HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լուսինե Հակոբյան

Ապօրինի զենք-զինամթերք կրելու կասկածանքով ձերբակալված բոլոր 49 անձինք ազատ են արձակվել

Ապօրինի զենք-զինամթերք կրելու կասկածանքով ձերբակալված բոլոր 49 անձինք ազատ են արձակվել։ Այս մասին «Հետքին» հայտնեց ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։

Հիշեցնենք՝ անձանց ձերբակալությունները սկսվել էին այսօր վաղ առավոտից։ «Մարտական Եղբայրություն» միությունից հայտնել էին, որ ձերբակալվածների թվում էին միության անդամներ և աջակիցներ։ Միությունից հայտնում են, որ անդամներին ազատ են արձակել, քանի որ նրանց մոտից զենք և ռազմամթերք չի հայտնաբերվել։

Թեև ոստիկանությունը ձերբակալման հիմքում դրել էր ապօրինի զենք-զինամթերք կրելը և պահելը, «Մարտական Եղբայրություն» միությունը պնդում էր, որ հիմնական պատճառը միության անդամերի կողմից Վերին Ոսկեպար պլանավորած այցն է։ Չնայած ձերբակալություններին՝ միության անդամների մի խումբ հասել էին Ոսկեպար, որտեղից ևս ձերբակալել էին միության անդամներին։

«Մարտական Եղբայրություն» միության անդամ Հրանտ Տեր-Աբրահամյանի կնոջ՝ Գայանե Ղազարյանի խոսքով՝ արդեն մոտ մեկ տարի է՝ միության անդամները տեղի բնակչության ու ցանկացողների համար ռազմական մարզումներ էին անցկացնում, սակայն Փաշինյանի` մարտի 18-ի այցից հետո այլևս թույլ չեն տալիս, և սա Փաշինյանի այցից հետո առաջին կիրակին էր, որ պետք է գնային։ 

Հիշեցնենք՝ Ադրբեջանը պահանջում է Հայաստանից անհապաղ ազատել և հանձնել 4 գյուղեր։ Փաշինյանը մարտի 18-ին Ոսկեպարում հայտարարել էր, որ որոշել է գնալ այդ հատվածներում Հայաստանի Հանրապետության սահմանի ճշգրտման․ «Դա անում ենք ոչ միայն հանուն Հայաստանի Հանրապետության, այլև կոնկրետ Ոսկեպար գյուղի, Կիրանց գյուղի համար, որպեսզի ապահովենք այդ գյուղերի անվտանգությունը»,- նշել էր Փաշինյանը:

«Մարտական Եղբայրություն» միության անդամ Հրանտ Տեր-Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ մարտի 23-ին, ՀՀ Ոստիկանության պետի տեղակալ Վարդան Վարդանյանից զրուցելու հրավեր էր ստացել։ Զրույցի ընթացքում Վարդան Վարդանյանը հայտնել է, որ չեն թույլատրելու «Մարտական եղբայրության» այցը Վերին Ոսկեպար: Վարդան Վարդանյանը հայտնել է նաև, որ այցը պետք է չեղարկվի՝ ելնելով անվտանգության նկատառումներից, համաձայն տեղեկությունների, որոնք ինքը չի կարող հայտնել: Սակայն միությունը այս զրույցից հետո, այնուամենայնիվ, որոշել էր, որ այցը Ոսկեպար տեղի է ունենալու՝ ըստ նախապես պլանավորածի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter