Սյունիքը կարող է միջազգային օդանավակայան ունենալ
Կապանի «Սյունիք» օդանավակայանը Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի կողմից (IATA) եռանիշ կոդ է ստացել՝ YUK, ինչը նշանակում է, որ այն կարող է սպասարկել միջազգային կանոնավոր չվերթեր: Մինչ այս «Սյունիքն» արդեն ստացել էր Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO, կառույց է ՄԱԿ-ի համակարգում) քառանիշ կոդ՝ UDCK, ինչը նրան իրավունք էր տալիս սպասարկել միջազգային ոչ կանոնավոր (չարտերային, սեզոնային) չվերթեր:
Հատկանշական է, որ «Սյունիքը» ՀՀ ընդամենը երրորդ օդանավակայանն է, որն ունի IATA-ի կոդ:
«Զվարթնոց» (Երեւան) – EVN (IATA), UDYZ (ICAO)
«Շիրակ» (Գյումրի) – LWN (IATA), UDSG (ICAO)
«Սյունիք» (Կապան) – YUK (IATA), UDCK (ICAO)
«Էրեբունի» (Երեւան) – UDYE (ICAO)
«Ստեփանավան» (Ստեփանավան/Տաշիր) – UDLS (ICAO), ներկայում չի շահագործվում
Չնայած ֆորմալ առումով Սյունիքի մարզկենտրոնն այսուհետ կարող է ընդունել կանոնավոր եւ ոչ կանոնավոր միջազգային չվերթեր, իրականությունն այն է, որ Կապանի օդանավակայանը ներկայում սպասարկում է միայն ներքին չվերթ՝ Երեւան-Կապան-Երեւան:
Ընդ որում՝ ներքին ուղեւորափոխադրումները դեպի Կապան սկսվեցին այս տարվա օգոստոսի 21-ից:
Թռիչքներն իրականացնում է երեւանյան «ՆովԷյր» ավիաընկերությունն իր միակ՝ «L-410UVP-E20» ինքնաթիռով (ՀՀ գրանցումը՝ EK-4117), որը նախատեսված է 19 հոգու համար:
Օգոստոսի 17-ին այս օդանավով աշխատանքային այցով Երեւանից Կապան էր մեկնել վարչապետ Փաշինյանը: Նույն օրը հայտարարվեց, որ օգոստոսի 19-ին՝ Կապանի օրվա առիթով, կլինի Երեւան-Կապան ներկայացուցչական չվերթ, որից հետո նախատեսվում են կանոնավոր չվերթեր: Ամսի 19-ին Երեւանից Կապան էին թռել վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը եւ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) բարեգործական հիմնադրամի տնօրեն Արմեն Ստեփանյանը։ Նկատենք, որ օդանավի սեփականատերը հենց ԶՊՄԿ-ի բարեգործական հիմնադրամն է:
Սյունիքի մարզպետի աշխատակազմը հայտարարեց, որ թռիչքները լինելու են յուրաքանչյուր երկուշաբթի եւ ուրբաթ: Թռիչքը Երեւանից՝ 08:00-ին, Կապանից՝ 10:00-ին:
Առաջին չվերթը, ինչպես ասվեց, տեղի ունեցավ օգոստոսի 21-ին: Դրանից հետո չվերթեր են կայացել նաեւ սեպտեմբերի 1-ին ու 4-ին: Իսկ ահա մնացած 7 չվերթերը չեն կայացել եղանակային վատ պայմանների պատճառով: Բանն այն է, որ դեպի Կապան եւ այնտեղից հետադարձ չվերթերը կատարվում են վիզուալ թռիչքների կանոններով (VFR), որոնց դեպքում եղանակի համար նախատեսված են շատ ավելի խիստ պահանջներ, քան սարքավորումներով թռիչք (IFR) կատարելիս: Այսինքն՝ եթե եղանակն այնպիսին է, որ չեն ապահովվում VFR-ով նախատեսված նվազագույն պայմանները, ապա չվերթ չի կարող կատարվել:
Ժամանակին ավիատորների շրջանում քննարկվում էր այն հարցը, որ Կապանը կարող է որպես միջազգային օդանավակայան ընդունել եւ ճանապարհել Իրանից եկող եւ դեպի Իրան մեկնող չվերթեր համեմատաբար փոքր ինքնաթիռների կատարմամբ: Ինչու՞ փոքր ինքնաթիռների. որովհետեւ «Սյունիք» օդանավակայանի աերոդրոմը սերտիֆիկացվել է որպես «2B» դասի աերոդրոմ, ինչը նշանակում է, որ այն կարող են օգտագործել այնպիսի օդանավեր, որոնց թեւերի լայնքը 15-24 մ է, իսկ շասսիի արտաքին ակերի հեռավորությունը միմյանցից՝ 4,5-6 մ: 19 հոգու համար նախատեսված «L-410»-ը հենց նման ինքնաթիռ է:
Այլ կերպ ասած՝ «Սյունիք» օդանավակայանը չի կարող ընդունել այնպիսի խոշոր օդանավեր (օրինակ՝ «Boeing» կամ «Airbus»), որոնք վայրէջք են կատարում Երեւանի «Զվարթնոցում» կամ Գյումրու «Շիրակում» (սրանք ունեն «4D» դասի աերոդրոմներ): Բայց ավելի փոքր օդանավերի հարցում այն պետք է որ խնդիր չունենա:
Այստեղ, բնականաբար, պետք է հաշվի առնել արտաքին անվտանգային գործոնը, քանի որ «Սյունիք» օդանավակայանը գտնվում է հայ-ադրբեջանական սահմանի, իսկ ներկա պայմաններում՝ հակամարտ զորքերի շփման գծի անմիջական հարեւանությամբ: Հիշեցնենք, որ օգոստոսին ադրբեջանցիները մի քանի անգամ սադրանքի դիմեցին՝ կրակելով օդանավակայանի շենքի ուղղությամբ:
Կա եւս մի խնդիր «Սյունիքը» միջազգային օդանավակայան դարձնելու հարցում: Խոսքը ՀՀ կառավարության եւ արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանի «Կորպորասիոն Ամերիկա» ընկերության միջեւ 2001 թ. դեկտեմբերին կնքված պայմանագրի մասին է: Հիշեցնենք, որ այդ պայմանագրով 2002 թ. հունիսից «Զվարթնոցը» 30 տարով կոնցեսիոն կառավարման հանձնվեց Էռնեկյանի նորաստեղծ ««Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ին, իսկ 2007-ին պայմանագրում ներառվեց նաեւ «Շիրակ» օդանավակայանը:
Իսկ ահա «Սյունիք» օդանավակայանն իր հերթին 2017 թ. սեպտեմբերին կնքված կոնցեսիոն պայմանագրով Կապանի համայնքապետարանը 25 տարով անհատույց հանձնել է ««Սյունիք» օդանավակայան» ՍՊԸ-ին, որը 50-50 համամասնությամբ պատկանում է Սյունիքի մարզի զարգացման եւ ներդրման հիմնադրամին (պետական հիմնադրամ է) եւ ԶՊՄԿ-ի բարեգործական հիմնադրամին:
Կառավարության եւ Էռնեկյանի միջեւ 2001 թ. կնքված կոնցեսիոն պայմանագրով, երբ «Շիրակը» դեռ դրանում ներառված չէր, նախատեսվել է, մասնավորապես, հետեւյալը (ընդգծումները «Հետքինն» են). «Եթե ՀՀ կառավարությունը ուղղակիորեն կամ երրորդ անձանց հետ կնքվող պայմանագրի միջոցով (ա) կառուցում է օդավանակայանից («Զվարթնոցից» - հեղ.) բացի որեւէ այլ միջազգային օդանավակայան ՀՀ տարածքում կամ գոյություն ունեցող օդանավակայաններից որեւէ մեկը դարձնում միջազգային օդանավակայան կամ (բ) կառուցում է տեղական նշանակության օդանավակայան օդանավակայանից («Զվարթնոցից» - հեղ.) երկու հարյուր հիսուն (250) կմ շառավղով հեռավորության վրա, ապա նշված շինարարության սկսվելու պահից մինչեւ ավարտին հաջորդող մեկ տարվա ավարտի պահը կառավարիչն իրավունք ունի դադարեցնել սույն պայմանագիրը [...] եւ համապատասխան հատուցում ստանալ ՀՀ կառավարությունից: Կողմերն ընդունում են ի գիտություն, որ Գյումրու օդանավակայանը սպասարկում է թռիչքներ ԱՊՀ երկրներ։ Գյումրու օդանավակայանը, բացի ԱՊՀ երկրներ թռիչքներից, միջազգային թռիչքներ սպասարկել չի կարող»։
Կապանի օդանավակայանը շահագործման է հանձնվել դեռ 1972-ին, սակայն հիմնովին վերակառուցվել է 2017-2020 թթ. եւ հիմա ծառայում է որպես տեղական նշանակության օդանավակայան: Այն եւ ՀՀ-ում գործող ցանկացած օդանավակայան գտնվում է «Զվարթնոցից» 250 կմ հեռավորության վրա, սակայն դրա վերակառուցման/վերագործարկման առումով Էռնեկյանի թիմի հետ խնդիրներ չեն ծագել, իսկ ի՞նչ կլինի, եթե Կապանի օդանավակայանի կոնցեսիոներ ««Սյունիք» օդանավակայան» ՍՊԸ-ն որոշի սպասարկել ոչ միայն ներպետական, այլեւ միջազգային չվերթեր: Ինչպիսի՞ն կլինի մեր երկրում միջազգային թռիչքներ սպասարկող «Զվարթնոցի» ու «Շիրակի» կոնցեսիոների արձագանքը: Այս հարցում, իհարկե, փոքր չէ նաեւ Կառավարության դերը: Ամեն դեպքում, «Սյունիքը» չի կարող մրցակից դառնալ ո՛չ «Շիրակին», ո՛չ առավել եւս «Զվարթնոցին»:
Բնականաբար, IATA-ի ու ICAO-ի կոդը բավարար չէ միջազգային կանոնավոր եւ ոչ կանոնավոր չվերթեր ընդունելու եւ ճանապարհելու համար: «Ավիացիայի մասին» օրենքը սահմանում է, որ միջազգային օդանավակայան է համարվում ՀՀ տարածքում առանձնացված ցանկացած օդանավակայան՝ միջազգային օդային փոխադրումներ իրականացնող օդանավերի ընդունման եւ մեկնման համար, որտեղ իրականացվում են մաքսային, միգրացիոն, սանիտարական, կարանտինային եւ նմանատիպ ընթացակարգեր։ Այսինքն՝ եթե Կապանը ինչ-որ պահի դառնա ՀՀ օդային դարպաս, ապա այնտեղ պետք է ծառայություն իրականացնեն պետական տարբեր մարմիններ:
Ոչ պակաս կարեւոր հանգամանք է այն, որ IATA-ի կոդ ստանալուց հետո Կապանի օդանավակայանն այլեւս տեսանելի կլինի թռիչքներին առցանց հետեւող կայքերի քարտեզներում։
Լուսանկարը՝ primeminister.am կայքից, 17.08.2023
Մեկնաբանել