Եվրամիությունը Հայաստանին ու Ադրբեջանին կոչ է անում խուսափել հետագա բռնությունից
ԵՄ-ն ցավում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած բախումների համար, որի հետևանքով զոհվել և վիրավորվել են մի քանի զինվորականներ: Այդ մասին X-ի (նախկինում՝ Twitter) իր միկրոբլոգում գրառում է արել Եվրոպական միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր հանձնակատարի մամուլի քարտուղար Պետեր Ստանոն։
Armenia/Azerbaijan: 🇪🇺 deplores latest armed clashes that led to several servicemen being killed and injured in the border areas between 🇦🇲 and 🇦🇿. The EU calls on all sides to avoid further violence and recommit to dialogue.
— Peter Stano (@ExtSpoxEU) September 1, 2023
«ԵՄ-ն կոչ է անում բոլոր կողմերին խուսափել հետագա բռնությունից ու իրագործել երկխոսության վերաբերյալ բոլոր պարտավորությունները»,- հայտնել է եվրոպացի պաշտոնյան։
Հիշեցնենք, որ նախօրեին ադրբեջանական կողմը սադրանքի էր դիմել Սոթքի և Նորաբակի ուղղությամբ։ Ադրբեջանական զինուժը կիրառում էր անօդաչուներ և ականանետներ, ինչի հետևանքով հայկական կողմն ունի երեք զոհ և երկու վիրավոր։
Այսօր ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել, համաձայն որի՝ ժամը 12:30-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:
«Շրջանառվող տեղեկություններն այն մասին, թե իբր ժամը 12:00-ի սահմաններում Սոթքի հատվածում հայկական դիրքերը ենթարկվել են ականանետային հարվածների, չեն համապատասխանում իրականությանը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Մեկնաբանել