ՊԲ հրամանատարի նախկին առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանը գերեվարվել է և տեղափոխվել Բաքու
Ադբրեջանցի ուժայինները սեպտեմբերի 27-ին գերեվարել և Բաքու են տեղափոխել Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի հրամանատարի նախկին առաջին տեղակալ, գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանին։
Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հայտնել է, որ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել մի քանի դրվագով։ Մասնավորապես, Մանուկյանը, ըստ ադրբեջանական կողմի, մեղադրվում է կազմակերպված խմբի կողմից ահաբեկչություն կատարելու, հրազենի, դրա մասերի, զինամթերքի, պայթուցիկ նյութերի և սարքերի անօրինական ձեռքբերման և պահման, օրենսդրությանը չենթարկվող զինված խմբավորումների ստեղծման և Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանը ապօրինի հատելու մեջ։
***
Այսօր ռուսական ТАСС պետական գործակալությունն ավելի վաղ հաղորդել էր, որ ձերբակալվել է նաև ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը։ Ադրբեջանական կողմն այս մասին դեռևս ոչինչ չի հայտնել։
Սեպտեմբերի 27-ին էլ Հակարիի անցակետում ադրբեջանցիները ձերբակալել և Բաքու էին տեղափոխել Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին։ Նրան մի քանի դրվագներով մեղադրանք է առաջադրվել։
Սեպտեմբերի 28-ին էլ Արցախի նախագահի նախկին խորհրդական, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը հայտարարել էր, որ ինքը նույնպես Ադրբեջանի «սև ցուցակում է», և պետք է գնա Բաքու հետաքննությանը ներկայանալու համար։ Բաբայանը նշել էր, որ այդ նպատակով Ստեփանակերտից գնալու է Շուշի։ Բաբայանի այս հայտարարությունից հետո նրա վերաբերյալ դեռևս ոչ մի տեղեկություն հայտնի չէ։
Մեկնաբանել