HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լուսինե Հակոբյան

«Սա ֆանտաստիկ հայցադիմում է». Սերժ Սարգսյանի առերևույթ ապօրինի գույքի գործի քննությունը շարունակվում է

Հակակոռուպցիոն դատարանում օգոստոսի 30-ին շարունակվեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և նրա դստեր՝ Սաթենիկ Սարգսյանի դեմ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության հայցադիմումի քննությունը՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով։

Նիստը նախագահում էր դատավոր Կարապետ Բադալյանը, դատախազության ներկայացուցիչներն էին՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության պետի տեղակալ, դատախազ Տիգրան Ենոքյանը, նույն վարչության տնտեսագետ Արթուր Կարապետյանը։ Դահլիճում էին նաև պատասխանող կողմի ներկայացուցիչներ փաստաբաններ Ամրամ Մակինյանը և Վահագն Գրիգորյանը։

Այս դատական նիստին պատասխանողների ներկայացուցիչները հարցեր տվեցին դատախազին հայցի հիմքի և առարկայի վերաբերյալ:

Ամրամ Մակինյանը հարցրեց, թե արդյոք Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքը ուղենիշայի՞ն է դատախազության համար, քանի որ իր կարծիքով` դատախազությունը օրենքից դուրս տրամաբանությամբ է առաջ շարժվում այս գործի տարբեր դրվագներով, և Տիգրան Ենոքյանից ստացավ դրական պատասխան: Հաջորդ հարցով Մակինյանը ճշտեց, թե դատախազությունը իրավունք ունի՞ 1991 թվականի սեպտեմբերի 21-ից առաջ ձեռք բերված գույք ուսումնասիրել: Դատախազը պատասխանեց, որ իրավունք ունեն ուսումնասիրել անձի կողմից ձեռք բերված գույք ցանկացած ժամանակահատվածում, սակայն բռնագանձման պահանջ ներկայացնել` ոչ: Այնուհետև Մակինյանը հարցրեց, թե ուսումնասիրության սահմաններ օրենքը նախատեսու՞մ է, թե` ոչ: Հարցին միջամտեց դատավոր Կարապետ Բադալյանը` նշելով, որ օրենքի գոյությունը ապացուցման ենթակա չէ, իր հարցերով ի՞նչ է ուզում պարզել Մակինյանը: Նա հորդորեց այս գործի հետ կապված հարցեր հնչեցնի, այլ ոչ թե «աբստրակտ հարցեր»:

Ամրամ Մակինյանն էլ պատասխանեց, որ ուզում է պարզել դատախազության մեթոդաբանությունը, գործելաոճը` պայմանավորված այս օրենքի գոյությամբ:

Հաջորդիվ Մակինյանը հրապարակեց 2 զեկուցագիր` դատախազության հատուկ քննչական ծառայության մինչդատական վարույթի նկատմամբ հսկողություն իրականացնող վարչության պետի կողմից` ուղղված դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության պետ Սիրո Ամիրխանյանին: Այդ զեկուցագրի հիման վրա է հարուցվել ապօրինի գույքի բռնագանձման հայց Սերժ Սարգսյանի դեմ:

Այդ զեկուցագրերում խոսվում էր մի քրեական գործի մասին, որտեղ որպես մեղադրյալներ էին ներգրավվել Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանը, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը և գյուղատնտեսության նախարարության երկու այլ պաշտոնյաներ: Զեկուցագրերում նշվում էր նաև, որ հարցումներ են արվել և պարզել են Սերգո Կարապետյանին և Բարսեղ Բեգլարյանին պատկանող ենթադրաբար ապօրինի ծագում ունեցող գույքի մասին:

Սակայն զեկուցագրերում, ըստ Մակինյանի, չկա Սերժ Սարգսյանին պատկանող ապօրինի գույքի, եկամուտների մասին որևէ տեղեկություն:

«Թեև հիշյալ քրեական գործով կատարված նախաքննությամբ պարզվել է, որ Սերժ Սարգսյանի անվամբ գույք հաշվառված չէ, սակայն այնուհանդերձ, հաշվի առնելով նախկինում նրա զբաղեցրած պաշտոնները և վերագրվող արարքի բնույթը` բավարար հիմքեր կան կասկածելու, որ նրա կամ նրան փոխկապակցված անձանց կարող են պատկանել 50 մլն դրամ և ավել արժեք ունեցող ապօրինի ծագում ունեցող գույք»,- զեկուցագրից ընթերցեց Մակինյանը:

«Սա ֆանտաստիկ հայցադիմում է»,- ասաց Մակինյանը և հարցրեց դատախազին, թե օրենքի ո՞ր կետով նրանք կարող էին հայց հարուցել Սերժ Սարգսյանի դեմ, եթե չի հայտնաբերվել ապօրինի ծագում ունեցող գույք, և առաջնորդվել միայն այն փաստով, որ տվյալ անձը պաշտոններ է զբաղեցրել նախկինում:

Դատախազ Տիգրան Ենոքյանը հայտնեց, որ ապօրինի գույքի առկայությունը պարտադիր հանգամանք չէ հայց հարուցելու համար: Եվ ապօրինի գույքի առկայությունը ուսումնասիրությամբ պարզվող հանգամանք է: Նա նշեց, որ հայց հարուցելու համար եղել է առաջին պայմանը` Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել օրենքով սահմանված հոդվածներից մեկի հիման վրա, իսկ երկրորդ պայմանը` կասկածը, ձևավորվել է վարչության պետի զեկուցագրի հիման վրա, որին կից եղել են քրեական գործի նյութերը: «Եթե չեմ սխալվում, 200 միլիոն դրամը գերազանցող առերևույթ չարաշահման մասին էր (քրեական գործը, խմբ.), որը կարող էր իրավասու մարմնի մոտ կասկածի տեղիք տալ, որ պարոն Սարգսյանը կարող է ունենալ 50 միլիոն դրամը գերազանցող գույք»,- ասաց Ենոքյանը:

Մակինյանը Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման օրենքից ընթերցեց այն հատվածը, որտեղ ասվում է, թե իրավասու մարմինը սկսում է ուսումնասիրություն, եթե առկա է ուսումնասիրություն սկսելու հիմքերից առնվազն մեկը և առկա են բավարար հիմքեր ենթադրելու, որ ուսումնասիրությամբ հայտնաբերվելիք գույքը իր շուկայական արժեքով կարող է գերազանցել օրենքով նախատեսված 50 մլն դրամը: Մակինյանը հայտնեց, որ օրենքի ընդունման պահին «հայտնաբերվելիք» բառի փոխարեն եղել է «հայտնաբերված» բառը, ինչը թույլ է տալիս ենթադրելու, որ հայց հարուցելու համար ապօրինի գույքի առկայությունը պարտադիր պայման է: Նա հարցրեց դատախազին, թե այս պարագայում կրկին պնդու՞մ է իր դիրքորոշումը:

Դատախազ Տիգրան Ենոքյանը հայտնեց, որ օրենքի փոփոխության հիմքում դրված է եղել տեխնիկական վրիպակներից և տարընթերցումներից խուսափումը: Ենոքյանն ասաց, որ փոփոխությունը կատարվել է, քանի որ տրամաբանորեն էլ պարզ է, որ մինչև ուսումնասիրություն չարվի, գույք չի կարող հայտնաբերվել:

Մակինյանը հայտարարեց, թե իր հարցի պատասխանը չստացավ: Դատավոր Կարապետ Բադալյանը Մակինյանին ասաց, որ կողմի նկատմամբ անհարգալից և հեգնական վերաբերմունք չցուցաբերի: Ըստ Բադալյանի` Մակինյանի կողմից օգտագործված «ֆանտաստիկ հայցադիմում», «պատասխանը չստացա» արտահայտությունները չեն բխում մասնագիտական ազնվությունից: Դատավորի խոսքով` Մակինյանը ոչ թե պատասխանը չի ստացել, այլ դա գուցե իրեն չի բավարարել: «Դուք գործի քննությունը էմոցիոնալ դաշտ եք տանում, որի անհրաժեշտությունն ընդհանրապես չկա»,- ասաց դատավորը:

Հարցադրումներ ուներ նաև պատասխանողների մյուս ներկայացուցիչը` փաստաբան Վահագն Գրիգորյանը: 

Նա հարցրեց, թե ինչպես է հիմնավորվել, որ Սաթենիկ Սարգսյանին պատկանող Երևանի Տերյան փողոցում գտնվող անշարժ գույքի` բնակարանի և կայանատեղիի իրական սեփականատերը Սերժ Սարգսյանն է և կա՞ր բավարար տվյալ, որ Սերժ Սարգսյանը կարող էր ձեռք բերել այդ գույքը: Դատախազ Տիգրան Ենոքյանն ասաց, որ այդ ժամանակ Սաթենիկ Սարգսյանը ամուսնացած չի եղել և չի ունեցել համապատասխան եկամուտներ` այդ գույքը ձեռք բերելու համար, ուստի իրավասու մարմինը առաջնորդվել է այն կանխավարկածով, որ գույքը ձեռք է բերվել ի հաշիվ Սերժ Սարգսյանի: Ենոքյանը հավելեց նաև, որ Սերժ Սարգսյանը օրինական եկամուտներ էլ է ունեցել, այդ պատճառով նշել են, որ գույքը ձեռք բերելու եկամուտների 35 տոկոսն է ապօրինի:

Գրիգորյանը հարցրեց նաև, թե իրավասու մարմինը պարզե՞լ է, թե ով է հաշվառված այդ բնակարանում, ով է բնակվում, քանի որ ըստ Գրիգորյանի` «իրական շահառու» հասկացության տեսանկյունից շատ կարևոր է, թե գույքի իրական սեփականատեր ով է իրեն համարում: Նա հարցրեց, թե Սերժ Սարգսյանը երբևէ այդ բնակարանում ապրե՞լ է:

Ենոքյանն ասաց, որ այդ մասին տվյալ չունեն և անհարժեշտ էլ չեն համարել պարզել, իսկ հաշվառված լինելու հանգամանքը, ըստ դատախազի, ընդամենը Գրիգորյանի կարծիքն է «իրական շահառու» հասկացության մասին:

Գրիգորյանը հարցրեց նաև, թե դատախազությունն ունի՞ տեղեկություն, որ Տերյան փողոցում գտնվող այդ գույքը ձեռք բերելու համար անհրաժեշտ գումարը Սաթենիկ Սարգսյանի տատն ու պապն են նվիրել վերջինիս 20-ամյակի առթիվ: Խոսքը 20 մլն դրամի մասին է: Դատախազն ասաց, որ այդ փաստը արժանահավատ չէ, քանի որ այլ ապացույց չկա այդ փաստը հիմնավորող:

Վահագն Գրիգորյանը հարցեր տվեց նաև Սերժ Սարգսյանի և Ռիտա Սարգսյանի կողմից արված անկանխիկ վճարումների, կանխիկ մուտքերի և բանկային հաշիվների մասին:

2 ժամից ավելի տևած դատական նիստն այսքանով ավարտվեց, քանի որ փասատաբան Ամրամ Մակինյանն այլ դատական գործով ուներ ծանրաբեռնվածություն: Հաջորդ նիստը նշանակվեց սեպտեմբերի 19-ին` 15:30-ին:

Կարդացե՛ք նաև`

Գլխավոր լուսանկարը՝ president.am-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter