HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լուսինե Հակոբյան

Պաշտպանը պնդում է՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակը բավարար չէ, իսկ դատախազը նիստերի ձգձգումն անհարկի է համարում 

Այսօր տեղի ունեցավ Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի և նրա եղբորորդու՝ Կարեն Խաչատրյանի գործով հերթական դատական նիստը։ Նախագահող դատավորն էր Արթուր Մկրտչյանը։

Դատական նիստին Գագիկ Խաչատրյանը ներկայացավ անվասայլակով, բուժաշխատողների ուղեկցությամբ։ Նա կրում էր դիմակ և դատական նիստի ողջ ընթացքում աչքերը փակ էին։ Երկու անգամ նիստը ընդհատվեց նրա առողջական վիճակի վատանալու պատճառով։ Բուժաշխատողները համապատասխան օգնություն էին ցուցաբերում նրան․ ներարկումներ անում, զարկերակային ճնշումը չափում։

Նիստի մեկնարկին դատարանը գործով վերջին վկա Սեդրակ Առուստամյանին կանչեց ամբիոնի մոտ՝ հարցաքննության։ Սակայն Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը հարցրեց՝ արդյոք դատարանը չի՞ պատրաստվում քննարկել ելքի թույլտվության վերաբերյալ հետաձգված միջնորդությունները։ Դատարանը հայտնեց՝ քանի որ պաշտոնական պատասխան դեռ չեն ստացել Առողջապահության նախարարությունից, չեն կարող քննարկել այդ հարցը։

Երեմ Սարգսյանն էլ ասաց՝ այդ պարագայում անհապաղ քննության միջնորդություն ունի ներկայացնելու։ Դատարանը նշեց, որ Սարգսյանի միջնորդությունը կքննարկեն Սեդրակ Առուստամյանի հարցաքննությունից հետո, քանի որ բազմաթիվ դատական նիստերով հետաձգվել է վերջինիս հարցաքննությունը։ Սակայն Երեմ Սարգսյանը պնդեց, որ իր միջնորդությունն անհապաղ քննարկման ենթակա է։ Դատարանում ստեղծվեց լարված իրավիճակ։ Հանրային մեղադրող Գևորգ Սարգսյանը առարկեց պաշտպանի գործողությունների դեմ։ «Նա դատարանի նկատմամբ դրսևորում է անհարգալից վերաբերմունք՝ թույլ չտալով բնականոն կերպով շարունակել դատական նիստը»,- ասաց հանրային մեղադրողը՝ հավելելով, որ եզակի հնարավորություն է ընձեռնվել, երբ դատավարության բոլոր մասնակիցները ներկա են։

Դատարանը հայտնեց, որ Երեմ Սարգսյանի միջնորդությունը կքննարկեն այս դատական նիստին, սակայն Առուստամյանին հարցաքննելուց հետո։ Երեմ Սարգսյանն էլ ինքնաբացարկի միջնորդություն հայտնեց դատարանին։ Հանրային մեղադրողը առարկեց՝ նշելով, որ պաշտպանության կողմը փորձում է ամեն կերպ խոչընդոտել, որ Սեդրակ Առուստամյանը չհարցաքննվի։ 

Երեմ Սարգսյանը պնդեց իր դիրքորոշումը, իսկ դատախազը համոզմունք հայտնեց, որ պաշտպանական կողմը ուզում է ձախողել դատական նիստը, և նշեց, որ նման վարքագծի շարունակական լինելու պարագայում կմիջնորդի դատական սանկցիա կիրառել։ 

Ի վերջո, Սեդրակ Առուստամյանը հեռացավ ամբիոնից, և Երեմ Սարգսյանը ներկայացրեց միջնորդություն հանրային մեղադրողի նկատմամբ բացարկի վերաբերյալ։ Միջնորդությունը ներկայացնելիս Երեմ Սարգսյանն ասաց, որ հանրային մեղադրող Գևորգ Սարգսյանը բացասական և կանխակալ վերաբերմունք ունի Գագիկ Խաչատրյանի նկատմամբ։ Երեմ Սարգսյանի խոսքով՝ եթե մեղադրող կողմը չի ընդունում, որ Գագիկ Խաչատրյանը վատառողջ է, և ձևական է որակում այս ամենը, ուրեմն մեղադրող կողմը կասկածի տակ է դնում նաև Հայաստանի պետական կառույցների կողմից տրված փաստաթղթերը, եզրակացությունները։ «Մեղադրողի նման վարքագծի պատճառով, և մեր ունեցած տեղեկություններով՝ բժիշկներին վախեցնելու պատճառով Գագիկ Խաչատրյանը խնդիրներ ունի նաև Հայաստանում բուժում ստանալու հետ։ Բժիշկները խուսափում են, նրան ասում են՝ ուրիշին դիմիր»,- ասաց պաշտպանը։

Հանրային մեղադրող Գևորգ Սարգյանն ասաց, որ պաշտպան Երեմ Սարգսյանի միջնորդության մեջ օրենքով նախատեսված բացարկի հիմքերից որևէ մեկը չմատնանշվեց։ Իսկ ինչ վերաբերում էր Երեմ Սարգսյանի նշած՝ բժիշկներին «վախեցնելու» փաստին, հանրային մեղադրողն ասաց, որ դա ոչ կոռեկտ հայտարարություն է, ինչի մասին լսում է առաջին անգամ։ 

Գևորգ Սարգսյանի կարծիքով՝ այս միջնորդությունը բացարձակ կապ չուներ գործի ընթացքի հետ, և պաշտպանական կողմի հիմնական նպատակն է ամեն գնով թույլ չտալ, որ դատական նիստը բնականոն հունի մեջ մտնի։ Դատախազի խոսքով՝ արդեն նույնիսկ կանխատեսելի է, թե հաջորդ դատական նիստին ինչ իրադարձություններ կլինեն։

Խոսեց նաև Գագիկ Խաչատրյանը՝ նշելով, որ ի սկզբանե հնարավորություն ուներ չներկայանալու, քանի որ նոր էր վիրահատվել, սակայն ներկայացել է՝ հավատալով, որ կա արդարադատություն։ Խաչատրյանն ասաց, որ բազմիցս նիստերին ներկայացել է 38, 39 աստիճան ջերմությամբ, որ հնարավորություն ունենա հարցադրումներ անելու, պարզաբանումներ ներկայացնելու։ Նա հարցնում է, թե ինչու են իրեն 10-ից ավելի ճառագայթային հետազոտությունների ուղարկում, եթե այդ փորձաքննությունների արդյունքները ոչ մի արժեք չպետք է ունենան։ «Ես մեծ ջանքեր եմ կիրառում, որ գամ, մասնակցեմ նիստերին մեկ պատճառով․ քանի որ ինձ համար անընդունելի է, որ խուսափեմ»,- ասաց Խաչատրյանը։ 

Խոսելով իր առողջական խնդիրներից՝ նա հարց ուղղեց, թե մինչև իր հաշմանդամ դառնալը կամ ավելի վատ հետևանքների ի հայտ գալը ամեն ինչ կասկածելի՞ է մեղադրող կողմի համար։ «Ինչի՞ եք սպասում, ես չեմ հասկանում։ Ես համբերատար սպասում եմ, ոչ մի առարկություն չեմ անում, ինչ խաղի կանոններ հաստատում եք, այդ կանոններով խաղում եմ»,- ասաց Խաչատրյանը։ Նա վիրավորական համարեց մեղադրող կողմի կարծիքը, թե ձևականություն է այս ամենը։ Խաչատրյանը չկարողացավ շարունակել խոսքը, քանի որ ինքնազգացողությունը վատացավ։ Դատական նիստը ընդմիջվեց։ 

Ի վերջո, դատարանը որոշեց մերժել Երեմ Սարգսյանի միջնորդությունը՝ հանրային մեղադրողի նկատմամբ բացարկի վերաբերյալ։ 

Դատարանը պատրաստվում էր շարունակել նիստը, և Երեմ Սարգսյանը պետք է ներկայացներ դատավորին ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ միջնորդությունը, սակայն նա հայտնեց, որ Գագիկ Խաչատրյանն ունի սանհանգույցից օգտվելու կարիք, իսկ դատարանի պետքարանները անհամատեղելի են վերջինիս առողջական խնդիրներին, բացի այդ՝ պաշտպանը հայտնեց, որ առողջական վիճակն այլևս թույլ չի տալիս, որ Խաչատրյանը ներկա լինի դահլիճում։ 

Հանրային մեղադրող Գևորգ Սարգսյանն ասաց, որ կրկին տեղի է ունենում իրավունքի չարաշահում, և դատական նիստը անհարկի ձգձգելու հերթական փորձն է տեղի ունենում։ Դատարանը որոշեց նիստը հետաձգել։ 

Գագիկ Խաչատրյանին դատարանից տարան շտապօգնության մեքենայով, որով և բերել էին։ Նրա պաշտպան Երեմ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում ասաց՝ մի քանի տարի է՝ միջնորդում են, որ Խաչատրյանը վիրահատության կարիք ունի, թույլ տան, որ գնա։ «Իրենք ամեն անգամ ասում են՝ սպասեք, մի հատ փորձաքննություն նշանակենք, մի հատ կոնսիլյում անենք։ Երեք կոնսիլյում կա Առողջապահության նախարարի կողմից կատարված հենց իրենց նախաձեռնությամբ, որտեղ տրված է, որ վիրահատության կարիք ունի, Հայաստանում հնարավոր չէ։ Փորձաքննություն կա՝ դատարանում մեղադրողի միջնորդությամբ նշանակված և պատասխանը ստացված, որ կա վիրահատության կարիք, Հայաստանում հնարավոր չէ, ցավեր ունի, նիստերին երկար չի կարող մասնակցել և այլն։ Կա նաև վերջին գրությունը, որ Առողջապահության նախարարին դիմել էին, նորից պատասխանը եկել է, որ ունի վիրահատության կարիք ու պարտադիր պետք է կատարվի»,- ասաց Սարգսյանը։ 

Ըստ պաշտպանի՝ դատարանը պարտավոր է թույլ տալ, որ Խաչատրյանն արտերկրում բուժում ստանա, և Հայաստանում Գագիկ Խաչատրյանի հիմնական բուժումը հնարավոր չէ։

Երեմ Սարգսյանի համոզմամբ՝ այս իրավիճակի լուծման միակ ճանապարհը այն է, որ թույլ տան Խաչատրյանը մեկնի վիրահատվի և հետ գա։

Նշենք, որ նախորդ դատական նիստին Գագիկ Խաչատրյանին կալանավորելու վերաբերյալ դատախազը միջնորդություն էր ներկայացրել, ինչը մերժել էր դատարանը

Գագիկ Խաչատրյանն, ըստ մեղադրանքի, իր ազգականներին նյութական օգուտ տալու անձնական շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, իրենից ծառայողական կախվածության մեջ գտնվող տեղակալի՝ Տիգրան Տարիելի Բարսեղյանի, ինչպես նաև պաշտոնատար և այլ անձանց մասնակցությամբ, ապահովել է Հայաստանի  պետական բյուջեի հանդեպ 79 մլրդ 373 մլն դրամ պարտավորությունների դիմաց «Հայգազարդ» ՓԲ ընկերության կողմից ՀՀ պետական եկամուտների կոմիտեում 2011թ. ապրիլի 18-ի պայմանագրով գրավադրված «Հիդրոապարատ» ԲԲ ընկերության 132.615 հատ բաժնետոմսերի շուկայականից էապես ցածր գնով՝ 34 մլն դրամով իրացումը քրոջ և եղբոր որդիների՝ Ռուբիկ Գասպարյանի և Արամ Խաչատրյանի մասնակցությամբ հիմնադրված «Մոնդո Դի Մոբիլի» ՍՊ ընկերությանը։

Իսկ ներդրում կատարելու վերաբերյալ մրցույթի անցկացման պարտադիր պայմանը նշված ընկերության հետ կնքված 2012թ. հուլիսի 2-ի բաժնետոմսերի առուվաճառքի պայմանագրում չներառելու հետևանքով ապահովել է «Մոնդո Դի Մոբիլի» ՍՊ ընկերության ազատումը 5 մլն եվրոյին համարժեք 2 մլրդ 624 մլն դրամ ներդրում կատարելու պարտավորությունից:

Գագիկ Խաչատրյանի եղբորորդուն` Կարեն Խաչատրյանին, նույն գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, մշտապես իրականացնելով իշխանության ներկայացուցչի գործառույթներ և լինելով պաշտոնատար անձ, անձնական և խմբային շահերից ելնելով և նախնական համաձայնության գալով իր ազգական Գագիկ Խաչատրյանի հետ, հաստատապես տեղեկացված լինելով իր ղեկավարած ստորաբաժանման օպերատիվ աշխատակիցների՝ մաքսային տեսուչներ Տիգրան Գնունու Մամիկոնյանի, Կարեն Ռաֆայելի Հակոբյանի, Արմեն Աշխարհաբեկի Մկրտչյանի, Վարդան Լորիկի Արշակյանի, Կարեն Վաչիկի Խաչատրյանի և Մկրտիչ Ռոբերտի Վարդանյանի աշխատանքի չհաճախելու, օրենսդրությամբ իրենց վերապահված պարտականությունները չկատարելու և փոխարենը ՀՀ քաղաքացի Արմեն Ավետիսյանի անվտանգության ապահովմամբ, զբաղվելու վերաբերյալ, 2008- 2016թթ. ծառայության շահերին հակառակ պաշտոնեական պարտականությունները դիտավորությամբ չկատարելով, չի ապահովել կարգապահական խախտումների արձանագրումը և համապատասխան պատասխանատվության միջոցների կիրառումը։

Ավելին, նույն ժամանակահատվածում մաքսային տեսուչներ Տիգրան Գնունու Մամիկոնյանի, Կարեն Ռաֆայելի Հակոբյանի, Արմեն Աշխարհաբեկի Մկրտչյանի, Վարդան Լորիկի Արշակյանի, Կարեն Վաչիկի Խաչատրյանի և Մկրտիչ Ռոբերտի Վարդանյանի աշխատանքի չհաճախելու, աշխատանքային պարտականությունները չկատարելու հանգամանքը թաքցնելու անձնական և խմբային շահերից ելնելով, ինչպես նաև չաշխատած օրերի դիմաց աշխատավարձի գումարների դուրսգրման կեղծ հիմքեր ստեղծելու շահադիտական դրդումներից ելնելով, մեկ միասնական դիտավորությամբ, անձամբ ստորագրել է ՀՀ ՊԵԿ իրականացված կառուցվածքային փոփոխություններով պայմանավորված նշված անձանց պաշտոնի նշանակելու, արձակուրդ տրամադրելու և հատուկ կոչումներ շնորհելու վերաբերյալ առաջարկներ և դիմումներ, հաստատել և վճարման է ներկայացրել ՀՀ կառավարության 2005թ. օգոստոսի 25-ի N 1471-Ն որոշմամբ սահմանված իրավաբանական նշանակություն ունեցող փաստեր հավաստող և իրավահարաբերությունների վրա ազդող պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող բովանդակությամբ կեղծ՝ աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրերում նրանց հաճախումների վերաբերյալ տեղեկագրեր, որի արդյունքում իր ղեկավարած ստորաբաժնում հրամանագրված հիշյալ անձանց համար հաշվարկվել, պետական բյուջեից դուրս գրվել և պետական միջոցների հաշվին անհիմն վճարվել է աշխատավարձի գումարներ:

Խաչատրյաններն իրեն առաջադրված մեղադրանքը չեն ընդունում:

Գագիկ Խաչատրյանը մեկ տարուց ավելի գտնվել է կալանքի տակ, 2020 թվականի հոկտեմբերի 29-ին ազատ է արձակվել 120 մլն դրամ գրավի դիմաց:

Կարդացե´ք նաև`

Գլխավոր լուսանկարում՝ Գագիկ Խաչատրյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter