HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Արտոնությունների հերթական «փաթեթը». «Ջերմուկ գրուպ»-ը, «Սարանիստ»-ն ու մյուս արտոնյալները

Կառավարությունը սեպտեմբերի 14-ի նիստին որոշել է մի շարք ընկերությունների ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնություն տալ։ Դա հիմնավորում է գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրերով։ Այսինքն՝ ընկերությունները գումարներ են ներդնում տնտեսության այս կամ այն ոլորտում, որը խրախուսելու համար կառավարությունը նրանց ազատում է այդ ներդրումների համար անհրաժեշտ ապրանքների ներմուծման մաքսատուրքերից։ 

Արտոնություններ կառավարությունը հաճախ է տրամադրում այս կամ այն ոլորտի ընկերություններին։ 

Այս անգամ արտոնություն են ստացել հայտնի ընկերություններ «Ջերմուկ գրուպ»-ը, «Ասկե գրուպ»-ը, «Սարանիստ»-ը և այլ ընկերություններ։ 

Այս ընկերությունների մի մասը առաջին անգամ չէ, որ արտոնություն են ստանում։ 

«Խրախուսվում են հերթական ներդրումային ծրագրերը. կստեղծվի ավելի քան 200 նոր աշխատատեղ»,- ասված է կառավարության սեպտեմբերի 14-ի հաղորդագրության մեջ։ 

«Ջերմուկ գրուպ». արտոնության չափը՝ 102.6 մլն դրամ

«Ջերմուկ գրուպ» ընկերությունը կազատվի 102.6 մլն դրամի մաքսատուրքից։ Այն նախատեսում է ներմուծել սառնարանային կիսակցորդներ, թամբային քարշակներ, պոլիէթիլենային հումք։ 

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 8.3 մլրդ դրամ:

«Ջերմուկ գրուպը» կառավարությանը «խոստացել է» ստեղծել 32 նոր աշխատատեղ՝ մինչև 460 հազ. դրամ միջին ամսական աշխատավարձով։ 

Նախատեսում է թողարկված արտադրանքի 80%-ը և ավելին արտահանել ԵՄ երկրներ, ԱՄԷ, ԱՄՆ, Վրաստան և այլն։

Այս տարվա մարտին ընկերության ներկայացրած իրական շահառուների հայտարարագրի համաձայն՝ «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ն  պատկանում է Ջերմուկ համայնքի ներկայիս համայնքապետ Վահագն Արսենյանին։ Նա ԱԺ նախկին պատգամավոր Աշոտ Արսենյանի որդին է։

Վահագն Արսենյանը 2022թ․ իր գույքի և եկամուտների տարեկան հայտարարագրում նշել է, որ առևտրային կազմակերպությունում ունեցած իր բաժնեմասերը 2021 թվականին հավատարմագրային կառավարման է հանձնել հորը։

«Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1996 թվականին։ 

«Ջերմուկ գրուպ»-ը նախկինում ևս արտոնություններ է ստացել։ 

Լուսանկարը՝ Վահագն Արսենյանի ֆեյսբուքյան էջից

«Ասկե գրուպ». արտոնությունը՝ 95.5 մլն դրամ

Պողպատաձուլական ձեռնարկություն շահագործող «Ասկե գրուպ» ԲԲԸ-ն այս անգամ ստանում է  95.5 մլն դրամ մաքսատուրքից ազատվելու արտոնություն։ Այս ընկերության անունը ևս պարբերաբար հայտնվում է արտոնություն ստացողների շարքում։ 

Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 1 մլրդ դրամի ներդրում։

Կառավարության որոշման հավելվածում տեսնում ենք, որ ընկերությունը նախատեսում է Թուրքիայից ներմուծել 955 մլն դրամանոց մեկ հաստոց՝ սառը եղանակով մետաղի կտրման հիդրավլիկ մամլիչ։ 

«Ասկե գրուպ» ընկերությունը ներմուծվող սարքավորումները կօգտագործի պողպատե ամրանների և պողպատե աղացագնդերի արտադրության համար։ 

Նշվում է, որ արդեն իսկ իրականացվել է 20 մլրդ դրամի կապիտալ ներդրում։ 

«Ասկե գրուպ»-ն էլ խոստանում է ստեղծել 93 նոր աշխատատեղ՝ մինչև 360 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ 

«Ասկե գրուպ» ԲԲԸ-ն հիմնադրվել է 1995 թվականին։ Այն հիմնադրել է գործարար Միխաիլ Հարությունյանի ընտանիքը։ Միխաիլ Հարությունյանը ԴԱՀԿ ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանի քեռին է։  Միխաիլ Հարությունյանը այժմ «Ասկե գրուպ»-ի խորհրդի նախագահն է։ Մետաղաձուլական գործարանը գտնվում է Կոտայքի մարզի Չարենցավան համայնքում։ «Ասկե գրուպ»-ը ցուցակված է Հայաստանի ֆոնդային բորսայում։ 

«ԳՌՕՄ». արտոնությունը՝ 55.5 մլն դրամ

«ԳՌՕՄ» ընկերությունը ստանում է 55.5 մլն դրամի մաքսատուրքից ազատման արտոնություն։ 

Ընկերությունը առավել  հայտնի է «Նաշ Սադ» ապրանքանշանով։ Ներմուծվող հումքը նախատեսում է օգտագործել լվացող և մաքրող միջոցների  արտադրության համար՝ ընդհանուր  870 մլն դրամի։

Արդյունքում, ըստ ընկերության, կստեղծվի 38 նոր աշխատատեղ՝ 250 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։ 

«ԳՌՕՄ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2002 թվականին։ Սեփականատերերն են եղբայրներ Հովհաննես (30.7%) և Մկրտիչ Ազարյանները (38.5%), ինչպես նաև Հրանտ Կարապետյանը (30.7%), որը, ըստ մամուլում եղած տեղեկությունների, Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանի փեսան է։ Նա ներգրավված է նաև այլ բիզնեսներում, երկար տարիներ աշխատել է հարկային համակարգում։   

«Վ.Ա.Շ․ Տրանս». արտոնությունը՝ 53 մլն դրամ

«Վ.Ա.Շ․ Տրանս» ընկերությանը 53 մլն դրամի մաքսատուրքից ազատվելու արտություն է տրվում։ 

Ընկերությունը նախատեսում է Չինաստանից ու Բելգիայից 797 մլն դրամի ապրանք ներմուծել, որոնք  կօգտագործի ցինկապատ մետաղական տանիքի ծածկերի, ջրահեռացման համակարգերի և համալրող այլ աքսեսուարների, եվրոդուռ-լուսամուտների և գիպսակարտոնի պրոֆիլների արտադրության և վերջնական արտադրանքի տեղափոխման (արտահանման) համար։ 

Խոստանում է ստեղծել 40 նոր աշխատատեղ՝ մինչև 200-250 հազ. դրամ միջին ամսական աշխատավարձով։ 

«Վ.Ա.Շ․ Տրանս» ՍՊԸ-ն նոր բացված ընկերություն է, հիմնադրվել է այս տարվա մայիսին: Գտնվելու վայրը նշված է Կոտայքի մարզի Ակունք գյուղը։  Ընկերության սեփականատերն է Երևանում գրանցված Շուշանիկ Ղազարյանը։ Նրա և ընկերության վերաբերյալ այլ տեղեկություններ չգտնվեցին։ 

«Պակ Պեն». արտոնությունը՝ 48.6 մլն դրամ

Դեկորատիվ առաստաղաքիվեր արտադրող «Պակ Պեն» ՍՊԸ-ն նախատեսում է Հնդկաստանից ու Չինաստանից 773 մլն դրամի հումք ներմուծել, որի համար գոյանալիք 48.6 մլն դրամ մաքսատուրքից կազատվի։ 

Ներմուծվող հումքը նախատեսում է օգտագործել տարբեր տեսակի և նշանակության ինքնակպչուն ժապավենների արտադրության համար։

Ծրագրված է ստեղծել 3 նոր աշխատատեղ՝ մինչև 180 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ 

«Պակ Պեն»-ը հիմնադրվել է 2015 թվականին։ Արտադրամասը գտնվում է Երևանում։ Ընկերության սեփականատերը Էդգար Հովհաննիսյանն է, ում անունով որևէ այլ ընկերություն գրանցված չէ։ 

«Սարանիստ». արտոնությունը՝ 43.4 մլն դրամ

Ապակե տարաներ արտադրող «Սարանիստ» ընկերությունը նախատեսում է Չինաստանից հումք ներմուծել ապակու  հալման վառարանի վերակառուցման համար, որի ընդհանուր արժեքը կկազմի 335.9 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 43.4 մլն դրամ:

Հումքը նախատեսվում է օգտագործել ապակե տարաների արտադրության համար։ 

«Սարանիստ»-ի գործարանը գտնվում է Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղում։ 

Ընկերության սեփականատերը ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Մելիք Մանուկյանն է։ 

Երկու տարի առաջ այդ ժամանակ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ու Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը այցելել էին «Սարանիստ»-ի գործարան։ 

Նիկոլ Փաշինյանը ողջունել է ընկերության գործունեության ընդլայնման, նոր ներդրումային ծրագրեր իրականացնելու, նոր աշխատատեղեր ստեղծելու նախաձեռնությունը և հավելել, որ կառավարությունը պատրաստ է իր գործիքակազմերի շրջանակում նպաստել նմանատիպ նախագծերի արդյունավետ իրականացմանը:

«Սոլար-5». արտոնությունը՝ 4.8 մլն դրամ

«Սոլար-5» ՍՊԸ-ն էներգետիկայի ոլորտում գործող ընկերություն է։ Նախատեսում է 5 ՄՎտ հզորությամբ արևային կայան Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնքում։ 

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 60.6 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 4.8 մլն դրամ:

Ընկերությունը նախատեսում է Չինաստանից ներմուծել ուժային տրանսֆորմատոր։ 

«Սոլար-5» ՍՊԸ-ն համեմատաբար երիտասարդ ընկերություն է։ Հիմնադրվել է 2018 թվականին։  Ընկերության բաժնետերերի շարքում է «Շտիգեն» ՍՊԸ-ն (19% մասնակցությամբ), որը պատկանում է Հայկ Շեկյանին։ Շեկյանը հայտնի է որպես վերականգնվող էներգետիկայի փորձագետ։ Բացի «Շտիգեն»-ից, «Սոլար-5»-ը ևս չորս սեփականատեր ունի։ 

Արտոնությունները, որոնք տրվում են այս կամ այն ընկերությանը, մի կողմից, ըստ կառավարության, ուղղված են բիզնեսի զարգացմանը, մյուս կողմից՝ դրանք առնչվում են քաղաքացիներին՝ հարկատուներին։ Ազատված մաքսատուրքերը դրանք այն գումարներ են, որոնք արտոնություն չստանալու դեպքում պետք է հոսեին պետական բյուջե։ 

Գլխավոր լուսանկարում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և «Սրանիստ» ընկերության սեփականատեր Մելիք Մանուկյանը (2021թ.)

Լուսանկարը՝ www.primeminister.am-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter