
Բաքվում պահվող Արցախի ռազմական և քաղաքական գործիչների կալանքը երկարաձգվել է 5 ամսով
Բաքվի Բինագադի շրջանի դատարանի որոշմամբ այսօր՝ մայիսի 15-ին, հինգ ամսով երկարաձգվել են Արցախի ռազմական և քաղաքական գործիչների կալանքները։ Այս մասին հայտնել է ադրբեջանական պետական APA գործակալությունը։
Մասնավորապես, Բինադագիի շրջանային դատարանը, բավարարելով Ադրբեջանի գլխավոր դատախազության միջնորդությունը, 5 ամսով երկարաձգել է Արցախի Հանրապետության երրորդ և չորրորդ նախագահներ Բակո Սահակյանի ու Արայիկ Հարությունյանի, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանի, Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի, Պաշտպանության բանակի հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանի և Արցախի Ազգային ժողովի վերջին խոսնակ Դավիթ Իշխանյանի կալանավորման ժամկետները։
Երեկ՝ մայիսի 14-ին էլ, նույն դատարանի որոշմամբ՝ հինգ ամսով երկարաձգվել էր նաև Արցախի երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանի կալանքը։
Բացի նշված պաշտոնյաներից, հիշեցնենք, Բաքվում կալանավորված է նաև Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, որի կալանավորման ժամկետը այս տարվա հունվարին երկարաձգվել էր 4 ամսով:
Հիշեցնենք, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները ապօրինի ազատազրկված են Բաքվում 2023 թվականի սեպտեմբերից։ Արցախի ամբողջական օկուպացիայից հետո Ադրբեջանի ուժայինները ձերբակալեցին և Բաքու տեղափոխեցին Արցախի նախկին և ներկա ռազմաքաղաքական ղեկավարության 8 ներկայացուցիչների։
Կարդացեք նաև՝
Մեկնաբանել