HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

«Ըստ իս՝ ես լավ հրամանատար եմ». Իշխան Վահանյանը ցանկանում է կալանքը փոխարինել գրավով

Ջրականի նորակոչիկների 5-րդ գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանը կարծում է՝ եթե հակաօդային պաշտպանություն լիներ, Ջրականի զորամասը 44-օրյա պատերազմի ժամանակ կկատարեր իր առջև դրված խնդիրը։ Այս մասին հունիսի 10-ին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության քրեական դատարանում հայտնեց ամբաստանյալ Իշխան Վահանյանը։

Վահանյանը մինչև սեպտեմբերի 26-ը եղել է արձակուրդում։ Այդ օրը նրան զանգահարել և ասել են, որ առաջնագծում շարժ են նկատել, արձակուրդում գտնվող բոլոր հրամանատարներին կանչել են զորամաս։ Իշխան Վահանյանը մինչև հոկտեմբերի 8-ը զբաղեցրել է գումարտակի շտաբի պետի պաշտոնը, հետագայում ստանձնել է գումարտակի հրամանատարի պաշտոնը։

Որպես գումարտակի շտաբի պետ՝ իր պարտականությունը պատերազմի ժամանակ կազմակերպչական է եղել, զբաղվել է թղթաբանությամբ և տեղորոշմամբ։

Ստանձնելով գումարտակի հրամանատարի պաշտոնը՝ Վահանյանը առաջադրանք է ստացել նորակոչիկների անձնակազմին դիրքավորել Հադրութի մոտակայքում գտնվող Խուռհատ սարի վրա։ 

Ըստ վկայությունների՝ 2020թ. հոկտեմբերի 10-ին, երբ հակառակորդը հարձակվել է, Իշխան Վահանյանն իջել է սարից՝ ասելով, թե վիրավոր է, նստել է մեքենան և գնացել՝ իր հետ տանելով նաև կապի միջոցը։

Գումարտակի մեծ մասը նահանջել է և, չիմանալով հակառակորդի տեղակայման մասին, գնացել դեպի Հադրութ, որի հետևանքով զինծառայողները զոհվել կամ գերեվարվել են։

Ջրականի նորակոչիկների 5-րդ գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանը մեղադրվում է ուսումնական գումարտակի նորակոչիկներին մարտի դաշտում միայնակ թողնելու և մարտական դիրքերը լքելու մեջ։

Պատերազմի ժամանակ, ըստ Վահանյանի, նորակոչիկներ անձնակազմը պետք է բաշխվեր մյուս գումարտակների միջև։ Սակայն, նրա խոսքով՝ զորամասի հրամանատարը փոխանցել էր հրամանը, որ անձնակազմը դուրս գար 2-րդ էշելոն։

«Շատ-շատ է զեկուցվել, որ սխալ հրաման է, ունենք էն, ինչ ունենք… Շատ բաներ կան, որ սաղիս համար անհասկանալի ա, թե խի տենց եղավ, էդ հարցերի պատասխանը, որպես զինվորական, ես էլ իմ մեջ չեմ կարում գտնեմ»,- այսպես մեկնաբանեց Իշխան Վահանյանը։

Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Գուրգեն Գրիգորյանը հետաքրքրվում է՝ հնարավորություն կա՞ր ավելի լավ նախապատրաստել գումարտակը դիրքավորելու համար թե՛ զինամթերքեվ, թե՛ կապով՝ դիրքերն ավելի ամրապնդելու համար։

-Էդ պահի դրությամբ հնարավորություն չկար,- պատասխանեց Վահանյանը։

-Ինչո՞ւ հնարավորություն չկար,- հարցրեց Գրիգորյանը։

-Կարելի էր վերամիավորում կատարել ավելի փորձառու ստորաբաժանումների խմբերից, որոնք քիչ էին մնացել,- ասաց Վահանյանը՝ հավելելով՝ եթե առանձին տեխնիկա բարձրանար սար, ամրաշինական աշխատանքներ կատարվեր, հնարավոր էր դիրքերն ավելի ամրապնդել։ 

-Ինչ-որ բան կա՞, որ գտնում եք չի արվել։

-Չկա տենց բան,- պատասխանեց ամբաստանյալը։

Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչը հանդես եկավ հայտարարությամբ. «Ամբաստանյալի հայտնած տեղեկությունը ակնհայտորեն քրեական հետապնդելի արարքի վերաբերյալ է։ Հետևանքն այն է, որ գումարտակը հիմա չկա, ունեցել ենք այդքան զոհեր։ Հորդորում եմ դատարանին և մեղադրողին դիմել քրեական վարույթ հարուցելու համար»։

Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Գայանե Հովակիմյանն էլ հարցրեց՝ նորակոչիկները Հադրութում ինչ վիճակում էին։

-Մարտի պատրաստ չէին էդ վիճակում, անբավարարից բավարար,- զինծառայողների հոգեվիճակը գնահատեց հրամանատարը։

Իրավիճակը լարվեց, ծնողները սկսեցին տեղից խոսել։

-Ես եմ խոսում հիմա, ես եմ խոսում հիմա,- կրկնեց Վահանյանը։

-Բա որ դու ճիշտ էիր, ո՞ւր են երեխեքը…

-Դուք լա՞վ հրամանատար էիք, զինվորները պատրա՞ստ էին Ձեր հրամանները կատարել,- հարցրեց Գայանե Հովակիմյանը։

-Ըստ իս՝ ես լավ հրամանատար եմ,- պատասխանեց Վահանյանը։

-Դուք ասում եք, որ լավ հրամանատար եք եղել, ես զրուցել եմ շատ զինծառայողների հետ, դրական կարծիք չեն ունեցել Ձեր մասին։

Իշխան Վահանյանը չմեկնաբանեց։

-Ցուցմունք եք տալիս, ասում, որ բոլորը սխալ են, Դուք՝ ճիշտ, բոլորը եկան ցուցմունք տվեցին, ասեցին՝ Դուք եք մեղավոր, ինչո՞ւ չասացիք երբ հարցաքննվում էին, որ ստում էին,- ասաց տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչը։

-Ես իրականում ճիշտն ասում եմ,- նշեց նա։

Անդրադառնալով Խուռհատում իր վիրավորմանը՝ Վահանյանն ասաց, որ երկու զինվոր իր թևը մտած բերել են մինչև սարի վրա գտնվող հուշաքարի մոտ։

Ըստ նրա՝ ոտքից ու ականջից արյուն էր գալիս, ինքն ի վիճակի չէր քայլել։

Զորամասի հրամանատարին զեկուցել է, որ վիրավոր է, և զորքն իրար է խառնվել, Արթուր Քարամյանը հրամայել է ռադիոկապը փոխանցել վաշտի հրամանատար Հայկազ Գրիգորյանին։ Զորամասի հրամանատարը նահանջի ճանապարհ է ասել Հայկազ Գրիգորյանին, նշել է, որ հանկարծ դեպի Հադրութ չգնան։ Քարամյանը Հայկազ Գրիգորյանին, ըստ ամբաստանյալի, գումարտակի հրամանատարի պաշտոնում է նշանակել, ասել՝ «պատասխանատուն դու ես»։

Ըստ Վահանյանի՝ այս խոսակցությունից հետո ինքը դեռ 10-15 րոպե մնացել է այդտեղ։

-Ի՞նչ եք տեսել այդ ընթացքում,- հարցրեց դատավոր Ջոն Հայրապետյանը։

-Որ անձնակազմը վերևից իջնում է անտառային հատված։ Հայկազն իմ կողքն էր, ասում էր՝ արագացրեք, ո՞վ մնաց։

Քրեական գործում առկա տվյալների համաձայն՝ Իշխան Վահանյանը մարտի դաշտը լքելուց իր հետ տարել է նաև կապի միջոցը։ Վահանյանը վստահեցրեց՝ Հայկազ Գրիգորյանին փոխանցել է կապի միջոց, որով հնարավոր է եղել կապ հաստատել հրամանատարների հետ։

-Ունեք ձեր երդումը տված, որ պետք է մինչև արյան վերջին կաթիլը մնաք դաշտում, և ունենք ձեր վիրավորումը։ Ո՞րն է իրավական հիմքը եղել, որը ձեզ թույլ է տվել լքել մարտի դաշտը,- հարցրեց դատավորը։

-Ի վիճակի չեմ եղել,- պատասխանեց Վահանյանը։

Դատավորը նաև հիշեցրեց, որ զորամասի հրամանատար Արթուր Քարամյանն ասել է՝ համբերեն, մինչև անվտանգ ուղղություն տա։

-Երբ ձեր հետ խոսել է, կոնկրետ նահանջի վայր չի նշել,- ասաց դատավոր Ջոն Հայրապետյանը։

Իշխան Վահանյանը պնդեց, որ Քարամյանը նշել է ուղղությունը։

-96 զինծառայող գնացել է դեպի Հադրութ, ձեր կողմից նշված ուղղությամբ գնացել է 40 հոգի, ինչպե՞ս եք հասցրել այդ հրամանը ենթականերին, եթե 96 զինծառայող այն չի ստացել,- հարցրեց դատավորը։

Քրեական գործում առկա տեղեկությունների համաձայն՝ զինծառայողները գնացել են դեպի Հադրութ՝ չիմանալով հակառակորդի տեղակայման մասին։

Ըստ Վահանյանի՝ այդ անձնակազմը ուրիշի է լսել, դրա համար է այդպես գնացել։ Վահանյանը նաև չբացառեց, որ անձնակազմն ավելի շուտ է գնացել, քան իրենք։

Ծնողներից մեկը հարցրեց՝ ով է մեղավոր 90 երեխաների մահվան համար։

-Բոլորս էլ մեղավոր ենք։ Ունենք էն, ինչ ունենք,- պատասխանեց ամբաստանյալը։

Դատավոր Ջոն Հայարապետյանը հետաքրքրվեց՝ արդյոք այն քրեական գործը, որով տուժող է ճանաչվել Իշխան Վահանյանը (ծնողները ծեծել են նրան, -հեղ.), ազդել է այս գործով տեղեկություն հայտնելու վրա։

-Սաղ էդտեղից ա սկսել. Էս գործով ոնց կա, ասում եմ, բայց էս ամեն ինչը ընդեղից ա եկել,- հայտնեց Իշխան Վահանյանը։

Դատարանը մերժեց խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ միջնորդությունը

Իշխան Վահանյանը գրավոր միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ խնդրելով փոփոխել խափանման միջոց կալանքը գրավով։

Վահանյանի միջնորդության մեջ որպես հիմնավորում նշված էր այն, որ  վկաների մեծ մասն արդեն հարցաքննվել է, ապացույցները հետազոտվել են և ինքը չի կարող խոչընդոտ լինել։ Բացի այդ, նրա ծնողներն ունեն լուրջ առողջական խնդիրներ։

-Ավելացնելու բան ունե՞ք,- հարցրեց դատավոր Ջոն Հայրապետյանը։

-Ուզում եմ ընտանիքիս կողքին լինեմ, էրեխեքիս կողքին լինեմ,- պատասխանեց ամբաստանյալ Վահանյանը։

- Մենք էլ էինք ուզում,- տեղից ասացին ծնողները։

Դատախազ Գևորգ Ավետիսյանը խնդրեց մերժել միջնորդությունը՝ հիմնավորմամբ, որ դատավարության մասնակիցները լրացուցիչ հարցաքննության միջնորդություն ունեն, և այդ վկաները հանդիսանում են Վահանյանի համածառայակիցները, հնարավոր է՝ ենթակաները, և ինքը կարծում է, որ միակ խափանման միջոցը, որը կարող է երաշխավորել Վահանյանի պատշաճ վարքագիծը դատավարության ընթացքում, կալանքն է։

Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչները ևս միացան հանրային մեղադրողի առարկությանը։

Դատավոր Ջոն Հայարապետյանը որոշեց մերժել միջնորդությունը։

Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Գայանե Հովակիմյանը միջնորդեց որպես վկա դատակոչել և հարցաքննել 18-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատարի տեղակալ Մանուկ Բադալյանին, զորամասի հրամանատարի տեղակալ Աշոտ Մկրչտյանին և Արայիկ Հայրյանին։ Միջնորդությունը բավարարվեց։

Դատավորը Ջոն Հայրապետյանն իր նախաձեռնությամբ որոշեց կրկին հարցաքննության կանչել վաշտի հրամանատար Հայկազ Գրիգորյանին և Ջրականի զորամասի նախկին հրամանատար Արթուր Քարամյանին, որոնց ցուցմունքները Վահանյանի ցուցմունքի հետ հակասություններ ունեին։

Հաջորդ դատական նիստը նշանակվեց հունիսի 18-ին։

Կարդացեք նաև Իշխան Վահանյանի նախորդ ցուցմունքները՝

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter