HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լուսինե Հակոբյան

Պաշտպանի պնդմամբ՝ Հրանտ Բագրատյանը նկատի չի ունեցել Փաշինյանին ֆիզիկական բռնության ենթարկելը

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում այսօր՝ նոյեմբերի 28-ին, տեղի ունեցավ Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի գործով դատական նիստը։ Նախագահող դատավորն էր Մանվել Շահվերդյանը։ Հրանտ Բագրատյանը մեղադրվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին բռնության կոչեր հնչեցնելու մեջ։

Բագրատյանի պաշտպան Հովհաննես Քոչարյանը «Հետքին» հայտնեց, որ դատական նիստի ընթացքում մեղադրանքի կողմը հանդես է եկել բացման խոսքով, պաշտպանական կողմն էլ մեղադրանքի վերաբերյալ իր դիրքորոշումն է հայտնել։ Հետո հանրային մեղադրողը հրապարակել է մի շարք ապացույցներ, որոնք դատարանը հետազոտել է, իսկ պաշտպանական կողմը հայտարարություններ է արել դրանց վերաբերյալ։ 

Ապացույցները ներառել են այն տեսանյութերի զննության արձանագրությունները, որոնց համաձայն՝ Բագրատյանը հնչեցրել է բռնության կոչեր։

Հովհաննես Քոչարյանը, ներկայացնելով մեղադրանքի վերաբերյալ իրենց դիրքորոշումը, հայտնեց, որ առկա է սահմանադրական իրավունքի սահմանափակում։ Խոսքը Հրանտ Բագրատյանի կարծիքի ազատ արտահայտման և հավաքներին ազատորեն մասնակցելու իրավունքների սահմանափակումների մասին է։

«Երկու իրավունքներին էլ պետությունը միջամտել է, այդ միջամտությունը իրավաչափ չէ, որովհետև մեղադրական եզրակացությունը չի բավարարում ՄԻԵԴ-ի այն ստանդարտներին, համաձայն որոնց, պետք է ստուգվի միջամտության օրինականությունը»,- ասաց Քոչարյանը։

Փաստաբանի խոսքով՝ պետք է պարզ լինի այդ իրավունքների սահմանափակման անհրաժեշտությունը ժողովրդավարական հասարակությունում, և այդ անհրաժեշտությունը պարզելու համար պետք է տեսնել՝ այդ կոչերի ներքո հասարակական կարգը խախտելու իրական վտանգ առաջացե՞լ է, թե՞ ոչ։ «Մեղադրանքի կողմն ասում է՝ առաջացել է, պաշտպանության կողմն էլ ասում է՝ որտեղի՞ց այդ ապացույցները ձեզ»,- նշեց փաստաբանը։

Պաշտպանական կողմը պնդում է, որ «վերացնել», «վերջացնել» բառերը օգտագործելով՝ Հրանտ Բագրատյանը նկատի չի ունեցել ֆիզիկական բռնության ենթարկելը, այլ՝ ժողովրդական ընդվզման ճանապարհով իշխանափոխություն իրականացնելը։

Հովհաննես Քոչարյանը դատարանին է տրամադրել նաև դատալինգվիստիկական ոլորտի փորձագետի կարծիքը՝ Բագրատյանին վերագրվող բառերի՝ հայերենում ունեցող նշանակության վերաբերյալ, ինչը ևս ապացուցում է պաշտպանական կողմի պնդումն այդ բառերի նշանակության մասին։

«Պետք է տեսանյութը դիտել ամբողջությամբ և ոչ թե Հրանտ Բագրատյանի բառերը կտրել կոնտեքստից և հավաքի թեմայից ու եզրահանգումներ անել»,- ասաց պաշտպանը։

Գործով հաջորդ նիստը նշանակվել է 2024թ․ հունվարի 22-ին։

Նշենք, որ ըստ մեղադրանքի՝ Բագրատյանը 2023 թվականի ապրիլի 4-ին՝ ժամը 16:30-ից 18:00-ն, Ազգային ժողովի մուտքի դարպասների մոտ «Միասին հասարակական շարժում» կազմակերպության հավաքի ժամանակ բարձրացել է որպես ելույթի հարթակ ծառայող ավտոքարշակի թափքի վրա և բարձրախոսով՝ հրապարակային եղանակով, որը լուսաբանվել է տարբեր լրատվամիջոցներով և ինտերնետային կայքերով, հետևաբար հասու է դարձել հասարակության լայն շրջանակի, քաղաքական հայացքներով պայմանավորված, այն է՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարած արտաքին և ներքին քաղաքականության արդյունքում Հայաստանի Հանրապետությունում ստեղծված անվտանգային և տնտեսական վիճակի մեջ մեղադրելով վերջինիս, դիտավորությամբ հնչեցրել է բռնություն գործադրելու կոչեր։ Մասնավորապես, խոսելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասին, ասել է. «Արա, ինչի՞ եք մեռնում, վերացրեք էդ մարդուն, վերջացրեք արա, վերացրեք էդ իշխանությունը ձեր ուժով, ձեր թափով»։

Քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի առաջին մասը, որում մեղադրվում է Բագրատյանը, սահմանում է պատիժ տուգանքի տեսքով` առավելագույնը տասնապատիկի չափով, կամ հանրային աշխատանք՝ առավելագույնը հարյուր ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակում՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկում՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով, կամ ազատազրկում՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով:

Գլխավոր լուսանկարում՝ Հրանտ Բագրատյանը և փաստաբան Հովհաննես Քոչարյանը, «Հետք»

Կարդացեք նաև՝

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter