
Մեղադրանք և տնային կալանք՝ Նալբանդյան գյուղի վարչական ղեկավարին
Վերջին օրերին իրավապահ մարմինները Արմավիրի մարզի համայնքապետարանների մի քանի աշխատակիցների նկատմամբ քրեական հետապնդում են սկսել: Տնային կալանքի տակ է Մեծամոր համայնքի Նալբանդյան գյուղի վարչական ղեկավար Գրիգոր Մկրտչյանը: Քրեական վարույթը նախաձեռնվել է յուրացման հատկանիշներով: Հակակոռուպցիոն կոմիտեն միջնորդել է նրան կալանավորել, սակայն դատարանը որոշել է խափանման միջոց ընտրել տնային կալանքը և 10 մլն դրամ գրավ: Հակակոռուպցիոն կոմիտեից հաստատում են, որ վարչական ղեկավարներից մեկը տնային կալանքի տակ է և մեղադրվում է յուրացման համար, սակայն անունը չեն նշում՝ նախաքննության շահերից ելնելով:
«Հետքի» աղբյուրի փոխանցմամբ՝ խոսքը 40 մլն դրամ ենթադրյալ յուրացման մասին է:
Դեռ 2022թ. «Հետք»-ը գրել էր, որ Մեծամոր համայնքին միավորված Նալբանդյանի համայնքապետարանի ուսումնասիրությունների նախնական տվյալներով՝ 54 մլն դրամի պակասորդ է առաջացել: Տեղեկությունը հաստատել էին Մեծամորի համայնքապետարանից:
Մեծամոր համայնքի ղեկավար Վահրամ Խաչատրյանը «Հետք»-ին հայտնել էր, որ գույքահարկի և հողի հարկի փաստացի հավաքագրված գումարները համապատասխան հաշվեհամարին փոխանցելու գործընթացն իրականացվել է ոչ պատշաճ, ինչի հետևանքով էլ առաջացել է պակասորդը: Այլ կերպ ասած՝ հարկերը հավաքվել են, սակայն չեն մուտքագրվել համայնքային բյուջե:
«Ըտենց բան չկա, սուտ լուրեր ա»,-այդ ժամանակ մեզ ասել էր Գ. Մկրտչյանը:
Պարբերաբար անդրադարձել ենք Նալբանդյանի համայնքապետի շուրջ ծավալվող իրադարձություններին:
Մինչև խոշորացումը (խոշորացվել է 2021թ. դեկտեմբերին) տարիներ շարունակ Նալբանդյան համայնքում հարկերի հավաքագրման ցածր ցուցանիշներ են արձանագրվել: Մասնավորապես, 2018-ին հավաքագրվել է սեփական եկամուտների 16.8 %-ը, որից հողի հարկը՝ 11,7 %, իսկ 2019-ին՝ 62,9 %-ը, որից հողի հարկը՝ 61 %:
Դրանից առաջ ևս նույն պատկերն է եղել: 2017թ.-ի առաջին կիսամյակի ընթացքում Նալբանդյան համայնքում հողի հարկի հավաքագրումը կատարվել է պլանավորածի 20%-ի չափով, իսկ գույքահարկը՝ 29.2%:
Դրան զուգահեռ, տարիներ շարունակ Գ. Մկրտչյանը արտոնյալ պայմաններ է ստեղծել իր ընտանիքի անդամների և մերձավորների համար: Օրինակ, ավագանին զիջել է նրա դստեր ավտոմեքենայի գույքահարկը, իսկ համայնքապետի կինը զբաղեցրել է համայնքի երաժշտական դպրոցի տնօրենի պաշտոնը: Գ. Մկրտչյանի քրոջ ընտանիքի անդամը՝ 78-ամյա Ջեմմա Ղուկասյանը, եղել է համայնքի ղեկավարի ռեֆերենտը և այլն:
Նշենք, որ Գրիգոր Մկրտչյանը առաջին անգամ չէ հայտնվում նմանատիպ իրավիճակում: Դեռևս 2019թ.-ին գրել էինք, որ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Նալբանդյան համայնքի ղեկավար Գրիգոր Մկրտչյանին մեղավոր է ճանաչել պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ խոշոր չափի յուրացման և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ և դատապարտել 550.000 դրամ տուգանքի:
Ըստ դատավճռի՝ Մկրտչյանը համայնքի հողօգտագործողներին գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով պարարտանյութերի ձեռքբերման պետական աջակցության ծրագրի շրջանակներում, «Բերրիություն» ԱՄ-ի Մասիսի շրջանային միավորում ՍՊԸ-ից ստացված պարարտանյութից 2015-2016թթ. ընթացքում յուրացրել է պարարտանյութ գնելու վերաբերյալ գյուղապետարան չդիմած և պարարտանյութ չգնած 8 անձանց անվամբ ստացված խոշոր չափի՝ 598.000 դրամ արժեքով 4980 կգ պարարտանյութ։
Բացի այդ, Գրիգոր Մկրտչյանը, 2015-2016թթ. ընթացքում հավաքագրելով համագյուղացիների կողմից նշված ծրագրի շրջանակներում ձեռք բերված ընդհանուր՝ 112 պարկ ազոտական պարարտանյութի դիմաց վճարված գումարները՝ 672,000 դրամ, չի փոխանցել «Բերրիություն» ԱՄ-ի Մասիսի շրջանային միավորում ՍՊԸ-ի հաշվեհամարին և, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, յուրացման եղանակով հափշտակել է նշված գումարը ևս։
Դրանից հետո, Գրիգոր Մկրտչյանն, իր կողմից պարարտանյութի և գումարների յուրացման հանգամանքը թաքցնելու շահադիտական դրդումներից ելնելով, կազմել է պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող կեղծ տեղեկանք՝ Նալբանդյան համայնքում պարարտանյութի դիմաց պարտք ունեցող անձանց վերաբերյալ: Տեղեկանքում ներառել է կեղծ տեղեկություններ այն մասին, որ վերոնշյալ շահառուները, ծրագրի շրջանակներում ստանալով 1 մլն 270 հազ. դրամ ընդհանուր արժողությամբ ընդհանուր 10.580 կիլոգրամ պարարտանյութը, դրա դիմաց վճարում չեն կատարել, և կեղծ փաստաթուղթ հանդիսացող նշված տեղեկանքը ներկայացրել է Արմավիրի մարզպետարան։
Գրիգոր Մկրտչյանը դատապարտվել էր նաև 2013թ.: Նա մեղադրվել է այն բանի համար, որ իրավաբանորեն գրանցված չլինելով` մոր անունով գրանցված անհատ ձեռնարկատիրությունում, անհատ ձեռնարկատիրոջ անունից փաստացի իրականացրել է ձեռնարկատիրական գործունեություն և ղեկավարել այն:
Անձամբ կազմակերպել է Նալբանդյան գյուղի ավազակոպճային խառնուրդի հանքավայրի շահագործման և լվացած ավազի վաճառքի գործընթացը, որի ընթացքում պայմանավորվածություններ է ձեռք բերել տարբեր տնտեսվարող ընկերությունների ղեկավարների, կամ նրանց ներկայացուցիչների հետ լվացված ավազի մատակարարման, դրա արժեքի և վճարումների հետ կապված հարցերի շուրջ: Բացի այդ՝ գնորդ ընկերությունների ներկայացուցիչներին անձամբ տրամադրել է լվացված ավազի վաճառքի հաշվապահական փաստաթղթերը:
Այդպիսով, չարամտորեն խուսափել են պետական բյուջե վճարել մոտ 7 մլն 326 հազ. դրամի հարկերը և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարները:
Դատարանը Գ. Մկրտչյանին դատապարտել էր 3 տարի ժամկետով ազատազրկման, սակայն կիրառելով համաներում՝ ազատել էր պատժի կրումից:
Այս տարիների ընթացքում պատկան մարմինները բավարար ուշադրություն չեն դարձրել ոչ հրապարակումներին, ոչ արձանագրված փաստերին: Իշխանափոխությունից հետո էլ նա նշանակվել է վարչական շրջանի ղեկավար՝ ունենալով նման «հարուստ» անցյալ:
Երեկ էլ Քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, որ Փարաքար համայնքի ղեկավարի, Մերձավան բնակավայրի վարչական ղեկավարի և նույն համայնքի իրավաբանական բաժնի առաջատար մասնագետի կողմից ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու դեպքի մի շարք հանգամանքներով քրեական վարույթ է նախաձեռնվել։
2022թ․ դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած ձևական աճուրդում հաղթող է ճանաչվել բնակավայրի վարչական ղեկավարի նախընտրած անձը: Դրանից հետո Փարաքար համայնքի նախկին ղեկավարը 63.2 քմ մակերեսով տնտեսական շինությունը, 70.2 քմ մակերեսով ծածկը և սպասարկման համար անհրաժեշտ 0.3027 հա մակերեսով հողամասը աճուրդում հաղթող ճանաչված անձին օտարելու մասին որոշում է կայացրել։ Արդյունքում՝ վերոնշյալ գույքը մոտ 17 մլն 699 հազ դրամով ապօրինի օտարվել է այդ անձին։
Նշված անձանց ներկայացվել են մեղադրանքներ։ Փարաքար համայնքի նախկին ղեկավար Դ. Մինասյանը, նույն համայնքի Մերձավան բնակավայրի վարչական ղեկավար Մ. Ախտոյանը կալանավորվել են։ Առաջատար մասնագետի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը։
Գլխավոր նկարում՝ Գրիգոր Մկրտչյանը/լուսանկարը՝ հեղինակի
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել