HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկ Մարությանն արձագանքել է «Մայր Հայաստանի» և «Հանրային ձայնի» առաջադրած պայմաններին

«Ազգային առաջընթաց» կուսակցության քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը ֆեյսբուքյան եթերով հայտնել է, որ ինքը չի միանում վերջին օրերին տեղի ունեցող բողոքի ակցիաներին, քանի որ կարծում է՝ իշխանափոխությունը պետք է լինի ընտրությունների միջոցով։

Հոկտեմբերի 10-ին տեղի է ունենալու Երևանի ավագանու առաջին նիստը։ Ելնելով նրանից, որ նիստին մնացել է քիչ ժամանակ՝ Մարությանն անդրադարձել է նաև Երևանի քաղաքապետի ընտրություններին։ Հիշեցնենք, որ Մարությանը ընդդիմադիրներին առաջարկել էր քվեարկել իր օգտին առանց որևէ կոալիցիոն համաձայնության։ 

Ֆեյսբուքյան եթերով նա ասաց, որ  «Հանրապետություն» կուսակցությունից բացարձակ ոչ մի արձագանք չի ստացել, որը իրենց թույլ է տալիս ենթադրել, որ իրենք միանալու են «Քաղաքացիական պայմանագր» կուսակցությանը և փորձելու են կազմել քաղաքային իշխանությունը: «Սա նշանակում է` եթե իրենք այդպես անեն, կստացվի, որ այն մարդիկ, որոնք ընտրել են «Հանրապետություն» կուսակցությանը, փաստացի ընտրել են «Քաղաքացիական պայմանագրի» քաղաքապետի թեկնածուին»,- ասաց նա։

Նա հիշեցրեց, որ եթե «Հանրապետություն» կուսակցությունը միանա «Քաղաքացիական պայմանագրին», իրենք կունենան 32 մանդատ, իսկ քաղաքային իշխանությունը կազմելու համար պետք է 33 մանդատ: Իսկ 33 մանդատ ունի ընդդիմությունը:

Մարությանն անդրադարձավ «Մայր Հայաստան» դաշինքի և «Հանրային ձայն» կուսակցության հայտարարություններին։ Նշենք, որ «Մայր Հայաստանը» հայտնել էր, որ պատրաստ է քվեարկել Մարությանի օգտին, եթե նա կողմ լինի ամբողջական իշխանափոխությանը «Մենք բազմիցս դա հայտարարել ենք, որ մեր թիմը, մեր քաղաքական ուժը կարծում է, որ՝ այո´, Հայաստանում պետք է լինի ընդհանուր իշխանափոխություն», - նշեց Մարությանը:

Իսկ «Հանրային ձայն» կուսակցությունը հայտնել էր, որ պատրաստ է կոալիցիա կազմել Մարությանի և Թևանյանի հետ, սակայն ունի իր պայմանները։ «Վերահսկողական բոլոր վարչությունները տրվելու են «Հանրային ձայնին»։ Դուք դառնում եք քաղաքապետ, վերահսկողական ապարատն անցնում է իմ կադրերին, այսինքն՝ ինձ»,- հայտարարել էր «Հանրային ձայն» կուսակցության փաստացի ղեկավար Վարդան Ղուկասյանը։

Մարությանն, անդրադառնալով այս հայտարարությանը, ասաց․ «Բացարձակ ոչ մի դեմ բան չունենք դրա հետ, բայց այստեղ մի կարևոր բայց կա, որ քանի որ վարչության պետը համայնքային ծառայող է, իսկ համայնքային ծառայողներին նշանակելու համար լինում է մրցույթ»։ Մարությանն ասաց՝ ելնելով օրենքի այս կարգավորումից՝  սա նշանակում է, որ իրենք չենք կարող այդ պաշտոնը խոսք տալ որևէ քաղաքական ուժի: «Երբ մենք կլինենք իշխանություն, կհայտարարենք մրցույթ, խնդրեմ, եթե ունեք լավ մասնագետ, եկեք մասնակցեք մրցույթին, հաղթեք և ես մեծ հաճույքով կնշանակեմ այդ մարդուն այդ պաշտոնին: Եվ թող իր ստուգումները սկսի հենց ինձնից», - ասաց Մարությանը:

Հայկ Մարությանն ասաց՝ եթե չստացվի այս համագործակցությունը ընդդիմադիրների միջև, ապա կարող են գնալ Երևանի ավագանու նոր ընտրություների։ «Դրա համար ընդամենը պետք է այս երեք ֆրակցիաները ապահովեն, որ ավագանու առաջին նիստին չլինի ներկայություն՝ դրանով իսկ հնարավորություն չտալով իշխանությանը վերարտադրվել»,- ասաց նա

Հիշեցնենք՝ 2023թ․ սեպտեմբերի 17-ին տեղի ունեցած ավագանու ընտրությունների արդյունքներով՝ քաղաքային իշխանությունում ավագանու մանդատները բաշխվել են հետևյալ կերպ՝ 

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն-24 մանդատ

«Ազգային առաջընթաց» կուսակցություն-14 մանդատ

 «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինք-12 մանդատ

«Հանրապետություն» կուսակցություն-8 մանդատ

«Հանրային ձայն» կուսակցություն-7 մանդատ

Քաղաքապետ կընտրվի այն թեկնածուն, որը կստանա ավագանու 65 անդամների ձայների մեծամասնությունը, այսինքն՝ 33 քվե։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter