HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Բաքվի վերաքննիչ դատարանը մերժել է Վագիֆ Խաչատրյանի բողոքը

Բաքվի վերաքննիչ դատարանը քննել է Վագիֆ Խաչատրյանի դատավճռի վերաբերյալ վերաքննիչ բողոքը: Նա շինծու գործի շրջանակներում այդ երկրում դատապարտվել էր 15 տարվա ազատազրկման։ Ադրբեջանական կողմի «մեղադրանքում» նշվում էր, թե, իբր, «Վագիֆ Խաչատրյանն ու հանցավոր խումբը, որին անդամակցել է վերջինս, 1991 թվականի դեկտեմբերին Խոջալուի շրջանի Մեշալի գյուղում սպանել են 25 ադրբեջանցու, վիրավորել 14-ին և իրենց մշտական բնակության վայրից տեղահանել 358 մարդու»։

Վերաքննիչ դատարանում Վագիֆ Խաչատրյանի շահերը ներկայացրել է Բաքվի կողմից նրան փաստաբան նշանակված Ռադմիլա Աբիլովան։ Վերջինս դատարանին «խնդրել է արդարացնել իր պաշտպանյալին»։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Վագիֆ Խաչատրյանը համաձայնել է իր փաստաբանի ելույթի հետ և դատարանին խնդրել արդարացման դատավճիռ կայացնել։

«Ես անմեղ մարդ եմ, ապրում եմ բժիշկների հսկողության տակ։ Ինձ վիրահատություն է պետք, դրա համար պայմաններ ստեղծեք։ Ազատ արձակեք ինձ: Խնդրում եմ ինձ արդարացնել»,- Խաչատրյանի խոսքերը մեջբերում է APA գործակալությունը։

Ինչպես և ակնկալվում էր, դատախազի ելույթից հետո դատարանը, վերադառնալով խորհրդակցությունից, մերժել է վերաքննիչ բողոքը։

Հիշեցնենք, որ Վագիֆ Չերքեզի Խաչատրյանն այս տարվա հուլիսին ձերբակալվել էր Լաչինի միջանցքի սկզբնամասում տեղակայված ադրբեջանական անցակետում, երբ Կարմիր խաչի ուղեկցությամբ փորձում էր Արցախից անցնել ՀՀ տարածք։

Շինծու այս գործով դատաքննությունը մեկնարկել էր 2023 թվականի հոկտեմբերի 13-ին։ Ադրբեջանական կողմը պնդում էր, որ Խաչատրյանին հատկացվել է փաստաբան և թարգմանիչ։

Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը հերքել էր Խաչատրյանին առաջադրված մեղադրանքները։ «Ադրբեջանի մեղադրանքները կեղծ են, քանի որ նման հանցագործություն Մեշալի գյուղում տեղի չի ունեցել»,- X-ի իր միկրոբլոգում գրել էր Բեգլարյանը՝ հավելելով, որ բոլոր տղամարդկանց նման նա նույնպես պաշտպանել է իր հայրենիքը 1991-1994 թվականների պատերազմում։

2023 թվականի նոյեմբերի 7-ին Բաքվի զինվորական դատարանը 15 տարվա ազատազրկման էր դատապարտել Խաչատրյանին։ Ընդ որում՝ 15 տարվա ազատազրկման 5 տարին Խաչատրյանը կանցկացնի բանտում, իսկ մնացած ժամկետը՝ խիստ ռեժիմով ուղղիչ գաղութում։

Լուսանկարը՝ APA գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter