HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Մարությանն ընդդիմադիրներին առաջարկում է քվեարկել իր օգտին առանց որևէ կոալիցիոն համաձայնության

«Ազգային առաջընթաց» կուսակցության քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը Երևանի ավագանու ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարած ընդդմադիր մյուս ուժերին առաջարկում է քվեարկել իր թեկնածության օգտին առանց որևէ կոալիցիոն կամ այլ տեսակի պայմանավորվածության։ Այս մասին Մարությանը նշել է ֆեյսբուքյան իր էջում հրապարակած տեսանյութում։ 

Հայկ Մարությանը պնդում է իր թեկնածությունն այն պատճառով, որ ընդդիմադիր ուժերի մեջ հենց իր գլխավորած կուսակցությունն է ամենից շատ ձայները հավաքել։ Իսկ թե ինչու է առաջարկում քվեարկել իր թեկնածության օգտին առանց որևէ տեսակի պայմանավորվածության, Մարությանը նշում է, որ անցողիկ շեմը հաղթահարած ընդդիմադիր ուժերի միջև կան քաղաքական և գաղափարական տարաձայնություններ։ Այդպես, ըստ Մարությանի, ազնիվ կլինի նաև ընտրողների նկատմամբ։

«Գլխավոր նպատակը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը քաղաքային իշխանությունից զրկելն է։ Այս նպատակը, որ ընդդիմադիր բոլոր ուժերն ունեն, կարող ենք ի կատար ածել։ Սա մեր առաջին տարբերակն է, ըստ որի՝ ես ստանձնում եմ քաղաքապետի պաշտոնը, մեր քաղաքական ուժը ստանձնում է քաղաքային իշխանությունը և սկսում ենք աշխատել։ Մնացած ուժերը դառնում են ընդդիմություն։ Եվ այդ ընդդիմադիր երեք ուժերը իրենց վերահսկողական ֆունկցիաները կարող են կատարել որպես ավագանու անդամ։ Իրենք լիարժեք իրավունքներ ունեն վերահսկելու այն բոլոր գործողությունները, որը կանենք ես՝ որպես քաղաքապետ, և մեր ուժը՝ որպես քաղաքային իշխանություն»,- ասաց Հայկ Մարությանը։

Վերջինս առաջարկեց նաև այլ տարբերակ․ եթե մյուս ընդդիմադիր ուժերը չեն համաձայնում Մարությանի առաջին առաջարկին, ապա կարող են գնալ նոր քաղաքային ընտրությունների։ Մարությանը շեշտում է, որ ավագանու 65 մանդատից ՔՊ-ն կունենա 24-ը, մինչդեռ ավագանու առաջին նիստ հրավիրելու համար անհրաժեշտ է կեսից ավելին, այսինքն՝ 33 մանդատ, և քանի որ իշխանությունը չունի այդ թիվը, ապա քվորումը չի ապահովվի, նիստը տեղի չի ունենա և քաղաքապետ չի ընտրվի։ Արդյունքում, տեղի կունենան նոր ընտրություններ։

Հայկ Մարությանը համոզված է, որ նոր ընտրություններում ընդդիմության դիրքերն ավելի ուժեղ են լինելու, քանի որ մարդիկ, ըստ նրա, ավելի ակտիվ կմասնակցեն ընտրություններին։

Ավելի վաղ, անցողիկ շեմը հաղթահարած «Հանրային ձայն» կուսակցության փաստացի ղեկավար Վարդան Ղուկասյանը նշել էր՝ իրենք պատրաստ են զիջել քաղաքապետի պաշտոնը ընդդիմադիր մյուս ուժերին, եթե քաղաքապետարանի վերահսկողական վարչությունները տրվեն «Հանրային ձայն» կուսակցությանը։

«Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանն էլ հայտարարել էր, որ պատրաստ են քվեարկել Հայկ Մարությանի թեկնածության օգտին, եթե վերջինս կողմ արտահայտվի ամբողջական իշխանափոխությանը։

«Հանրապետություն» կուսակցությունն էլ դեռևս չի հայտնել իր դիրքորոշումը։

Հիշեցնենք՝ Երևանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքներով` 5 քաղաքական ուժ է հաղթահարել անցողիկ շեմը: Ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ «Քաղաքացիական պայմանագիր»՝ 32,57% կամ 24 մանդատ, «Ազգային առաջընթաց»՝ 18,89% կամ 14 մանդատ, «Մայր Հայաստան» դաշինք՝ 15.43% կամ 12 մանդատ, «Հանրապետություն»՝ 11,32% կամ 8 մանդատ և «Հանրային ձայն»՝ 9,68% կամ 7 մանդատ:

Եթե անգամ «Հանրապետություն» կուսակցությունը կոալիցիա կազմի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ, միևնույն է, մյուս երեք քաղաքական ուժերի մանդատների հանրագումարը 1-ով ավելի է (32/33):

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter