապանից՝ 10:00-ին:

Փաստորեն, օգոստոսի 21-ից հետո այսօր պիտի լիներ երկրորդ փոխադրումը, որը, սակայն, չկայացավ:

Միջազգային կոդ ստացած 5-րդ օդանավակայանը

Երեւանի «Զվարթնոցի» հետ այսուհետ օդային կապ ունեցող Կապանի «Սյունիք» օդանավակայանը իր պատմության մեջ առաջին անգամ (1972 թվականից ի վեր) միջազգային կոդ է ստացել: Խոսքը Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության՝ ICAO-ի կողմից տրվող քառանիշ կոդի մասին է՝ UDCK: Նման կոդ ստանալու համար դիմել էր ՀՀ քաղավիացիայի կոմիտեն: Ինչ վերաբերում է Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA) կողմից տրվող եռանիշ կոդին, ապա, ՔԱԿ-ի տեղեկացմամբ, դրա համար պետք է դիմի օդանավակայանի կոնցեսիոները՝ ««Սյունիք» օդանավակայան» ՍՊԸ-ն:

Նկատենք, որ Հայաստանում միջազգային կոդեր ունեն հետեւյալ օդանավակայանները՝

«Զվարթնոց» (Երեւան) – EVN (IATA), UDYZ (ICAO)
«Շիրակ» (Գյումրի) – LWN (IATA), UDSG (ICAO)
«Էրեբունի» (Երեւան) – UDYE (ICAO)
«Սյունիք» (Կապան) – UDCK (ICAO)
«Ստեփանավան» (Ստեփանավան/Տաշիր) – UDLS (ICAO), ներկայում չի շահագործվում

Ներկա պահին միայն Երեւանի ու Գյումրու օդանավակայաններն են, որ ընդունում են միջազգային օդային փոխադրումներ: «Ավիացիայի մասին» օրենքի համաձայն՝ միջազգային օդանավակայան է համարվում ՀՀ տարածքում առանձնացված ցանկացած օդանավակայան` միջազգային օդային փոխադրումներ իրականացնող օդանավերի ընդունման եւ մեկնման համար, որտեղ իրականացվում են մաքսային, միգրացիոն, սանիտարական, կարանտինային եւ նմանատիպ ընթացակարգեր։

Կապանի «Սյունիք» օդանավակայանը համարվում է ներքին օդանավակայան: Ըստ «Ավիացիայի մասին» օրենքի՝ ներքին օդանավակայան է համարվում միայն ներքին օդային փոխադրումների համար օգտագործվող օդանավակայանը:

ICAO-ի կողմից տրվող օդանավակայանների քառանիշ կոդերին ուշադրություն դարձնելիս կարելի է տեսնել, որ դրանց առաջին երկու տառը նույնն են: Այս դեպքում UD-ն Հայաստանի կոդն է, այսինքն՝ ICAO-ից կոդ ստացող հայաստանյան բոլոր օդանավակայանների առաջին երկու տառը UD է: Հայաստանի պարագայում երրորդ տառը բնութագրում է ռեգիոնը՝ մարզը կամ Երեւան քաղաքը (Y – Yerevan, S – Shirak, L – Lori, C – Syunik. քանի որ S-ն «տրվել է» Շիրակին, Սյունիքի համար ընտրվել է C): Չորրորդ տառը օդանավակայանի (Երեւանում գտնվող) կամ քաղաքի (մարզում գտնվող) անունն է (Z – Zvartnots, E – Erebuni, G – Gyumri, S – Stepanavan, K - Kapan):

Լուսանկարը՝ primeminister.am-ից (17.08.2023)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter