
Շառլ Միշելը խուսափել է Ադրբեջանի դեմ հնարավոր պատժամիջոցների վերաբերյալ հարցին պատասխանելուց
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հրաժարվել է պատասխանելուց լրագրողների այն հարցին, թե արդյոք Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների պարագայում ԵՄ-ն Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կսահմանի։
Գրանադայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովից հետո կայացած ճեպազրույցի ընթացքում պատասխանելով այդ հարցին՝ Միշելն ասել է. «Երկու օր առաջ ես հեռախոսազրույց եմ ունեցել Ալիևի հետ, և նա հայտարարել է, որ Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ չունի»:
TACC գործակալության փոխանցմամբ՝ Միշելը հաստատել է, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին հոկտեմբերի վերջին հրավիրել է Բրյուսելում և ընդգծել, որ երկուսն էլ արդեն հաստատել են դրան իրենց մասնակցությունը: Հոկտեմբերի վերջին Բրյուսելում հայ-ադրբեջանական բարձր մակարդակով բանակցությունների մասին հայտնի էր դարձել դեռ նախօրեին։
Հիշեցնենք, որ նախօրեին Ստրասբուրգում Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստի ժամանակ ընդունվել էր «ԵՄ-ի և Ադրբեջանի միջև հարաբերությունների վերանայման ու Լեռնային Ղարաբաղում իրավիճակի հետ կապված պատժամիջոցների սահմանման անհրաժեշտության մասին» բանաձևը: Փաստաթղթին աջակցել էր 491 պատգամավոր, դեմ հանդես եկել 9-ը։ 36 պատգամավոր էլ ձեռնպահ էր մնացել։
Հայտարարության մեջ ընդգծվում էր, որ Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի հարձակումը եղել է «անհիմն և նախապես պլանավորված»։ Խորհրդարանականների կարծիքով՝ տեղի ունեցածը միջազգային իրավունքի ու մարդու իրավունքների կոպիտ խախտում է։ Նրանք Լեռնային Ղարաբաղից հայերի զանգվածաբար դուրս գալն անվանել են էթնիկ զտում։
«Եվրոպական խորհրդարանը կոչ է անում ամբողջությամբ վերանայել Ադրբեջանի հետ ԵՄ հարաբերությունները՝ հաշվի առնելով վերջին իրադարձությունները և այդ երկրում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակի վատթարացումը»,- ասված էր բանաձևում։
Լուսանկարը՝ JOHN THYS/AFP VIA GETTY IMAGES
Մեկնաբանել