HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արեն Նազարյան

ՏՏ ընկերությունները պետբյուջեից դրամաշնորհ են ստացել և լուծարվել

Կառավարության 2022-ի դեկտեմբերի 1-ի որոշմամբ 10 մլրդ դրամ պետական աջակցություն տրամադրվեց տեղեկատվական տեխնոլգիաների (ՏՏ) ոլորտի ընկերություններին։ Մենք կարողացանք պարզել պետական աջակցություն ստացած ընկերությունների անունները: Հիշեցնենք, որ նախարարությունն այդ ցուցակը չտրամադրեց, և «Հետքը» («Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ն) դատական հայց ներկայացրեց նախարարության դեմ։ Որոշման նպատակն էր օգնել ՏՏ ոլորտի ընկերություններին հաղթահարել ֆինանսական խնդիրները, որոնք առաջացել էին դրամի արժևորման ֆոնին արժեզրկված դոլարի արդյունքում։ «Հետքը» գրել է աջակցության չափերի և ընկերությունների մասին։

Ունենալով այդ ընկերությունների մի մասի ցանկը՝ պարզել ենք, որ դրանցից 14-ը գործունեությունը ժամանակավոր դադարեցրել են, 4-ը լուծարման գործընթացում է։ Սրանցից շատերը, մինչ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության (ԲՏԱ) հետ դրամաշնորհի պայմանագիր կնքելը, արդեն դադարեցրած են եղել իրենց գործունեությունը։ Ստացվում է՝ ԲՏԱ նախարարությունը ֆինանսապես աջակցել է ընկերությունների, որոնք արդեն իսկ ժամանակավորապես դադարեցրած են եղել իրենց գործունեությունը։ 18 ընկերությունները միասին պետությունից, որպես դրամաշնորհ, ստացել են 190 մլն դրամ։ Ընկերություններից 8-ը պատկանում է օտարերկրյա քաղաքացիների կամ կազմակերպությունների։ 

Լուծարման գործընթացում գտնվող ընկերությունները

ԲՏԱ նախարարության հետ պետական աջակցության պայմանագիր կնքած ընկերություններից չորսն այժմ լուծարման գործընթացում են, դրանցից երեքը պատկանում է օտարերկրյա կազմակերպությունների։ Այսպիսով, պետությունը դրամաշնորհային ծրագրով փորձում էր աջակցել ՏՏ ոլորտի ընկերություններին, որ նրանք կարողանան հաղթահարել ֆինանսական խնդիրները, բայց այս ընկերությունները լուծարման են գնացել դրամաշնորհը ստանալուց կարճ ժամանակ անց: «Օպտիմ Արմենիա» ընկերությունը լուծարման գործընթաց է սկսել հենց պայմանագրի կնքման օրը՝ ստանալով 46 մլն դրամ: Չորս ընկերությունները («Օպտիմ Արմենիա» ՍՊԸ, «Մատերիալ էքսչենջ էյէմ» ՍՊԸ, «Կապիտալ հելթքեր» ՍՊԸ, «Հայլըրն» ՓԲԸ) միասին պետությունից, որպես դրամաշնորհ, ստացել են 103 մլն դրամ։

«Օպտիմ Արմենիա» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2015-ի հունիսի 15-ին։ 99.99% բաժնեմասերը պատկանում են ԱՄՆ-ում գրանցված «Իննովաթիվ սքեդյուլինգ» ընկերությանը, իսկ 0․01%-ը Տիգրան Գրիգորյանին, որը գործունեություն է ծավալում նաև Հնդկաստանում։ Այն առաջարկում է ծրագրային լուծումներ տրանսպորտի և բեռնափոխադրումների ոլորտների համար։

Ընկերության և ԲՏԱ նախարարության միջև պայմանագիրը կնքվել է 2023-ի հունիսի 28-ին, ընկերությունը ստացել է 46 մլն դրամ՝ որպես պետական աջակցություն։ Ըստ իրավաբանական անձանց գրանցման պետական ռեգիստրի տվյալների՝ ընկերությունը լուծարման գործընթաց է սկսել հունիսի 28-ին՝ ԲՏԱ-ի հետ պայմանագիր կնքելու օրը, որը հաստատվել է երկու օր անց՝ հունիսի 30-ին։ Ըստ Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին օրենքի 47-րդ հոդվածի 2-րդ կետի՝ համապատասխան փաստաթղթերը ներկայացնելուց և պետության հանդեպ պարտավորությունների բացակայությունը հաստատվելուց հետո, երկու աշխատանքային օրվա ընթացքում թույլտվություն է տրվում իրավաբանական անձին՝ լուծարման գործընթաց սկսելու համար։

Արտյոմ Բաղդասարյանը, մինչ «Օպտիմ Արմենիա» ընկերության լուծարման գործընթացը սկսելը, տնօրենն է եղել: Մեզ հետ զրույցում նա ասաց, որ ընկերությունը, մինչ դրամաշնորհային պայմանագիր կնքելը, ԲՏԱ նախարարությանը տեղեկացրել է, որ պատրաստվում է լուծարման գնալ: Չնայած այս հանգամանքին` ԲՏԱ  նախարարությունը 46 մլն դրամի դրամաշնորհային պայմանագիր է կնքել:

«Մատերիալ էքսչենջ էյէմ» ՍՊ ընկերության և ԲՏԱ նախարարության միջև պայմանագիրը կնքվել է 2023-ի հունիսի 26-ին, որի համաձայն՝ «Մատերիալ էքսչենջ էյէմ» ՍՊԸ-ին փոխանցվել է 21 մլն դրամ։ Պայմանագրի կնքման օրվանից մոտ 3 ամիս անց՝ սեպտեմբերի 29-ին, ընկերությունը լուծարման գործընթաց է սկսել։

Ընկերությունը հիմնադրվել է 2019-ի հոկտեմբերին,  դրա 100% բաժնեմասերը պատկանում են շվեդական «Մատերիալ էքսչենջ վենչուրս աբ» ընկերությանը։ Ընկերությունը մասնաճյուղեր ունի ևս հինգ երկրում՝ ԱՄՆ, Սերբիա, Հնդկաստան, Չինաստան, Մեծ Բրիտանիա։ Այն զբաղվում է ծրագրային ապահովման մշակմամբ։ 

«Կապիտալ հելթքեր» ՍՊԸ-ն ԲՏԱ-ի հետ պայմանագրի համաձայն, ստացել է 29 մլն դրամ։ Պայմանագիրը կնքվել է 2023-ի հունիսի 28-ին, լուծարման գործընթաց ընկերությունը  սկսել է հոկտեմբերի 19-ին։ Այն հիմնադրվել է 2020-ի մարտի 13-ին, պատկանում է համանուն օտարերկրյա կազմակերպությանը, որը գրանցված է ԱՄՆ-ում։

«Հայլըրն» ՓԲ ընկերությունը որպես դրամաշնորհ՝ նույն որոշման արդյունքում ստացել է 7 մլն դրամ։ Պայմանագիրը կնքվել է 2023-ի հունիսի 26-ին, իսկ լուծարման գործընթաց ընկերությունը սկսել է սեպտեմբերի 8-ին։

 

Table Chart
Infogram

Գործունեությունը ժամանակավորապես դադարեցրած ընկերությունները

Այս կարգավիճակն ունեցող ընկերությունները, որոնք օգտվել են պետական աջակցության ծրագրից, 14-ն են։ Դրանցից 7-ը ԲՏԱ նախարարության հետ դրամաշնորհային պայմանագիր կնքելու պահին գործունեությունը ժամանակավորապես դադարեցրած է եղել և մինչ օրս էլ այդ կարգավիճակն ունի, իսկ մյուս 7 ընկերությունները պայմանագիր կնքելուց հետո են ժամանակավորապես դադարեցրել իրենց գործունեությունը։

Ընկերություններից հինգը պատկանում է օտարերկրյա կազմակերպությունների կամ անձանց։ Այս 14 ընկերություններին փոխանցված գումարները միասին կազմում են 87 մլն դրամ։

«Դրիմ 315» ՍՊԸ-ն իր կարգավիճակը փոխել է 2023-ի ապրիլի 30-ին՝ ժամանակավորապես դադարեցնելով գործունեությունը, ԲՏԱ նախարարության հետ պայմանագիր կնքելուց գրեթե երկու ամիս առաջ։ Նախարարությունը այս ընկերության հետ պայմանագիր է կնքել 2023-ի հունիսի 26-ին և որպես դրամաշնորհ փոխանցել 47 մլն դրամ։ «Դրիմ 315» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2020-ի հունիսի 23-ին։

«Կարապետյաններ հոլդինգ» ՍՊ ընկերության գործունեությունը ժամանակավորապես դադարեցվել է 2022-ի հոկտեմբերի 16-ին, իսկ ԲՏԱ նախարարության հետ պայմանագիրը կնքվել է 2023-ի հունիսի 7-ին։ Ընկերությանը փոխանցվել է 350 հազար դրամ։

Այս ընկերությունների օրինակը ցույց է տալիս, որ ԲՏԱ նախարարությունը պայմանագիր է կնքել և ֆինանսապես աջակցել այնպիսի ընկերությունների, որոնց գործունեությունը ժամանակավորապես դադարեցված է եղել։ Մյուս ընկերությունների կարգավիճակի, պայմանագրի և ստացած աջակցության մանրամասները կարող եք տեսնել առաջին ինֆոգրաֆիկայում։

«Հետքը» ԲՏԱ նախարարությանը խնդրել է պարզաբանել, թե ինչու են դրամաշնորհային պայմանագրեր կնքել գործունեությունը ժամանակավոր դադարեցրած ընկերությունների հետ և արդյոք որոշման ընդունումից առաջ կանխատեսել էին ռիսկերը, որ հնարավոր է՝ որոշ ընկերություններ լուծարման գործընթաց սկսեն կամ դադարեցնեն գործունեությունը։ Նախարարության պարզաբանումը կհրապարակենք ստանալուն պես։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter