HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պայթյուն, փակ դռներ. կանչի է գնում փրկարարների հատուկ ջոկատը

Փրկարար ծառայության կապիտան Վահե Գևորգյանը պատրաստվում է 12-հարկանի շենքի տանիքից մտնել բնակարան, որ ներսից բացի փակված դուռը։ Ժամը 23:25 է։ Տան միակ բնակիչը՝ տարեց տղամարդը, մնացել է դրսում, դուռը բացել չի կարողանում։ Փրկարարները պարանը կապում են շենքի տանիքի սյունից, փրկարարը կապում է ամրագոտին, ապա` վայրէջքի համար նախատեսված գործիքի օգնությամբ իջնում։

«Չեք վախենո՞ւմ»,- հարցնում եմ կապիտան Գևորգյանին։ «Վախենում եմ»,- պատասխանում է ու իջնում: Վայրկյաններ անց նա բնակարանում է:

Վահե Գևորգյանը 2008 թվականից աշխատում է Փրկարար ծառայությունում։ 18-րդ ջոկատի 2-րդ խմբի պետն է։

«Թեկուզ սա արդեն մեզ համար սովորական բան է դարձել, բայց ամեն անգամ լարվում ենք, անհնար է 100 %-ով վստահել օդում կախված պարանին»,- ասում է լեռնափրկարար Մարինե Սլոյանը։

Մարինեն 3 տարի է՝ աշխատում է Փրկարար ծառայությունում, գործընկերներն ասում են՝ ջոկատի ամենախելացին է։ Նա նկարահանվել չի սիրում։ Կադրից դուրս մանրամասն պատմում է մասնագիտության առանձնահատկությունների մասին։

Մինչ կապիտան Վահե Գևորգյանը փորձում է դուռը ներսից բացել, գործընկերները՝ Տիգրան Գևորգյանն ու Մարինե Սլոյանը օգնում են Վահե Գևորգյանին՝ հետևելով նրա ցուցումներին։

Ի վերջո, նա էլեկտրական սղոցով ներսից կտրում է դռան կողպեքն, ու դուռը բացվում է։

Տիգրան Գևորգյանը՝ վարորդ-փրկարարը, պատմում է, որ հաճախ մարդիկ խնդրում են դուռը կամ կողպեքը չվնասել, բայց որոշ դեպքերում անհնար է բացել առանց կողպեքը վնասելու։ Ամեն դեպքում, իրենք փորձում են հնարավորինս զգույշ աշխատել ու քիչ վնասել քաղաքացու գույքը։

ՆԳՆ փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների կենտրոնի աշխատակիցների՝ հատուկ ջոկատայինների կենտրոնը Կոտայքի մարզի Գետարգել գյուղում է։ Այստեղից նրանք Հայաստանի տարբեր ուղղություններով կանչերի են գնում։ Հատուկ նշանակության ջոկատի առաքելությունը բնական ու մարդածին աղետների, հրդեհների, կենցաղային կանչերի ժամանակ տուժածներին օգնելն է։

Հատուկ նշանակության փրկարարական կենտրոնի բոլոր աշխատակիցները պարբերաբար պատրաստություններ են անցնում, կատարելագործվում, ծանոթանում ոլորտի նորություններին։ Հատուկ նշանակության ջոկատի բոլոր փրկարարները ունեն նեղ մասնագիտացում՝ կինոլոգ-փրկարար (շների մարզիչ), ջրասուզակ-փրկարար, լեռնափրկարար դեսանտ, ընդհանուր բլոկի փրկարար։

Անկախ նրանից, թե որ ուղղությամբ են մասնագիտացած, հերթապահում են 24-ժամյա ռեժիմով՝ 3 օր տանը, 1 օր աշխատանքի գրաֆիկով։

Ամեն հերթափոխի նեղ մասնագիտացում ունեցող բոլոր փրկարարները ներկա են լինում։

Այսինքն՝ ամեն օր յուրաքանչյուր ջոկատ պետք է ունենա ջրասուզակ, կինոլոգ, լեռնափրկարար, քանի որ ոչ ոք չի կարող կանխատեսել, թե ինչ դեպք կարող է տեղի ունենալ։ Ամեն հերթապահող ջոկատ կազմված է 2 խմբից։

«Վատ բաներ եմ ասում, բայց, եթե, օրինակ՝ փլուզում լինի, մեր կինոլոգ-փրկարարը պետք է գնա շան հետ, որպեսզի շունը փորձի փլատակների տակ մնացած մարդկանց գտնել։ Եթե ջրում խեղդվելու դեպք լինի, ջրասուզակ փրկարարը պետք է գնա, սովորաբար մենք լավ դեպքերի համար չենք գնում, բայց գնում ենք, որ օգնենք ու լավ լինի»,- ասում է 18-րդ փրկարարական ջոկատի 2-րդ խմբի լեռնափրկարար-դեսանտ Մարինե Սլոյանը։

Նույն ջոկատի կինոլոգը՝ Ջեյն Ղազարյանը, 14 տարի է՝ այս համակարգում է աշխատում։ Կենդանիների հանդեպ Ջեյնի սերը մանկուց է եղել։ Փրկարար ծառայությունում աշխատանքի ընդունվելուց հետո հասկացել է, որ ուզում է մասնագիտանալ շների հետ աշխատանքներում։

Հերթապահության օրերին Ջեյնի պարտականությունն է կերակրել շներին, մարզել նրանց։  Անհրաժեշտության դեպքում յուրաքանչյուր կինոլոգ ունի իրեն կցված շուն, որը մարզված է կոնկրետ առաջադրանքի համար, օրինակ՝ մարդ որոնելու կամ սակրավորական աշխատանքներ կատարելու համար։

Ջեյնի շունը՝ Մալտան, փլուզումների, աղետների ժամանակ փլատակների տակից կենդանի մարդկանց գտնելու համար է։

Ջեյնը բացատրում է, թե ինչպես է դա տեղի ունենում՝ փնտրելու հրահանգը ստանալուց հետո շունը վազում է փլատակների ուղղությամբ, հոտառությամբ ուսումնասիրում է տարածքը և ողջ մնացած մարդ գտնելուց հետո պոչը շարժում, ապա սկսում է հաչել։ Շատ կարևոր է գործը հաջողելուց հետո շանը խրախուսել՝ կեր տալ, գրկել, գովեստի խոսքեր ասել, այդպես շունը հասկանում է, որ պարգևատրվում է իր արած կարևոր աշխատանքի համար։

Ջեյնը հիշում է 2022 թվականի օգոստոսի 14-ին տեղի ունեցած Սուրմալուի պայթյունը։ Այդ ժամանակ նա իր շան հետ մասնակցում էր որոնողական աշխատանքներին։

«Էնքան հուզիչ ու զգացմունքային պահեր են եղել, երբ բոլորն անհամբեր սպասում էին, որ շունը հաչի և հասկանան, որ տարածքում կենդանի մնացած մարդ կա։ Բայց դե ծխի պայմաններում շան արդյունավետությունն էլ է իջնում, իսկ Սուրմալուի դեպքում պայթյուն էր, անտանելի ծուխ, շան թոքերը փչանում էին։ Շներն էլ մարդկանց պես հոգնում են»,- պատմում է Ջեյնը։

Ամեն շուն ծառայում է 7-8 տարի, բայց եթե զննությամբ պարզվում է, որ կենդանին դեռ այն վիճակում է, որ կարող է աշխատել, վազում է նույն արագությամբ, իր առաքելությունը կատարում է նույն եռանդով, նրան «թոշակի չեն ուղարկում»։

«Թոշակի անցած» շներին կինոլոգ-փրկարարները հիմնականում պահում են իրենց կամ նվիրում են։

Կենցաղային կանչեր են լինում, երբ, օրինակ, շունը կատաղել է և հարձակվել ընտանիքի անդամների վրա, այս դեպքում 911 ահազանգով կանչի է գնում նաև կինոլոգը, փորձում է հանգստացնել շանը։ Երկու դեպք է եղել, երբ կանչի ժամանակ շները կծել են Ջեյնին։ Նրա երկու ձեռքերին սպիեր կան։

18-րդ ջոկատի առաջին խմբի պետը՝ Դավիթ Հայրապետյանը, 16 տարվա աշխատանքային փորձ ունի։ Մի օր ընկերոջ հետ գնացել է հերթապահության ու որոշել, որ ինքն էլ է ուզում փրկարար դառնալ։ Հանձնել է անհրաժեշտ քննություններն ու ընդունվել աշխատանքի։

«Աշխարհի ամենաբարի մասնագիտությունն ա փրկարարի գործը, ինչ տիպի մարդ ուզում ես եղի, էդ մի օրը դու դառնում ես բարի ու օգնում ես մարդկանց։ Այ, օրինակ Ձեզ (նկատի ունի լրագրողներին, խմբ.) ինչքա՜ն մարդ չի սիրում, էլի շատ մասնագիտություններ կան, որ մարդիկ չեն սիրում, իսկ մեզ, ինչ-որ մեկից լսե՞լ եք, որ մեզ ու մեր գործը չսիրեն»,- ասում է Հայրապետյանը։

Փրկարարները իրենց կատարած աշխատանքի մասին խոսել չեն սիրում, զրույցի ընթացքում մեկը մյուսի մասին է պատմում, գործընկերներից ենք իմանում, թե որ փրկարարն ինչ մեծ ու դժվար աշխատանք է արել։

Հատուկ նշանակության 18-րդ փրկարարական ջոկատի հրամանատարի տեղակալ, մայոր Արմեն Ավետիսյանն ասում է, որ փրկարարները մասնագիտությունն ընտրում են՝ դրան սիրահարված լինելով։

«Ոչ ոքի երբեք չեք տեսնի, որ չուզելով է աշխատում, սա էն գործը չի, որ ստիպված անես, ու ոչ ոքի չեք տեսնի, որ փողի համար է աշխատում, քանի որ կան շատ ավելի թեթև, ավելի քիչ պատասխանատու ու ավելի բարձր վարձատրվող աշխատանքներ, փրկարարներն իրենց գործը սիրում են»,- ասում է Ավետիսյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter