Փաշինյանի հասցեին բռնության կոչեր հնչեցնելու մեջ մեղադրվող Մուշեղ Շուշանյանը կմնա կալանքի տակ
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը 2 ամսով երկարացրեց փաստաբան Մուշեղ Շուշանյանի կալանքի ժամկետը։ Նիստը նախագահող դատավորն էր Արտուշ Գաբրիելյանը:
Հիշեցնենք, որ Շուշանյանը մեղադրվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին բռնության կոչեր հնչեցնելու մեջ: Նա կալանավորված է սեպտեմբերի 28-ից։ Շուշանյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը «Հետքին» հայտնեց, որ նիստի ընթացքում հանրային մեղադրող Վազգեն Ռուստամյանը միջնորդել է կալանքի ժամկետը երկարացնել 3 ամսով՝ պատճառաբանելով, թե Մուշեղ Շուշանյանը կկատարի նոր հանցանք կամ կխուսափի քննությունից։ Պաշտպանական կողմը առարկել է՝ ասելով, որ այդ հիմքերը չկան, և կալանքից բացի՝ ցանկացած այլ խափանման միջոց բավարար է Շուշանյանի պատշաճ վարքագիծը երաշխավորելու համար։
Դատավոր Արտուշ Գաբրիելյանը, տեղում քննարկելով միջնորդությունը, որոշել է, որ կալանավորման ժամկետը պետք է երկարացնի 2 ամիս ժամկետով՝ հրապարակելով որոշման եզրափակիչ մասը։ Պաշտպանական կողմը դեռևս չի ստացել դատարանի որոշումը և ծանոթ չէ որոշման հիմնավորմանը։
«Եթե Արտուշ Գաբրիելյանը երկնքից աստղեր էլ իջեցնի, չի կարողանա հիմնավորել և պատճառաբանել այն որոշումը, որ պիտի գրի։ Նա ինչ-որ բան պետք է հորինի Շուշանյանի կալանքի երկարացման մասին որոշումը գրելիս։ Հետևաբար, որոշումը բողոքարկելու ենք։ Նույնիսկ ես կարող եմ առանց որոշումը ստանալու բողոք գրել, որովհետև ինքը չի կարող իրավաբանական հիմնավորումներ գրել»,- ասաց Պապիկյանը։
Պաշտպանը համոզված է, որ Շուշանյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում, և վերջինիս կալանքի տակ են պահում քաղաքական նկատառումներից ելնելով։ «Ես հաստատապես կարող եմ ասել, որ Շուշանյանի կալանքի երկարացման որոշումը չի կայացվել դատավոր Արտուշ Գաբրիելյանի կողմից․ դա այլ կետից ասվել է, և ինքը կատարեց»,- ասաց Պապիկյանը՝ մանրամասնելով, որ այդ հրահանգը կարող էր գալ կամ վարչապետից կամ նրա շրջապատից որևէ մեկի կողմից։
«Շուշանյանը իրավաչափորեն բազմաթիվ անգամ գրել է, որ Փաշինյանը հայրենավաճառ է, և ես էլ եմ այդ կարծիքին։ Եվ այդ շրջանակներին, բնականաբար, դուր չեն եկել, որ Շուշանյանը նման մտքեր է արտահայտում։ Առիթը օգտագործեցին ֆեյսբուքյան գրառումը և քրեական հետապնդում սկսեցին»,- ասաց Արայիկ Պապիկյանը։
Պաշտպանը հայտնում է, որ վարույթն իրականացնող մարմինը քրեական վարույթը սկսել է մայիսի 16-ին՝ այդ մասին չզգուշացնելով Շուշանյանին։ Այնուհետև սեպտեմբերի 22-ին Շուշանյանի կողմից արված նոր գրառումն են տեսնում, սեպտեմբերի 27-ին մեղադրանքի արձանագրությունն են ներկայացնում։ «Կարո՞ղ էին չէ մայիսի 16-ին ասել, որ հանցագործություն կատարելու մեջ կասկածվում կամ մեղադրվում ես, երկրորդ անգամ չէր կրկնի։ Բայց իրենք երկրորդ դրվագն էլ վերցրին ու հիմա ասում են՝ նույն արարքը մոտը կրկնվել է, որ ծանր վիճակով դատարան տանեն»,- ասում է պաշտպանը։
Գործով հաջորդ նիստը նշանակվել է հունվարի 9-ին, քանի որ դատավոր Արտուշ Գաբրիելյանը հայտնել է, որ արձակուրդում է գտնվելու։ Արայիկ Պապիկյանը արդար դատաքննության ակնկալիք չունի։ «Որևէ բանական մարդ կարո՞ղ է դա հասկանալ․ ի՞նչ է նշանակում կալանավորել, գնալ արձակուրդ, մոտ 2 ամիս հետո նոր նիստ նշանակել։ Պարզ է, չէ՞, որ պատվեր կա մարդուն կալանքի տակ պահելու»,- նշեց Պապիկյանը։
Նշենք, որ բռնության կոչեր են որակվել Շուշանյանի հետևյալ գրառումները. «Հայոց զարթոնքը կարող է սկսվել մի պայմանով միայն, եթե կիկոլը ու ողջ հայրենավաճառների խմբակը ինքնաբուխ տարերային կերպով մահապատժվեն»:
Մեկ այլ գրառման մեջ էլ Շուշանյանը գրել է. «կիկոլին, դրա կուտոկից ցանկացածին որտեղ բռնեք, սատկացրեք, հնարավորինս դաժան, բայց նաև արդյունավետ, սաղ չմնան. աած, ոստիկանություն, սպասում եմ, եկեք, տարեք»:
Բացի այդ, ինչպես Քննչական կոմիտեն հայտնել է, 2023թ. մայիսի 9-ին «Ազգային ժողովրդավարական բևեռ» յութուբյան էջում զետեղվել է ««Նիկոլի ֆիզիկական ոչնչացումը միանգամայն արդարացված է». Մուշեղ Շուշանյան» վերտառությամբ տեսանյութ, որի ընթացքում Շուշանյանը ՀՀ վարչապետի հասցեին, քաղաքական հայացքներով պայմանավորված, հնչեցրել է բռնություն գործադրելու հրապարակային կոչեր, արդարացրել նմանօրինակ գործողությունները: Սակայն Շուշանյանը պնդում է, որ հնչեցված մտքերը կամ արտահայտությունները պայմանավորված չեն եղել վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքական կամ այլ հայացքներով։
Պաշտպան Արայիկ Պապիկյանը Շուշանյանի ձերբակալությունը և կալանքը անհիմն էր որակել: «Այս ամենը ոչ միայն անհիմն է, այլև՝ անհեթեթ։ Նախ` Շուշանյանը երբեք չի թաքնվել կամ խուսափել․ զորօրինակ՝ մայիսի 8-ի կամ սեպտեմբերի 22-ի հրապարակումներից հետո նա որևէ տեղ չի թաքնվել, և նրա փախուստը կանխելու կամ դատարանին ներկայացնելու պատճառով ձերբակալելը պարզապես պատժելու նպատակով է կատարվել։ Մինչև սեպտեմբերի 28-ը նրան ոչ ոք չի էլ ծանուցել ներկայանալու, որից ինքը խուսափեր։
Մուշեղ Շուշանյանի կալանքը արտոնած դատավորը որոշման մեջ նշել է, որ նա, մնալով ազատության մեջ, կկատարի նոր հանցանք, և սա այն դեպքում, երբ Շուշանյանի վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած որևէ դատական ակտ չկա։ Դատավոր Մասիս Մելքոնյանը մոռացել է, որ ՀՀ-ում դեռևս գործում է անմեղության կանխավարկածը»,- «Հետքին» հայտնել էր փաստաբան Արայիկ Պապիկյանը:
Մուշեղ Շուշանյանը նախկինում ևս մեղադրվում էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված հրապարակային եղանակով ծանր վիրավորանք եւ բռնության կոչեր հնչեցնելու մեջ:
«Ծանր վիրավորանքի» մասին հոդվածն ապաքրեականացվելուց հետո այդ մասով գործը կարճվել էր, իսկ մյուս մասով քրեական հետապնդումը դադարեցվել էր Շուշանյանի նկատմամբ` վաղեմության ժամկետն անցնելու հիմքով: Պաշտպանական կողմը դիմել էր Վերաքննիչ դատարան` պահանջելով բեկանել առաջին ատյանի դատարանի դատավճիռը և կայացնել արդարացման վերաբերյալ դատական ակտ: Վերաքննիչի գործով բողոքի քննությունը ևս նշանակված էր նոյեմբերի 24-ին, սակայն հետաձգվել է։ Այն տեղի կունենա դեկտեմբերի 10-ին։
Գլխավոր լուսանկարում՝ Մուշեղ Շուշանյանը և Արայիկ Պապիկյանը
Կարդացե՛ք նաև՝
- «Հնչեցված մտքերը պայմանավորված չեն եղել Նիկոլ Փաշինյանի քաղաքական կամ այլ հայացքներով». Մուշեղ Շուշանյանի պաշտպան
- Փաշինյանի հասցեին բռնության կոչեր հնչեցնելու մեջ մեղադրվող Մուշեղ Շուշանյանը չի ստացել գործի բոլոր նյութերը
Մեկնաբանել