HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լուսինե Հակոբյան

Ապօրինի թմրաշրջանառության գործով անցնող Ելիզավետա Դանիլչևան կրկին կալանավորվել է

Ռուսաստանի քաղաքացի Ելիզավետա Դանիլչևան, որը մեղադրվում է իրացնելու նպատակով ապօրինի կերպով թմրամիջոցներ ձեռք բերելու և պահելու մեջ, կրկին կալանավորվել է 3 ամսով։ Այս մասին որոշում է ընդունել Վերաքննիչ դատարանը՝ բավարարելով դատախազի բողոքը և բեկանելով Առաջին ատյանի դատարանի որոշումը։

Հիշեցնենք՝ 6-ամսյա կալանքից հետո՝ դեկտեմբերի 22-ին, Առաջին ատյանի դատարանը, նախագահությամբ դատավոր Մասիս Մելքոնյանի, որոշել էր փոխել Ելիզավետայի խափանման միջոցը տնային կալանքով՝ համակցված 2․5 մլն դրամ գրավով և երկրից բացակայելու արգելքով։

2023թ․ հունիսի 24-ին ոստիկանությունը ներխուժել էր Երևանում գտնվող «Բան» ակումբ և բերման էր ենթարկել 27 հոգու։ Դեպքից հետո իրավապաշտպանները ահազանգել էին, որ ոստիկանները ծեծել, հայհոյել և արժանապատվությունը նվաստացնող այլ գործողություններ էին իրականացրել ակումբի այցելուների նկատմամբ։ 

Ոստիկանությունն ակումբից թմրանյութեր էր գտել, հարուցվել էր քրեական վարույթ։ 27 բերման ենթարկվածներից Դանիլչևան միակ մեղադրվող անձն է։

Ելիզավետայի ամուսինը՝ Նիկիտա Մաքսիմենկոն, «Հետքին» հայտնել էր, որ մեղադրող կողմը փորձում է ակումբում գտած բոլոր թմրանյութերը մեղսագրել Ելիզավետային և առանց որևէ ապացույցի պնդում է, որ Ելիզավետան զբաղվել է թմրանյութերի իրացմամբ։

Ելիզավետա Դանիլչևայի փաստաբան Արտաշես Հովհաննիսյանը մեզ փոխանցեց, որ Վերաքննիչ դատարանի որոշման մասին տեղյակ չեն եղել։ Հունվարի 26-ին Ելիզավետան դատարանի թույլտվությամբ օրթոդենտի մոտ է գնացել և տուն վերադառնալուն պես Պրոբացիայի ծառայության աշխատակիցները նրան տեղափոխել են կալանավայր։

Պաշտպանի խոսքով՝ այս դեպքից Ելիզավետան ծանր հոգեբանական վիճակում է հայտնվել, նույնիսկ նրա մոտ առաջացել են սուիցիդիալ մտքեր։ «Հիմա էլ նրան այցելելով՝ տեսնում ենք, որ շատ ծանր է այդ փոփոխությունը տարել, կարծում ենք՝ նման դեպքերը պետք է բացառվեն»,- ասում է Արտաշես Հովհաննիսյանը

Պաշտպանը չի ստացել ոչ կալանավորելու մասին որոշումը, ոչ էլ դատախազի բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը։ «Այդ որոշմամբ նշվում են ժամկետներ, թե ինչ կարգով պետք է ներկայացնենք մեր դիրքորոշումները, առարկությունները և բացատրությունները։ Եթե գրավոր ընթացակարգ է կիրառվում, ապա պետք է ողջամիտ ժամկետ տրամադրվի, և դիրքորոշումներն ուղարկելու եղանակը նշվի, բայց ես այդ որոշումը չեմ ստացել»,- ասում է Արտաշես Հովհաննիսյանը՝ նշելով, թե Վերաքննիչ դատարանի դատավոր Լուսինե Ալավերդյանը պաշտպանական կողմի իրավունքները կոպտագույնս խախտել է։

Արտաշես Հովհաննիսյանը «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգով է հետևել գործի ընթացքին, և թեև չի ստացել որոշումը, իր առարկությունները ներկայացրել է դատարանին։ Սակայն, վստահ չէ՝ դատարանը որոշումն ընդունելիս հաշվի առե՞լ է իր ներկայացրած առարկությունները։ Նա մտավախություն ունի, որ դատարանը իր առարկությունները գնահատել է սահմանված կարգի խախտմամբ ներկայացված, քանի որ ինքը չի իմացել՝ այդ կարգը ո՞րն է։

Փաստաբանը նշեց՝ քանի դեռ չի ստացել դատարանի վերջնական որոշումը, չի կարող մեկնաբանել այն։ Միայն ասաց, թե դատախազն ինչ հիմքեր է հիշատակել իր բողոքում։ Դրանից առաջինը այն է, որ Ելիզավետա Դանիլչևան կարող է փախուստի դիմել և թաքնվել քննությունից։ Մինչդեռ պաշտպանի պնդմամբ՝ երբևէ թաքնվելու փորձ չի կատարել Ելիզավետան։ Երկրորդ հիմքով դատախազը անարդյունավետ է համարել տնային կալանք խափանման միջոցը՝ վարձակալությամբ բնակվելու պարագայում։ Իսկ երրորդ հիմքը եղել է այն, որ վկաների վրա ազդեցություն չգործադրի։ Փաստաբան Արտաշես Հովհաննիսյանն ասում է, որ  դատարանները Ելիզավետայի խափանման միջոցի հարցը քննելիս այս հիմքը որևէ անգամ բավարար չեն գնահատել։

Վերաքննիչ դատարանի որոշումը պաշտպանական կողմը կբողոքարկի, սակայն հիմքերի, հիմնավորումների մասին Արտաշես Հովհաննիսյանը կկարողանա ասել դատարանի որոշմանը ծանոթանալուց հետո։

Գլխավոր լուսանկարում՝ Ելիզավետա Դանիլչևան և Արտաշես Հովհաննիսյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter