HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Արցախում մնացած թանգարանային ֆոնդերի վերստեղծման աշխատանքները կշարունակվեն Հայաստանում

Արցախի «Մշակույթի և զբոսաշրջության զարգացման գործակալություն» հասարակական կազմակերպությունը օրերս թանգարանների տնօրենների հետ աշխատաժողով էր հրավիրել և քննարկել, ֆինանսավորման առկայության դեպքում, շարունակել Արցախում մնացած թանգարանային ցուցանմուշների ֆոնդի վերստեղծումը։ Նրանց հաշվարկներով՝ 2023թ սեպտեմբերի 19-ի պատերազմից ու բնակչության բռնի տեղահանումից հետո Արցախի առնվազն 30 թանգարան և մասնավոր հավաքածուներ ամբողջությամբ կամ մասնակի մնացել են Ադրբեջանի տիրապետության տակ։ 

Դեռևս 2021թ-ի մայիսին Արցախի Հանրապետության նախագահի հրամանով ստեղծվել էր բռնազավթված տարածքներում մշակութային ժառանգության պահպանության պետական խորհուրդ։ Այն բավականին լայն ներգրավվածությամբ գերատեսչական խորհուրդ էր, որի աշխատանքներին մասնակցում էին նաև եկեղեցին, ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչությունը, փորձագետներ և այլք։ Խորհրդի գործունեության նպատակը 2020թ պատերազմից հետո Ադրբեջանի կողմից բռնազավթված Հադրութի շրջանում և Շուշի քաղաքում մնացած թանգարանային ֆոնդը վերականգնելն էր։ 

Արցախի բռնազավթված տարածքներում մշակութային ժառանգության պահպանության պետական խորհրդի քարտուղար Սերգեյ Շահվերդյանն ասում է, որ մինչև արցախցիների բռնի տեղահանումը խորհուրդը պատկերներով և էլեկտրոնային տաբերակով վերստեղծել էր Շուշի քաղաքի 7 պետական և մասնավոր արվեստի հավաքածուների ցուցանմուշների ցանկը։ «Ասում եմ՝ վերստեղծել, որովհետև թանգարաններում են մնացել թե՛ հավաքածուները, թե՛ գրանցամատյանները։ Դրանք հիմա մաս-մաս վերականգնվում են թանգարանների աշխատակիցների, մասնավոր հավաքորդների և մասնագետների աջակցությամբ»,- ասաց Ս Շահվերդյանը։

Հիշեցնենք, որ Շուշիում են մնացել բերդաքաղաքի պատմության, կերպարվեստի, երկրաբանական պետական թանգարանների, Արցախյան գորգի (մասնակի), Դրամի թանգարանների, Վարդան Բախշյանի (Դուշմանի) տուն-թանգարանի հավաքածուները։ Շուշիում կային նաև մասնավոր հավաքածուներ՝ Նարեկացի արվեստի միության, Սամվել Թավադյանի արվեստանոց-ցուցասրահի նմուշները, Արտակ Պողոսյանի եւ Դավիթ Ավագիմյանի գեղանկարչական աշխատանքները։ Խորհուրդը ընդհանուր 1077 ցուցանմուշ է հաշվառել։

Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարի տեղակալ Լեռնիկ Հովհաննիսյանն ասում է, որ 2023թ-ի սեպտեմբերին հայության վերջնական տեղահանումից հետո թշնամու տիրապետության տակ անցած թանգարաններում մոտավոր հաշվարկներով 20 885 ցուցանմուշ է մնացել։ Այս թիվը շարունակում է աճել, քանի որ տեղեկատվությունն անընդհատ թարմացվում է։ 

Լ Հովհաննիսյանը հայտնեց, որ շրջափակման հետևանքները կանխազգալով՝ 2023թ մայիսից նախապատրաստվել էին թանգարանային ֆոնդերը տարհանելուն։ Արկղեր էին պատրաստել, որպեսզի անհրաժեշտության դեպքում մարզերի թանգարանների ցուցանմուշները դրվեին արկղերի մեջ ու տարհանվեին Ստեփանակերտ։ Մինչ այդ, Մարտունու պատմաերկրագիտական թանգարան էին տեղափոխել Բերդաշեն գյուղի հնագիտական-երկրագիտական թանգարանի և Կոլխոզաշենի հրետանու գեներալ-գնդապետ Պարսեղովի (Խորհրդային միության շրջանում) տուն-թանգարանի նյութերը, որպեսզի այնտեղից հեշտ լիներ տեղափոխելը։ Շրջափակման ժամանակ վառելիք չլինելու պատճառով չի տեղափոխվել, իսկ սեպտեմբերի 19-ի պատերազմի ժամանակ այլևս չի հաջողվել։ 

«Հարձակման ժամանակ թշնամին առաջինը շրջանների հետ ճանապարհները կտրեց Ստեփանակերտից և հնարավոր չեղավ տեղափոխել»,- հայտնեց Լ Հովհաննիսյանը։ Վերջինիս ասելով՝ Մարտունու թանգարանի վարչակազմը մինչև վերջին օրը հույս ուներ, որ կկարողանան տարհանել, բանակցում էին մարդկանց շրջափակումից հանելու համար, սակայն վերջին պահին ասացին, որ հնարավոր չէ։ Շուշիի, Հադրութի, Մարտունու, Մարտակերտի, Ասկերանի պատմաերկրագիտական թանգարանների ֆոնդերն ամբողջությամբ մնացել են։ Գանձասարի մատենադարանի մատյանների մի մասը, որոնք Հայաստանի Մատենադարանի մատյանների կրկնօրինակներն էին։ Հիմա աշխատում են ֆոնդերի ցանկը վերականգնելու ուղղությամբ։ 

Հավելենք, որ նշված շրջաններում պետական թանգարաններից բացի, կային նշանավոր արցախցիների բազմաթիվ տուն-թանգարաններ և մասնավոր հավաքածուներ։ Ասկերանի շրջանում հայտնի են՝ Ծաղկաշատ գյուղում գտնվող հայ ազգային ազատագրական շարժման գործիչ Նիկոլ Դումանի տուն-թանգարանը։ Մարտակերտի շրջանի Կուսապատ գյուղում գտնվող ուսումնական և պետական գործիչ Ալեքսանդր Բեկզադյանի տուն-թանգարանը։ Մարտունի շրջանի Ննգի գյուղում՝ քաղաքական գործիչ  Բոգդան Կնունյանցի տուն-թանգարանը։ Հադրութի Մեծ Թաղեր գյուղում՝ ԽՍՀՄ ավիացիայի մարշալ Արմենակ Խամփերյանցի (Սերգեյ Խուդյակով), ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի անվան հայրենագիտական թանգարանը Հադրութում և այլ թանգարաններ։ 

Արցախի «Մշակույթի և զբոսաշրջության զարգացման գործակալություն» հասարակական կազմակերպության նախագահ Սերգեյ Շահվերդյանը նշում է, որ Արցախի մշակութային կորստի այս հատվածի մասին քիչ է խոսվում։ «Եթե պատմամշակութային հուշարձանների պահպանության մասին միջազգային կառույցները երբեմն-երբեմն խոսում են, ապա կորուսյալ թանգարանների մասին գրեթե չի խոսվում։ Հավանաբար, սա նաև մեր թերացումներից մեկն է, որովհետև պատմամշակութային ժառանգության մասին խոսելիս նկատի ենք ունենում միայն հուշարձանները»,- հայտնեց նա։ 

Նրա կարծիքով՝ Արցախում մնացած թանգարանների և արվեստի գործերի հավաքածուների հարցը հասարակության, պատկան մարմինների, նաև լրատվամիջոցների ուշադրությունից դուրս է մնացել։ «Թանգարանները մեր պատմության, մշակույթի մի մասն են և այսօր ավելի շատ են վտանգված։ Հանրությունը պետք է աջակցի, որպեսզի Հայաստանի իշխանությունները օրակագրում ներառեն դրանց պահպանության հարցը»,- հայտնեց Ս Շահվերդյանը։

Հիշեցնենք, որ 2020թ պատերազմի ընթացքում Արցախից տարհանվեցին Գանձասարի մատենադարանի մատյանները, դրանց մի մասը 2021թ-ին վերադարձվել էր Գանձասար և մնացին այնտեղ։ Շուշիի գորգերի թանգարանի սեփականատիրոջը հաջողվեց մասնակի տարհանել Արցախի հնագույն գորգերի իր հավաքածուն:

Գլխավոր լուսանկարում՝ Շուշիի երկրաբանական թանգարանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter