
Գազայում հիվանդանոցի հրթիռակոծությանն արդարացում չկա. Եվրոպական հանձնաժողովի նախագահ
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը կարծում է, որ Գազայի հատվածում հիվանդանոցին հարվածելը ռազմական հանցագործություն է, որն արդարացում չունի: Նրա խոսքով՝ կատարվածի մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Ընդ որում, պաշտոնյան որևէ մեկի վրա պատասխանատվություն չի դրել բուժհաստատությանը հարվածելու համար։
«Ես վշտացած եմ Ալ-Ահլի հիվանդանոցին հասցված հարվածից և զոհերի հսկայական թվից։ Ոչ մի արդարացում չկա հիվանդանոցի վրա հարձակման համար, որը լի է բժշկական անձնակազմով և քաղաքացիական բնակչությամբ: Բոլոր փաստերը պետք է պարզվեն, և մեղավորները պետք է պատասխանատվություն կրեն»,- X-ի (նախկին՝ Twitter) իր միկրոբլոգում գրել է եվրոպացի պաշտոնյան։
I am saddened by the strike against the Al-Ahli hospital and the huge death toll.
— Ursula von der Leyen (@vonderleyen) October 18, 2023
There is no excuse for hitting a hospital full of medical staff and civilians.
All the facts have to be established and those responsible must be held accountable.
Նա նաև հրապարակավ կոչ է արել մանրակրկիտ հետաքննել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները:
Գազայի հատվածում գտնվող այս հիվանդանոցին հարված էր հասցվել հոկտեմբերի 17-ի երեկոյան։ Al Jazeera-ի փոխանցմամբ՝ զոհերի թիվը գերազանցում է 500-ը։ Իսրայելի պաշտպանությանը բանակը հայտարարել է, որ հետաքննություն է անցկացնում, իսկ միջադեպը կապում է «Իսլամական ջիհադ»-ի կողմից հրթիռի անհաջող արձակման հետ:
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ իսրայելցի զինվորականները հիվանդանոցին հարված չեն հասցրել, իսկ կատարվածի պատասխանատվությունը կրում են «Գազայի հատվածի բարբարոս ահաբեկիչները»: Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասը հարվածն անվանել է «Իսրայելի ռազմական հանցագործություն» և եռօրյա սուգ հայտարարել։ Բացի այդ, Աբբասը հրաժարվել է մասնակցել նաև Ամմանում Ջո Բայդենի, Եգիպտոսի նախագահի ու Հորդանանի թագավորի հետ հանդիպմանը, որն ավելի ուշ չեղարկվել է։
Ռուսաստանն ու Արաբական Միացյալ Էմիրությունները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստ են հրավիրել, իսկ ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի իշխանությունները հրապարակավ հայտարարել են, որ մտադիր են տեղի ունեցածի համատեղ հետաքննություն անցկացնել։
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը հայտնել է, որ տեղի ունեցածի վերաբերյալ ազգային անվտանգության հարցերով իր օգնականին հանձնարարել է տեղեկություններ հավաքել։
Լուսանկարը՝ Bea Bar Kallos/EC Audiovisual Service
Մեկնաբանել