«Մենք որ դուրս եկանք, թուրքերը մտան»,- ասում է Ճարտարից բռնի տեղահանված կինը
Պատին հենած փոքր սեղանին քաղցրավենիք է դրված, ելակի մուրաբայով տարա ու թեյով լցված մի քանի բաժակ: Ճարտարեցի հարեւաններով թեյ են խմում, երբ ներս ենք մտնում: Հազիվ լսելի բարեւում են, ապա առաջարկում միասին թեյ խմել: Կողք-կողքի են նստած, բայց մի տեսակ անհաղորդ ու սառը դեմքերով:
Նախշունը մահճակալից վերցնում է շուտով 3 ամսական դարձող Անրիին ու գրկած քայլում: Նրա քայլվածքի մեջ լարվածություն կա: Երեխան ծնվել է հուլիսի 21-ին Ճարտարում: Երբ 2 ամսականը լրացել էր, Ճարտարից դուրս եկան: Անրին ուշադիր նայում է շուրջը, բայց ձայն չի հանում: Նախշունը խնդրում է չլուսանկարել իրեն:
Նախշունի ավագ որդին՝ 2-ամյա Կամոն, անընդհատ վազվզվում է ու կանչում տատին՝ «բաբո՛, բաբո՛»: Տատը՝ Սուսաննա Բաբայանը, թխվածքաբլիթ է տալիս թոռանը: Ասում է՝ շրջափակման օրերին նույնիսկ մի քանի գդալ շաքարավազ չկար, որ Կամոն քաղցր թեյ խմեր: Փոքրիկն այնպիսի ախորժակով է ուտում քաղցրը, որ դեմքը կորում է սպիտակ փոշու ու կրեմի մեջ: ճարտարեցի կանայք ժպտում են՝ նրան նայելով: Սուսաննան ասում է՝ հիմա թոռներն են ապրեցնում իրեն:
Արարատի մարզի Հնաբերդ գյուղի չգործող դպրոցի մի մասում Մարտակերտից, Ճարտարից 4 ընտանիք է ժամանակավորապես բնակվում՝ 34 հոգի: Գյուղի վարչական ղեկավար Մարատ Պողոսյանն ասում է՝ հիմնականում բազմազավակ ընտանիքներ են:
Չգործող դպրոցի շենքի մուտքի մոտ Մարատ Պողոսյանը հետեւում էր շինարարությանը: Շենքի մի մասը կարգի են բերում, նոր մահճակալներ են բերել, եւ շուտով այստեղ էլի մի քանի ընտանիքի ժամանակավոր տեղ կհատկացնեն: Միջանցքի ծայրին փոքր լոգախցիկ են պատրաստում:
Մոտ 720 բնակիչ ունեցող Հնաբերդում Արցախից բռնի տեղահանված շուրջ 90 հոգու են տեղավորել ժամանակավոր կացարաններում: Մեր այցելության պահին եւս մի ընտանիք էր եկել ու վարչական ղեկավարից գիշերելու տեղ էր խնդրում:
Երեխաներն անընդհատ անցուդարձ են անում ավազի թմբի կողքով, սկսում գոռալ, իրար կանչել ու քրքիջով լցնել բակը: Մեծերը հետեւում են նրանց խաղին ու լարվածությամբ արձագանքում:
Սուսաննա Բաբայանը սենյակում է: Ճարտարում ծնված եւ ապրած կինը չի հարմարվում նոր իրականությանը: Ինչ տեղահանվել է, գիշերները չի կարողանում քնել: Մտքով հասնում է տուն, մտնում խաղողի այգի, տանձենուն ու խնձորենուն նայում, կենդանիներին կերակրում: Այս ամռանը մուրաբաներ էր պատրաստել, բանջարեղենի պահածոներ: Ձմռանն էին պատրաստվում՝ առանց իմանալու, որ այս ձմեռն ամենացուրտն է լինելու իրենց համար, որքան էլ շիկացած վառարանի մոտ նստեն:
Սուսաննան կիսատ է թողնում թեյն ու նայում սենյակի հեռավոր կետերին: Սեպտեմբերի 19-ն է հիշում: Ասում է՝ անընդմեջ կրակում էին ինչով ասես: Երկու օր նկուղում են մնացել, որ խոնավ էր ու ապահով տեղ չէր: Երեք որդիները դիրքերում էին: Նրանք պայմանագրային զինծառայողներ էին:
Սեպտեմբերի 27-ին որդիների, հարսի, թոռների, մոր ու միայնակ մնացած հարեւանի հետ դուրս են եկել Ճարտարից: Երեք օր տեւեց ճանապարհը դեպի Հայաստան: Հոկտեմբերի 1-ին արդեն Հնաբերդում էին: Որդիներից մեկը ճանաչում էր գյուղի վարչական ղեկավարին, դրա համար էլ այս գյուղն են ընտրել: Հիմա չգործող դպրոցի շենքում ապրում են 10 հոգով, բայց դեռ չգիտեն՝ ինչքան ժամանակ կմնան:
Նախշունն ասում է՝ վարձով տուն են փնտրում, սակայն որտեղ զանգում են, գին հարցնում, անհավանական թվեր են ասում: Նախ հարցնում են՝ քանի՞ հոգով են մնալու, հետո երբ իմանում են, որ բազմանդամ է ընտանիքը, բարձրաձայն հաշվարկ են անում, թե «պետությունը ձեզ 100 հազար է տալու, դրանից որ ամեն մեկդ 50 հազարը ամսական վարձ տա, լավ ա»: Սուսաննայի հարսը նկատում է, որ նման բան ասողները չեն էլ մտածում, թե տուն-տեղ թողած մարդիկ ինչո՞վ են ապրելու, ի՞նչ են ուտելու, որ այդքան վարձ տան:
Սուսաննան հոգոց է հանում: Ասում է՝ «բա ամբողջ կյանքը տուն դնես, այգի մշակես ու մի օրում թողնես, դատարկ դուրս գա՞ս»: Նրանք միայն փաստաթղթերն ու մի ձեռք հագուստ են վերցրել իրենց հետ:
«Էս մեր տունն էր, թուրքերն էլ մի քիչ հեռու էին: Մենք որ դուրս եկանք, թուրքերը մտան: Ամսի 27-ն էր»,- նշում է ճարտարեցի կինը: Տանը հրաժեշտ տալիս կենդանիներին դուրս է թողել: Սուսաննան լռում է: Նախշունը նկատում է, թե խոսելը ծանր է, երբ հարցեր են տալիս, նորից վերապրում են առանց այդ էլ երբեք չմոռացվող ցավը:
Սուսաննան ավելացնում է, թե լավ է, որ մեր զրույցի ժամանակ մայրը տանը չէ, հակառակ դեպքում անընդհատ լացելու էր:
«Բաբո՛, բաբո՛»,- նորից կանչում է Կամոն: Սուսաննան շտապում է սենյակի դռան մոտ: Նախշունը ծածկոցով փաթաթում է Անրիին ու բակ տանում:
Տես նաեւ՝
Մեկնաբանել