HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Ինչում է մեղադրում Բաքուն Արցախի քաղաքական և ռազմական գործիչներին

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի Հանրապետության վրա Ադրբեջանի զինված ուժերի հարձակումից և դրան հաջորդած իրադարձություններից հետո Ադրբեջանի իրավապահ մարմինները ձերբակալել են Արցախի՝ տարբեր տարիների ռազմաքաղաքական ղեկավարության 8 ներկայացուցիչների, որոնց Բաքվում շինծու մեղադրանքներ են առաջադրել։

Առաջինը հայտնի դարձավ Արցախի նախկին պետական նախարար Ռուբեն Վարդանյանի ձերբակալության մասին։ Հիշեցնենք՝ նա այդ պաշտոնը զբաղեցրել է 2022 թվականի նոյեմբերից մինչև 2023 թվականի փետրվարը։ Ադրբեջանի ուժայինները Վարդանյանին ձերբակալել են սեպտեմբերի 27-ին Հակարիի անցակետից, երբ նա փորձել է անցնել ՀՀ տարածք։ Ավելի ուշ Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունը հայտնեց, որ Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 3 դրվագներով՝ ահաբեկչության ֆինանսավորում, մասնակցություն օրենսդրությանը չենթարկվող զինված միավորման կամ խմբավորման ստեղծմանն ու գործունեությանը, ինչպես նաև Ադրբեջանական Հանրապետության պետական սահմանի ապօրինի հատում։

Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունը նաև հրապարակել էր Ռուբեն Վարդանյանի ձերբակալության և հարցաքննության որոշ կադրեր։ Ադրբեջանական դատարանի որոշմամբ՝ Վարդանյանը 4 ամսով կալանավորվել է։

Հոկտեմբերի 6-ին նրան այցելել է Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանը, և ըստ օմբուդսմենի գրասենյակի հաղորդագրության՝ Վարդանյանի պաշտպանությունն իրականացնում է նրա ընտանիքի կողմից ընտրված փաստաբանը։

Հոկտեմբերի 9-ին նրա փաստաբան Աֆաթ Գազիևան Վերաքննիչ դատարան բողոք է ներկայացրել Վարդանյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ, սակայն դատարանը մերժել է նրա բողոքը։

Սեպտեմբերի 28-ի առավոտյան Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում հայտնեց, որ ադրբեջանական կողմը պահանջել է իր ժամանումը Բաքու՝ հետաքննության համար։ Սեպտեմբերի 30-ին Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտնեց Բաբայանին մեղադրանք առաջադրելու և կալանավորելու մասին։ Դավիթ Բաբայանին մեղադրանք է առաջադրվել մի շարք հոդվածներով։ Մասնավորապես՝ Ադրբեջանում նրան մեղադրում են ազգային ատելության և թշնամանքի հրահրման, ահաբեկչական խմբավորումների գործունեության համակարգման մեջ։

Հոկտեմբերի 3-ին Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանն այցելել է Դավիթ Բաբայանին։ Տարածված հաղորդագրության մեջ ասվում էր, որ Բաբայանը չի դժգոհել պահման պայմաններից, նրան տրվել է ակնոց, ինչպես նաև ապահովվել է հասանելիությունը գրադարանին։

Հաջորդիվ ադրբեջանական կողմը հայտնեց Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանի ձերբակալության և կալանավորման մասին։ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը Մանուկյանին ձերբակալել է սեպտեմբերի 27-ին Հակարիի անցակետից։

Ըստ Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայության՝ Դավիթ Մանուկյանը մեղադրվում է կազմակերպված խմբի կողմից ահաբեկչություն կատարելու, հրազենի, դրա մասերի, զինամթերքի, պայթուցիկ նյութերի և սարքերի անօրինական ձեռքբերման և պահման, օրենսդրությանը չենթարկվող զինված խմբավորումների ստեղծման և Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանը ապօրինի հատելու մեջ։ Պետական սահմանապահ ծառայությունը հրապարակել է Մանուկյանի ձերբակալության և հարցաքննության մասին տեսանյութ։ Ադրբեջանական դատարանի որոշմամբ՝ Դավիթ Մանուկյանը 4 ամսով կալանավորվել է։

Սեպտեմբերի 29-ին ադրբեջանցի ուժայինները Հակարիի անցակետից ձերբակալել են նաև 2015-2018 թվականները Արցախի Պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնը զբաղեցրած Լևոն Մնացականյանին։

Լևոն Մնացականյանին Ադրբեջանում խոշտանգման հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել, իբր թե նա և այլ անձինք 2002 թվականին Ֆիզուլու շրջանի գյուղերից մեկում խոշտանգել են ադրբեջանցի գերիների։ Մնացականյանին մեղադրանքն առաջադրվել էր դեռ 2006 թվականին։

Ի դեպ, հարկ է նշել, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներց Լևոն Մնացականյանը միակն է, որի վերաբերյալ ադրբեջանական կողմը տեսանյութ կամ լուսանկար չի հրապարակել։

Հոկտեմբերի 3-ին ադրբեջանական լրատվամիջոցները հայտնեցին Արցախի Հանրապետության երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանի (1997-2007թթ․), Բակո Սահակյանի (2007-2020թթ․) և ԱԺ վերջին նախագահ Դավիթ Իշխանյանի ձերբակալության մասին։ Միայն երկու օր անց՝ հոկտեմբերի 5-ին Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունը հաղորդագրություն և տեսանյութ տարածեց նախագահների և ԱԺ նախագահի կալանավորման մասին։ 

Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին և Դավիթ Իշխանյանին Ադրբեջանում մեղադրում են կազմակերպված խմբի կողմից հրազենի, պայթուցիկ նյութերի և սարքերի օգտագործմամբ ահաբեկչություն կատարելու, ահաբեկչական նպատակներով վարժանքներ անցկացնելու, կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով զենք-զինամթերքի ձեռքբերման, պահման, տեղափոխման և կրելու, ինչպես նաև օրենսդրությանը չենթարկվող զինված միավորումների և խմբավորումների ստեղծման և դրանց գործունեությանը մասնակցելու մեջ։

Հոկտեմբերի 3-ին ադրբեջանական ԶԼՄ-ները հաղորդեցին նաև Արցախի չորրորդ նախագահ Արայիկ Հարությունյանի կալանավորման մասին, որը հոկտեմբերի 5-ին հաստատեց նաև Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայությունը։ Ըստ այդ հաղորդագրության՝ Արայիկ Հարությունյանը ձերբակալվել է հոկտեմբերի 3-ին, Ստեփանակերտում։ 

Ըստ Արայիկ Հարությունյանին առաջադրված մեղադրանքի՝ նա Ադրբեջանի տարածքում մասնակցել է ագրեսիվ պատերազմի կազմակերպման, զբաղվել է զինյալների հավաքագրմամբ և ֆինանսավորմամբ, ինչպես նաև կազմակերպել նրանց մասնակցությունը ռազմական հակամարտությանն ու ռազմական գործողություններին, խախտել է միջազգային մարդասիրական իրավունքը և հակամարտության ընթացքում տվել է հանցավոր հրամաններ։

Արայիկ Հարությունյանը մեղադրվում է նաև Ադրբեջանի Գյանջա և Բարդա քաղաքների վրա բալիստիկ հրթիռներ արձակելու հրաման տալու, ինչպես նաև Ադրբեջանի տարածքի ականապատումը կազմակերպելու, զինված միավորումների և խմբավորումների կազմակերպման, սնուցման և զինման, մաքսանենգ ճանապարհով զենք-զինամթերքի ներմուծման և ահաբեկչության ֆինանսավորման մեջ։

Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ կալանքի տակ գտնվող Արայիկ Հարությունյանի իրավունքների պաշտպանությունն իրականացնում է փաստաբան Ալով Սաֆարալիևը։

Ըստ տարբեր հրապարակումների՝ կալանավորված 8 գործիչներն էլ կապ են հաստատել իրենց ընտանիքների հետ

Վերջին օրերի ընթացքում տարբեր լրատվամիջոցներում հրապարակումներ են եղել այն մասին, որ ադրբեջանական ռեժիմի կողմից կալանավորված Արցախի քաղաքական և ռազմական գործիչներին հնարավորություն է տրվել կապ հաստատել իրենց ընտանիքների անդամների հետ։

Գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանի եղբայրը՝ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը «Հետքի» հետ զրույցում հաստատեց, որ եղբայրը կապ է հաստատել ընտանիքի անդամների հետ, խոսակցությունը շատ կարճ է տևել։ Այլ մանրամասներ Գեղամ Մանուկյանը չհաղորդեց։

ՀՀ Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը, որը 2017-2020 թվականներին եղել է Արցախի նախագահ Բակո Սահակյանի խորհրդականը, նույնպես հաստատեց, որ նախորդ շաբաթվա ընթացքում Սահակյանը կապ է հաստատել իր հարազատների հետ։ Աբրահամյանը նշեց նաև, որ իր տեղեկություններով՝ կալանավորված բոլոր 8 գործիչներն էլ զանգի հնարավորություն ստացել են։

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի որդին՝ Դավիթ Վարդանյանը՝ News.am-ի հետ զրույցում հայտնել էր, որ հայրը երկու անգամ զանգահարել է։

«Ազատություն» ռադիոկայանը ևս, հղում անելով սեփական աղբյուրներին, հայտնել էր, որ Բաքվում գտնվող Արցախի 8 գործիչները իրենց ընտանիքների հետ կապ են հաստատել։

Կարմիր խաչի ներկայացուցիչները դեռևս չեն այցելել կալանավորված անձանց

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները դեռևս հնարավորություն չեն ունեցել այցելել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներին։ Այս մասին «Հետքին» հայտնեց Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։

Թե ինչու Կարմիր խաչի ներկայացուցիչներին հնարավորություն չի տրվել այցելել կալանավորվածներին, Զառա Ամատունին ասաց, որ պատճառները չեն կարող հանրայնացնել, սակայն տեղի իշխանությունների հետ երկխոսություն է ընթանում կալանավորված անձանց տեսակցելու վերաբերյալ։

ՄԻԵԴ-ը դեռևս չի պատասխանել ՀՀ դիմումին

Հոկտեմբերի 4-ին Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը հաղորդեց, որ Հայաստանի Հանրապետությունը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)՝ Արցախի ներկա և նախկին ղեկավարության բոլոր ներկայացուցիչների իրավունքների պաշտպանությունն ապահովելու նպատակով՝ պահանջելով նաև պարտավորեցնել Ադրբեջանին՝ անհապաղ ազատ արձակել նրանց։

Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչության խոսնակ Հասմիկ Սամվելյանը «Հետքի» հետ զրույցում նշեց, որ ՄԻԵԴ-ից դեռևս չեն պատասխանել ՀՀ դիմումին։ Սամվելյանը հավելեց, որ ՄԻԵԴ-ից տեղեկություն ստանալու դեպքում դրանք անմիջապես փոխանցվելու են կալանավորված անձանց ընտանիքներին։


Գլխավոր նկարը՝ Նարե Պետրոսյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter