HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հույս ունենք, որ մի օր էլի մեր անկյունը կունենանք». Մասիսի գրադարանում Արցախից տեղահանված 31 մարդ է ապրում

Ալինա Հարությունյանն ամուսնու հարազատների հետ իրենց մշակած եգիպտացորենն է հավաքել դաշտում, երբ երկինքը դղրդացել է, ու կրակոցի բարձր ձայներ են լսվել։ Սկզբում կարծել են, թե վարժանքներ են, հետո, երբ կրակոցները շարունակվել են, հասկացել են, որ պատերազմ է սկսվել։ Արագ գնացել են տուն, Ալինան սկսել է փաստաթղթերը հավաքել։ Այդ ժամանակ դեռ չեն պատկերացրել, որ ստիպված են լինելու թողել ամեն ինչ ու լքել հարազատ գյուղը։

Ալինայի ընտանիքն ապրում էր Մարտակերտի շրջանի Հարությունագոմեր գյուղում։

Շրջափակման ընթացքում խոզեր էին գնել, հավ էին պահում, հողագործությամբ էին զբաղվում՝  փորձելով հոգալ իրենց կարիքները։

Ալինայի ամուսինը՝ Ալիկը, պայմանագրային զինծառայող էր։ Սեպտեմբերի 19-ին Ալիկ Հարությունյանը դիրքերում էր։ Պատերազմից մի քանի օր առաջ զանգել ու կնոջն ասել էր, որ հերթափոխին չի գալու տուն, տագնապ են հայտարարել (համար 1), ու դեռ մի քանի օր էլ կմնա դիրքերում։

Ալինան կրակոցի ձայները լսելիս հիշել է ամուսնու զանգն ու հասկացել, որ կռիվ է սկսվել։

Շրջափակման պայմաններում պատերազմի լուրն ավելի սարսափելի էր թվում, հաջորդող մի քանի օրերին Ալիկից լուր չեն ունեցել, կարծել են, թե զոհվել է։ Հետո պարզվել է, որ շրջափակման մեջ են հայտնվել, սեպտեմբերի 24-ին փրկարարները շրջափակումից հանել են նրանց։

10 տոննա եգիպտացորենը հավաքել ու թողել են տանը։ Ոչինչ վերցնել չեն կարողացել։ Սեպտեմբերի 20-ի գիշերը դուրս են եկել գյուղից՝ մտածելով, որ կվերադառնան։ Սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտի օդանավակայանի մոտից շարժվել են դեպի Հայաստան։

Գորիսում գրանցվելու տեղ չի եղել, եկել են Վայք, գրանցվել ու ուղևորվել Մասիս։ Քանի որ Հայաստանում գնալու տեղ չեն ունեցել, Մասիսի համայնքապետարանը նրանց տեղավորել է քաղաքային գրադարանի նախկին շենքում, որը երկար տարիներ չէր շահագործվում։

Հիմա 6 հոգով ապրում են նախկին գրադարանի սենյակներից մեկում։ Բացի Ալինայի ընտանիքից, գրադարանում ապրում է ևս 25 հոգի։

«Լավ է՝ մի փոքր անկյուն ունենաս, ոչ ոքի չխանգարես, քան թե էսպես, ընկել ենք դռնեդուռ ու ոչ մի բան չունենք, հիմա հույսներս մենակ Աստծո վրա է, հույս ունենք, որ մի օր էլի մեր անկյունը կունենանք»,- ասում է Ալինան։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter