
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն հայտարարել է Ադրբեջանի նախագահական ընտրությունների ժամանակ լուրջ խախտումների մասին
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է Ադրբեջանի նախագահական ընտրություններում արձանագրված լուրջ խախտումների մասին: Ինչպես ասված է Միացյալ Թագավորության արտաքին քաղաքական գերատեսչության տարածած հայտարարության մեջ, դա անհանգստության առիթներ է ստեղծում:
«Մենք ողջունում ենք Ադրբեջանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից փորձագիտական խմբի ստեղծումը, որը պետք է քննի ընտրությունների կապակցությամբ ստացված բողոքները: <...> Միևնույն ժամանակ, մենք կիսում ենք ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի մտահոգությունը մի քանի հարցերի վերաբերյալ, ներառյալ՝ սահմանափակումների պայմաններում ընտրությունների անցկացումը և իրական քաղաքական այլընտրանքների բացակայությունը։ Գրանցվել են լուրջ խախտումներ, որոնցից մի քանիսը հակասում են 1990 թվականի Կոպենհագենի խորհրդակցության փաստաթղթի դրույթներին, որտեղ հաստատվում են մարդու մի շարք իրավունքներ և հիմնարար ազատություններ»,- ասված է հայտարարության մեջ։
Լոնդոնը նաև ընդգծել է, որ Ադրբեջանը Մեծ Բրիտանիայի համար կարևոր գործընկեր է, և այդ երկիրը պատրաստ է աջակցել Ադրբեջանում ընտրական համակարգի և ժողովրդավարական գործընթացների կատարելագործմանն ուղղված բարեփոխումների անցկացմանը:
Հիշեցնենք, որ Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրությունները տեղի էին ունեցել փետրվարի 7-ին: Փետրվարի 9-ին Ադրբեջանի ԿԸՀ-ն հրապարակել էր վերջնական տվյալները, որոնց համաձայն՝ Ալիևի օգտին քվեարկել էր ընտրողների 92,12 %-ը:
Լուսանկարը՝ Digital Vision/Getty Images
Մեկնաբանել