HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արդյոք իրավաչափ էին ոստիկանության գործողությունները

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հունիսի 12-ի բողոքի ակցիայի ժամանակ Ոստիկանությունը հատուկ միջոցներ կիրառեց, այդ թվում՝ լուսաձայնային նռնակներ։ Ոստիկանության հատուկ գործողությունների հետևանքով, ըստ Առողջապահության նախարարության, բուժօգնության է դիմել 101 քաղաքացի։

Տուժածների թվում զանգվածային լրատվության 10-ից ավելի ներկայացուցիչ կա։ Նրանցից ոմանք ստացել են ծանր վիրավորում, ոմանք՝ թեթև վնասվածքներ։ Վնասվել են տեսախցիկներ, միկրոֆոններ, կորել են տեխնիկական միջոցեր, ինտերնետին միանալու սարքեր։

«ՍիվիլՆեթի» օպերատոր Նարեկ Հայրյանը դեպքի վայրում մասնագիտական գործունեություն է իրականացրել, հիշում է՝ Բաղրամյան-Դեմիրճյան հատվածում է եղել, որտեղ ոստիկանական պատնեշն էր․ «Նկատեցի, որ ոստիկաններն ագրեսիվ կերպով վազում են դեպի այգի, փորձեցի հասկանալ՝ ինչ իրավիճակ է, իմ տեխնիկայով անցա պարիսպը, կարմիր բերետավոր ոստիկանները քաշքշում էին քաղաքացիներին, նրանց կողմից ծայրահեղ ագրեսիա նկատեցի»,- ասում է նա։

Այնուհետև, ըստ Նարեկի, Ոստիկանությունն անկանոն կերպով լուսաձայնային նռնակներ է նետել իր ուղղությամբ։ «Մոտ հեռավորության վրա պայթում են դրանք, շնչահեղձ եմ լինում, աչքերիս առաջ սևանում է, չեմ տիրապետում տեսախցիկին։ Որևիցե մի ագրեսիվ ցուցարար չկար, զինված անձ չկար իմ ուղղությամբ, ու ես կուզեի տեսնել իրավական գնահատականը, թե դրանց անկանոն կիրառումը որքանով է ճիշտ։ Նռնակը նետվի ուր ասես ու պայթի տեսանկարահանման աշխատանք կատարող օպերատոր-լրագրողի կո՞ղքը»,- ասում է Նարեկ Հայրյանը։ 

Նա հրմշտոցների ժամանակ ընկել է. ոտքի երեք հատվածում սալջարդ ունի։ Ընկնելիս վնասվել է Նարեկի նկարահանման տեխնիկան։ Չնայած վատ ինքնազգացողությանը և ստացած վնասվածքին՝ Նարեկը շարունակել է նկարահանել։ Նա չի իմացել, որ խափանվել է ուղիղ եթերը, սակայն իրադարձության կադրերը պահպանվել են կրիչի վրա։ Նա նշում է՝ հատուկ միջոցների կիրառման վերաբերյալ Ոստիկանության կողմից իրազեկում չի լսել։

Գործընկերոջ հետ քայլել են դեպի խմբագրություն, սակայն ճանապարհին Նարեկն ուշագնաց է եղել, պարեկային ծառայության աշխատակիցներն են հասել օգնության։ Նրա ինքնազգացողությունը մինչև հիմա չի լավանում, գլխապտույտ, դող, սրտխառնոց ունի։ «Գնացի հիվանդանոց, ճիշտն ասած՝ որևիցե նորմալ ախտորոշում չասացին ինձ։ Հերթապահ բժշկուհին շատ պարկեշտ ձևով դիմավորեց ինձ, ասաց, որ նյարդաբանի հետազոտություն է պետք, նյարդաբանն ասաց, որ իր մասով չի զննությունը, ես իրեն ասացի, որ քաղաքացիական անհնազանդությունները լուսաբանելու ընթացքում է եղել, ինքն անմիջապես արձագանքեց, որ իր մասով չի։ Այնպիսի տպավորություն էր, որ վախեցավ քաղաքական թեմաների մեջ մտնել»,- պատմում է Նարեկը։

ABC Media-ի լրագրող Աղվան Ասոյանը պատմում է՝ ցուցարարների՝ Սիրահարների այգի մտնելուց հետո ոստիկանությունը նռնակներ նետել է հանկարծակի։ Ըստ լրագրողի՝ 2 նռնակ դիտավորությամբ նետել են հենց լրագրողների ուղղությամբ։

«Այդ ձայնից ես ու օպերատորը մի պահ կողմնորոշման զգացողությունը կորցրինք։ Ոչ մի բան չէի լսում, ականջներումս մենակ աղմուկ էր։ Դրանից հետո շարունակվեցին իմ և օպերատորի մի ականջում աղմուկ ու ձայներ լսվել։ Սրտխառնոց էլ ունեինք»,- պատմում է լրագրողը։ Այնուհետև «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում վերջիններիս առաջին օգնություն են ցուցաբերել։ Լրագրողը ենթադրում է, որ թեթև աստիճանի կոնտուզիա է տարել՝ բուժհաստատությունում ախտորոշում չեն տվել իրենց։

Աղվան Ասոյանի խոսքով՝ նախքան հատուկ միջոցների կիրառումը Ոստիկանությունը ոչ լրագրողներին, ոչ քաղաքացիներին չի զգուշացրել։ Այս լրատվամիջոցի երկու ներկայացուցիչ էլ տուժել է հրմշտոցների ժամանակ։

«Հետքի» լրագրող Արեն Նազարյանը ևս դեպքի վայրում էր։ Նա նշում է, որ ոստիկանությունը հատուկ միջոցներ կիրառելուց առաջ որևէ կերպ չի զգուշացրել լրագրողներին և քաղաքացիներին, թեև Քննչական կոմիտեն հայտնել է, թե տրվել է։ Նա դժվարանում է նշել՝ արդյոք դիտավորություն է եղել հենց լրագրողների ուղղությամբ նռնակ նետելը։ «Շատ-շատ էին լրագրողները ու տարբեր տեղերում էին, նռնակներից մեկն ընկավ մի ուղղությամբ, որտեղ խմբով լրագրողներ էին կանգնած»,- ասում է նա և փաստում, որ մեկ տասնյակից ավելի նռնակ է նետվել, իսկ դրան նախորդել է քաղաքացիների նկատմամբ Ոստիկանության բիրտ ուժի կիրառումը։ 

ԶԼՄ ներկայացուցիչները, որոնց հետ զրուցել ենք, փաստում են, որ հավաքը խաղաղ էր։ «Եղել է հրմշտոց ոստիկանների և ցուցարարների միջև, բայց ագրեսիվ հարձակում, գրոհ քաղաքացիների կողմից չի եղել։ Ոստիկաններն էին մարդկանց տապալում գետնին` առանց ձերբակալելու միտումի, այսինքն՝ ուղղակի ագրեսիվ վարք էր նրանց կողմից, որոշ ցուցարարներ էլ ագրեսիվ վարք էին դրսևորում՝ ընդդիմանալով ոստիկանների վերոնշյալ գործողություններին»,- ասում է «Հետքի» լրագրողը: 

Արեն Նազարյանը կարծում է՝ ցանկության դեպքում ոստիկանները կարող էին զգուշացնել հատուկ միջոցներ կիրառելու մասին, քանի որ նրանց մեծ մասը պարզապես կանգնած էր իր դիրքում, հիմնականում կարմիր բերետավորներն էին քաղաքացիների նկատմամբ ուժ կիրառում: «ՍիվիլՆեթի» օպերատոր Նարեկ Հայրյանն էլ նշում է՝ ակցիայի շատ մասնակիցներ նույնիսկ ձեռքերը բաց ու վերև պարզած էին՝ ցույց տալու իրենց անհնազանդության ակցիայի խաղաղ բնույթը։ Հիշում է՝ կանայք, երեխաներ, մեծահասակներ են եղել բողոքի ակցիայի մասնակիցներ։

«Ոստիկանության մասին» ՀՀ օրենքը սահմանում է, որ Ոստիկանության ծառայողը ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ և հրազեն գործադրելուց առաջ պարտավոր է նախազգուշացնել դրանք գործադրելու մասին՝ բավարար ժամանակ տրամադրելով օրինական պահանջները կատարելու և իրավախախտումը դադարեցնելու համար, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանց գործադրման հապաղումն անմիջական սպառնալիք է ստեղծում քաղաքացիների կամ ոստիկանության ծառայողի կյանքի ու առողջության համար կամ կարող է առաջացնել այլ ծանր հետևանքներ, կամ երբ ստեղծված իրավիճակում այդպիսի նախազգուշացումն անհնար է: 

Նույն օրենքով արգելվում է նաև հատուկ միջոցները գործադրել հղիության նկատելի նշաններով կանանց, ակնհայտ հաշմանդամների և անչափահասների նկատմամբ (բացառությամբ նրանց կողմից զինված հարձակում գործելու, զինված դիմադրության, մարդկանց կյանքին ու առողջությանը սպառնացող խմբակային հարձակման դեպքերի), մինչդեռ կադրերով արձանագրվել է, որ բողոքի ակցիային մասնակից առնվազն անչափահասներ և հաշմանդամություն ունեցող անձինք եղել են։

Հատուկ միջոցներ արգելվում է կիրառել նաև խաղաղ, առանց զենքի և օրենքով սահմանված կարգի խախտմամբ անցկացվող հավաքները և հանրային միջոցառումները դադարեցնելիս։ 

Հայաստանի Ժուռնալիստների միությունը և մի շարք լրագրողական կազմակերպություններ դատապարտել են Ոստիկանության այս գործողությունները և դիտավորություն են որակել լրագրողների ուղղությամբ հատուկ միջոցների կիրառումը։

Նշենք, որ Առողջապահության նախարարի հրամանի համաձայն էլ՝ «Զարյա» լուսաձայնային նռնակի գործարկումը պետք է լինի միայն բաց տեղանքում` մարդուց նվազագույնը 2,5 մետր հեռավորության վրա, ինչը ևս չի պահպանել Ոստիկանությունը՝ նռնակները նետելով հենց ցուցարարների և լրագրողների ուղղությամբ։

ԶԼՄ ներկայացուցիչների վկայությունների և դեպքի կադրերի համադրման համատեքստում հարց է առաջանում՝ արդյոք իրավաչափ են եղել ոստիկանության գործողությունները։

Հիշեցնենք՝ Ոստիկանության զորքերի նախկին հրամանատար, Ոստիկանության գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանին համանման արարքի համար 2018 թվականին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ և 3–րդ մասերով (Պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով և անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ)։ 

Ըստ մեղադրանքի՝ Երանոսյանը, չունենալով հատուկ միջոցառումների իրականացման միջոց հանդիսացող «Զարյա» տեսակի լուսաձայնային նռնակներ ստանալու և անձամբ գործադրելու լիազորություն, դրանց կիրառման համար թույլատրելի չափանիշների խախտմամբ, այն է՝ չպահպանելով մարդկանցից առնվազն 2,5 մետր հեռավորությունը, 2018 թվականի ապրիլի 16-ին՝ ժամը 15-ի սահմաններում, Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայում անցկացվող բողոքի զանգվածային ակցիայի ժամանակ գործադրել է 4 հատ «Զարյա» տեսակի լուսաձայնային նռնակ, ինչի հետևանքով ցույցի մասնակիցներից ավելի քան 40 հոգի ստացել են տարբեր աստիճանի, այդ թվում` ծանր և միջին ծանրության մարմնական վնասվածքներ: Լևոն Երանոսյանի կողմից հատուկ միջոցների գործադրման հետևանքով Բաղրամյան պողոտայում ծառայություն իրականացնող ՀՀ ոստիկանության զորքերի զինծառայողներից 6 հոգի նույնպես ստացել են մարմնական վնասվածքներ:

Բացի այդ, 2018 թվականի ապրիլի 22-ին՝ ժամը 14-ի սահմաններում, Երևան քաղաքի Արցախի պողոտայում անցկացվող բողոքի զանգվածային ակցիայի ժամանակ, կիրառման համար թույլատրելի նույն չափանիշների խախտմամբ, Լևոն Երանոսյանը ցուցարարների նկատմամբ գործադրել է 4 հատ «Զարյա» տեսակի լուսաձայնային նռնակներ, ինչի հետևանքով ցույցի մասնակիցներից ևս 6–ը ստացել են մարմնական վնասվածքներ:

Գործող Քրեական օրենսգրքում տվյալ հոդվածին համապատասխանում է 441-րդը, որը նախատեսում է ազատազրկում` չորսից ութ տարի ժամկետով:

Հավելենք, որ Լևոն Երանոսյանը հետագայում մեղավոր է ճանաչվել այլ հոդվածով՝ 375-րդ հոդվածի (իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը) 1-ին մասով, և նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է՝ վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով։ Իսկ 375-րդ հոդվածի 2-րդ մասով (նույն արարքները, որոնք անզգուշությամբ ծանր հետևանքներ են առաջացրել) նախատեսված հանցագործության հատկանիշներով Երանոսյանի նկատմամբ նշանակվել է պատիժ՝ 4 տարի ազատազրկում։ Սակայն նրա նկատմամբ կիրառվել է համաներում։

Կարդացե՛ք նաև՝

Գլխավոր լուսանկարը՝ «Ֆոտոլուրի»

 

Հ.Գ. Հոդվածի վերնագիրը փոխվել է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter