
Արմեն Չարչյանը դատապարտվեց 3 տարի 7 ամիս ժամկետով պայմանական ազատազրկման
«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Արմեն Չարչյանը դատապարտվեց 4 տարվա ազատազրկման։
Դատարանը, հաշվի առնելով կալանքի տակ գտնվելու ժամանակահատվածը, նրա նկատմամբ վերջնական պատիժ սահմանեց 3 տարի 7 ամիս ժամկետով ազատազրկումը։ Դատարանը միաժամանակ որոշեց Չարչյանի նկատմամբ նշանակված ազատազրկման ձևով պատիժը պայմանական չկիրառել՝ սահմանելով փորձաշրջան 3 տարի ժամկետով։
Հիշեցնենք, որ Չարչյանը հունիսի 18-ին ձերբակալվել էր համացանցում հայտնված մի ձայնագրությունից հետո, որում զրուցում է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի աշխատակիցների հետ, հորդորում, խնդրում, պահանջում մասնակցել ընտրություններին։ Աշխատակիցների հետ զրուցող անձը, ով, ըստ ՀՔԾ-ի, Չարչյանն է, բժշկական կենտրոնի աշխատակիցներին հայտնում է, որ ինքը հնարավորություն է ունենալու ճշտելու, թե ով է մասնակցել ընտրություններին և ով՝ ոչ։ Չարչյանը աշխատակիցներին ասում է, որ նրանց նկատմամբ, ովքեր չեն մասնակցի ընտրություններին, տնօրենությունը ոչ թե համարժեք, այլ ավելին՝ անհամարժեք վերաբերմունքի է արժանացնելու։
Այս դեպքի առթիվ 2021 թվականի հունիսի 18-ին Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել էր քրեական գործ և Չարչյանը ձերբակալվել էր՝ Քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով արարք կատարելու կասկածանքով։ Դատարանը, նախագահությամբ դատավոր Մանվել Շահվերդյանի, քննելով Չարչյանի ձերբակալման դեմ նրա պաշտպանների բողոքը՝ այն բավարարել էր, և Չարչյանը հունիսի 20-ին ազատ էր արձակվել։
Նկատի ունենալով, որ Արմեն Չարչյանը պատգամավորության թեկնածու է, Դատախազությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողով էր ներկայացրել նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու միջնորդություններ։ ԿԸՀ-ն դրանք բավարարել էր, որից հետո Չարչյանին մեղադրանք էր առաջադրվել և նրան կալանավորելու միջնորդություն ներկայացվել դատարան։ Չարչյանը կալանավորվել էր, ապա 15 մլն գրավի դիմաց ազատ արձակվել։ Օգոստոսի 23-ին Չարչյանը կրկին կալանավորվել էր։ Դեկտեմբերի 10-ին դատարանը հրատապ նիստի ժամանակ որոշել էր ազատ արձակել Արմեն Չարչյանին, խափանման միջոց էր ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։
Մեկնաբանել