HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Շվեյցարիայի խորհրդարանը դեմ է քվեարկել Պաղեստինի անկախության ճանաչման նախագծին

Շվեյցարիայի Ազգային խորհրդի (խորհրդարանի մեծ պալատ՝ խմբ.) պատգամավորները դեմ են քվեարկել Պաղեստին պետությունը ճանաչելու մասին որոշմանը: Շվեյցարական խորհրդարանի մամուլի ծառայությունը հայտնել է, որ դրա անկախության ճանաչման օգտին կողմ է քվեարկել 61, դեմ՝ 131 պատգամավոր։

«Ազգային խորհուրդը չի ցանկանում ճանաչել Պաղեստինի անկախությունը։ Խորհրդարանը երեքշաբթի մերժել է Ցյուրիխից Սոցիալ-դեմոկրատական կուսակցության պատգամավոր Ֆաբիան Մոլինայի ներկայացրած համապատասխան նախաձեռնությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Մոլինան առաջարկել էր հավանություն տալ որոշման այն նախագծին, որտեղ ասվում էր, որ «Ազգային խորհուրդը 1967 թվականի սահմաններով Պաղեստինը ճանաչում է որպես անկախ պետություն՝ 2023 թվականի հոկտեմբերի 7-ին պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական խմբավորման կողմից առևանգված պատանդներին ազատ արձակելու պայմանով»։

Նա իր ելույթում հիշեցրել էր, որ վերջերս Իռլանդիան, Իսպանիան և Նորվեգիան հայտարարել են Պաղեստինը որպես պետություն ճանաչելու մասին: Պատգամավորը կարծիք էր հայտնել, որ Պաղեստինի ճանաչումը «կօգնի տարածաշրջանում առաջ մղել խաղաղությունն ու կայունությունն ու կնպաստի իսրայելա-պաղեստինյան հակամարտության արդար և երկարաժամկետ լուծմանը»:

Խորհրդարանական քննարկման ընթացքում առաջարկված որոշման նախագծի ընդունմանը դեմ է հանդես եկել Շվեյցարիայի արտաքին գործերի նախարար Ինյացիո Կասիսը: Նա պարզաբանել է, որ Բեռնը աջակցում է Մերձավոր Արևելքում երկու պետությունների սկզբունքի հիման վրա հիմնախնդրի կարգավորմանը: Շվեյցարացի նախարարն արձանագրել է, որ դրա հետ մեկտեղ, հաշվի առնելով Գազայի հատվածում ներկայիս պատերազմը, Պաղեստինը որպես պետություն ճանաչելու ժամանակը դեռ չի եկել։

Բացի այդ, Կասիսը նաև հիշեցրել է, որ Շվեյցարիայի սահմանադրության համաձայն, միջազգային հարաբերությունների համար պատասխանատու է Դաշնային խորհուրդը (կառավարությունը), այլ ոչ թե խորհրդարանը: Դա վերաբերում է նաև պետությունների ճանաչմանը։ ԱԳ նախարարը հավելել է, որ եթե խորհրդարանը հայտարարի Պաղեստինի անկախության ճանաչման մասին, ապա դա կնշանակի «լիազորությունների բաշխման խախտում»: 

Դրա հետևանքով քվեարկության ժամանակ Պաղեստինի ճանաչման մասին որոշման նախագծին աջակցել են միայն Սոցիալ-դեմոկրատական կուսակցության և «Կանաչների» կուսակցության պատգամավորները:

Դեռ մայիսի 22-ին եվրոպական երեք երկրներ՝ Իսպանիան, Նորվեգիան և Իռլանդիան, պաշտոնապես հայտարարեցին, որ ճանաչում են Պաղեստինի անկախությունը։ Այդ որոշումն ուժի մեջ մտավ մայիսի 28-ին։ Մի քանի օր անց եվրոպական այս երկրներից միացավ նաև Սլովենիան։ Փոխարենը Պաղեստինի անկախությունը հրաժարվել է ճանաչել Դանիան։

Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը հայտարարել էր, որ այս քայլի միակ նպատակը «օգնել իսրայելցիներին և պաղեստինցիներին հասնել խաղաղության»: Նորվեգիայի արտաքին գործերի նախարար Էսպեն Բարտ Էյդեն էլ հիշեցրել էր, որ Նորվեգիան ավելի քան 30 տարի եղել է «պաղեստինյան պետության ամենավճռական կողմնակիցներից մեկը»:

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այս որոշումներն անվանել էր «ահաբեկչության համար ընծա» ու հետ կանչել այդ երկրներից Իսրայելի դեսպաններին։

Պաղեստինի անկախությունը ճանաչել է ՄԱԿ-ի 193 երկրներից 143-ը։ Հայաստանն այդ երկրների թվում չէ։ Բացի մեր երկրից, Պաղեստինի անկախությունը չեն ճանաչում նաև ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան, և Իսրայելը։ Փոխարենը, Պաղեստինի անկախությունը ճանաչում են Հայաստանի հարևան բոլոր երկրները։

Լուսանկարը՝ Kavalenkava/Shutterstock

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter