HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայերը պահպանում են չեզոքություն և չեն խառնվում պրոցեսներին». Հրայր սարկավագը պատմում է Իսրայելի հայ համայնքի մասին

Հոկտեմբերի 7-ին «Համաս» խմբավորման գրոհայինները Գազայի հատվածից հարձակվեցին Իսրայելի վրա։ Նրանք ներթափանցել են Իսրայելի սահմանամերձ շրջաններ՝ մարտի բռնվելով իսրայելցի զինվորականների հետ։ Ի պատասխան՝ Իսրայելը զանգվածաբար հրթիռակոծում է Գազայի հատվածի տարածքը։ Երկու կողմից կան հարյուրավոր զոհեր և վիրավորներ։ Հոկտեմբերի 8-ին իսրայելական իշխանությունները պաշտոնապես հայտարարեցին, որ երկիրը պատերազմական վիճակում է։

Իսրայելում և Պաղեստինում հոգևոր ծառայություն իրականացնող Հրայր սարկավագ Լալայանի հետ «Հետքը» հոկտեմբերի 9-ին հեռախոսակապով խոսել է պատերազմական իրադրության մեջ գտնվող հայ համայնքի մասին։

Մեր զրույցի պահին Հրայր սարկավագը Բեթղեհեմում էր՝ Պաղեստինի վերահսկողության տակ գտնվող տարածքից փորձում էր անցնել դեպի Երուսաղեմ։

«Այս պահին սահմանի վրա, պայմանավորված իրավիճակով, լարված է, հրեական ոստիկանությունը և զինվորականները մանրամասն ստուգումներ են իրականացնում։

Այժմ Երուսաղեմ, Բեթղեհեմ քաղաքների մոտակայքում հրետակոծություններ չկան։ Հարձակման առաջին օրը՝ հոկտեմբերի 7-ին՝ մինչ կեսօրը, մի քանի հրթիռներ են ընկել քաղաքին հարող տարածքներում։ Հիմնական գործողությունները տեղի են ունենում Գազայի հատվածում, որտեղ հայեր չկան»,- պատմում է Հրայր սարկավագը։

Մեզ հետ զրույցը մի պահ ընդհատվում է, Հրայր սարկավագը կարողանում է անցնել սահմանը և հասնել Երուսաղեմ, որտեղ հայերն ամենախիտն են բնակեցված։

«Երուսաղեմում են կենտրոնացած թե՛ հրեաների, թե՛ արաբների գլխավոր սրբատեղիները և այստեղ, որտեղ հայ համայնքի մեծ մասն է, հրետակոծություններ, կարծում եմ, չեն լինի»,- ասում է Հրայր սարկավագը և նշում, որ այս օրերին հատկապես ադրբեջանական տելեգրամյան ալիքներում կեղծ ֆոտոներ և վիդեոներ են տարածվում, որտեղ փորձում են ցույց տալ, թե հայերն աջակցում են պաղեստինյան «Համաս» խմբավորման զինյալներին։

«Իսրայելում հայկական համայնքը մոտ 6000 է, իսկ Պաղեստինում 50-60 հայ ընտանիք է ապրում, և նրանց համար շատ վտանգավոր է այն պրոպագանդան, որն անում է ադրբեջանական մեդիան այս օրերին։ Նրանք փորձում են ցույց տալ, որ հայերն աջակցում են արաբներին կամ կողմերից որևէ մեկին, բայց նման բան չկա, հայերը պահպանում են նեյտրալիտետ և չեն խառնվում պրոցեսներին։

Իսրայելից Հրայր սարկավագի հետ զրույցի մանրամասները՝ աուդիո նյութում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter