HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Վրաստանի խորհրդարանի իրավական հարցերով հանձնաժողովը հավանություն է տվել «օտարերկրյա գործակալների մասին» վիճելի օրինագծին

Վրաստանի խորհրդարանի իրավական հարցերով հանձնաժողովը երրորդ և վերջնական ընթերցմամբ հավանություն է տվել «Օտարերկրյա գործակալների մասին» վիճահարույց օրինագծին, որը վերջին ամիսներին բողոքի լայնածավալ ալիք է բարձրացրել Թբիլիսիում: Հանձնաժողովի նիստն ուղիղ եթերում հեռարձակել է օրենսդիր մարմնի լրատվության ծառայությունը։

Զեկուցողի դերում եղել է հանձնաժողովի նախագահ Անրի Օխանաշվիլին։ Կանոնակարգի համաձայն՝ երրորդ ընթերցումը նախատեսում էր օրինագծում խմբագրական փոփոխությունների։ Պատգամավորներից և որևէ մեկը խմբագրական բնույթի դիտողություններ չի ունեցել։ «Չունե՞ք հարցեր, դիտարկումներ, կարծիքներ»,- պատգամավորներին հարցրել է Օխանաշվիլին և ինքն էլ պատասխանել. «Հարցեր, դիտարկումներ, կարծիքներ չկան»։ Ուստի, նախագիծն ուղարկվել է խորհրդարանի լիագումար նիստի երրորդ ընթերցմամբ քննարկմանը։

Ընդդիմադիր պատգամավոր Խատիա Դեկանոիձեի խոսքով՝ ընդդիմությունը չի կարողացել մասնակցել հանձնաժողովի նիստին։

Նախորդ օրերին Վրաստանի մայրաքաղաքում շարունակվում էին բողոքի ակցիաները։ Ըստ տարբեր տվյալների՝ շաբաթ օրը կայացած բողոքի ակցիային մասնակցել է մինչև 200 հազար մարդ։ Մայիսի 11-ին Թբիլիսիի կենտրոնում տեղի էր ունեցել «Եվրոպայի երթ»-ը։ Դրանից առաջ օրինագծին դեմ հանդես եկող մի շարք հայտնի ցուցարարներ և ընդդիմադիր գործիչներ ծեծի էին ենթարկվել։

Այսօր Վրաստանի ոստիկանությունը հայտարարել է, որ խորհրդարանի շենքի մոտից հետ են մղել ցուցարարներին, որոնք բողոքում են այս օրինագծի ընդունման դեմ։ Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ վարչական իրավախախտումների համար բերման է ենթարկվել 20 մարդ, այդ թվում՝ օտարերկրյա երեք քաղաքացի։

Վրացական լրատվամիջոցները, սակայն, փոխանցում են, որ խորհրդարանի շենքի մոտ բողոքի ակցիաները շարունակում են, իսկ ցուցարարները փակել են Թբիլիսիի գլխավոր փողոցը՝ Ռուսթավելի պողոտան։ Դասադուլ են սկսել նաև Վրաստանի խոշորագույն բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողները:

Սպասվում է, որ շուտով իշխանական պատգամավորները ձեռնամուխ կլինեն օրինագծի վերջնական ընդունմանը, այն բանից հետո, երբ այն շատ արագ հավանության արժանացավ իրավական հարցերով հանձնաժողովի կողմից:

Հիշեցնենք, որ ապրիլի 17-ին Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «Օտարերկրյա գործակալների մասին» օրենսդրական նախագիծը։

Դրա դեմ են հանդես գալիս Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, ընդդիմությունը և արևմտյան դիվանագետները, որոնք պնդում են, որ այս օրինագծի ընդունումը կխոչընդոտի Վրաստանի եվրաինտեգրմանը:

«Վրացական երազանք» կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն դեռ ապրիլի 3-ին հայտարարել էր, որ դարձյալ խորհրդարանի օրակարգ են բերում «օտարերկրյա գործակալների» մասին վիճահարույց օրինագիծը։ Ընդ որում՝ ներկայացվել է 2023 թվականի գարնանը՝ բողոքի ակցիաներից հետո հետ կանչված նույն նախագիծը։

Մեկ տարի առաջ ներկայացված օրինագծի տեքստը նախատեսում էր, որ Վրաստանում կստեղծվի «օտարերկրյա գործակալների» ռեեստր, որտեղ նշված կլինեն բոլոր ոչ առևտրային իրավաբանական անձինք և ԶԼՄ-ները, որոնց ֆինանսավորման ավելի քան 20 %-ը գալիս է արտերկրից։

Այդ կազմակերպությունները պետք է հրապարակեին տարեկան ֆինանսական հաշվետվություն: Խախտման դեպքում նրանց համար ֆինանսական պատժամիջոցներ էին նախատեսվում։

Առաջին անգամ «օտարերկրյա գործակալների» մասին օրինագիծը նախաձեռնվել էր 2023 թվականի փետրվարին, իսկ մարտի սկզբին Վրաստանի խորհրդարանն այն ընդունել էր առաջին ընթերցմամբ։ Դրանից հետո Թբիլիսիում սկսվել էին զանգվածային բողոքի ցույցեր, որոնց ժամանակ ոստիկանությունը ձերբակալել էր մարդկանց, բողոքի ցույցերը ցրել ջրցան մեքենաներով և արցունքաբեր գազ կիրառել:

Օրինագիծը դատապարտել էին ԱՄՆ-ն և Եվրամիությունը։ Մի քանի օր անց օրինագիծը հետ էր կանչվել «հասարակության շրջանում տարաձայնությունների» պատճառով։ Ընդդիմության կարծիքով՝ օրինագիծը կրկնում է «օտարերկրյա գործակալների» մասին ռուսական օրենսդրության դրույթները։

Ապրիլի 15-ին օրինագծի քննարկումն ընդհատվել էր խորհրդարանում ծեծկռտուքի պատճառով։ «Վրացական երազանք» կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեի ելույթի ժամանակ նրա վրա հարձակվել էր ընդդիմադիր «Քաղաքացիներ» կուսակցության առաջնորդ Ալեկո Էլիսաշվիլին:

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ էլ օրենսդրական նախագիծն ընդունել էր մայիսի 1-ին։

Լուսանկարը՝ RTE-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter