HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լուսինե Հակոբյան

Ծառուկյանի ներկայացուցիչները դատախազությունից պահանջում են ներկայացնել ապօրինի գույքի բռնագանձման հիմքում դրված հաշվարկները

Հակակոռուպցիոն դատարանում այսօր՝ հուլիսի 1-ին, շարունակվեց Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի և նրան փոխկապակցված անձանց դեմ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության հայցադիմումի քննությունը՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով։ Նիստը նախագահում էր դատավոր Լիլի Դրմեյանը։

Նիստի սկզբին պատասխանողների ներկայացուցիչները առարկեցին լուսանկարահանմանը և տեսանկարահանմանը, քանի որ ըստ իրենց՝ այս գործերը պետք է դռնփակ անցկացվեն։ Դատարանը լրագրողներին արգելեց իրականացնել այդ գործողությունները։

Մինչ կանցնեին հայցի պարզմանը, պատասխանողների ներկայացուցիչ Վարազդատ Ասատրյանը հետաքրքրվեց, թե դատախազության պահանջով բռնագանձման ենթակա գույքերից մեկի վարձակալ Աննա Բարսեղյանն արդյոք գործում ներգրավվա՞ծ է երրորդ անձ։ Դատարանը հայտնեց, որ ներգրավված չէ։ Ասատրյանն ասաց՝ այդ դեպքում դատարանը կարող է ծանուցել կամ ներգրավել վերջինիս որպես երրորդ անձ։ Ասատրյանի խոսքով՝ այս մասին միջնորդություն չունի։ «Միջնորդություն չունեմ, այնպիսի տպավորություն չեմ ուզում ձևավորել, որ մենք շահագրգռված ենք դատական նիստերը տապալելով կամ հետաձգելով, դրա համար դատարանն ինչպես կորոշի, բայց դատական պրակտիկայում այս դեպքերում կողմերին երրորդ անձ ներգրավում են»,- ասաց նա։

Դատարանը հայտնեց, որ Աննա Բարսեղյանին ծանուցելու հետ կապված հարցը վերըստին կքննարկվի, իսկ այս պահին քանի որ չկան միջնորդություններ, պետք է հայցի պարզման գործընթացին անցնեն։ Վարազդատ Ասատրյանն ընդմիջեց դատարանին՝ հայտարարելով, թե այդ պարագայում միջնորդում է Աննա Բարսեղյանին ներգրավել որպես երրորդ անձ՝ ակնկալելով, որ միջնորդության բավարարումից հետո դատարանը նիստը կհետաձգի։ 

Դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության ավագ դատախազ Գևորգ Քոչարյանը առարկեց միջնորդության դեմ՝ նշելով, որ Աննա Բարսեղյանին կարելի է ծանուցել այդ մասին, այլ ոչ թե դատարանի որոշմամբ միանգամից երրորդ անձ ներգրավել։

Դատարանը հայտնեց, որ Վարազդատ Ասատրյանի ներկայացրած միջնորդության վերաբերյալ առանձին ակտի ձևով որոշում կընդունի։ Իսկ նիստը հետաձգելու անհրաժեշտություն չի տեսնում, քանի որ տվյալ վարձակալի իրավունքները միայն մեկ գույքի մասով են, իսկ հայցապահանջը շատ ավելի ծավալուն է, և գործի քննությունը կարելի է շարունակել հայցը պարզելու համար առնվազն մնացած գույքերի մասով։

Դատարանի այս հայտարարությունից հետո պետք է արդեն անցում կատարվեր հայցի պարզման գործընթացին, որի ժամանակ դատախազը պետք է ներկայացներ հայցապահանջը, սակայն Վարազդատ Ասատրյանը կրկին ընդհատեց՝ նշելով, թե գործի քննությունը շարունակելու հետ կապված ևս մի քանի խոչընդոտ կա։ Ըստ նրա՝ «Ազդարար» կայքում հրապարակային ծանուցում չի գտնում այս դատական նիստի անցկացման մասին ուղղված Արփի Ծառուկյանին։

-Պարոն Ասատրյան, հիմա դուք դատարանի գործողություննե՞րն եք ստուգում,- ասաց դատավոր Լիլի Դրմեյանը։

-Չէ, հարգելի նախագահող, ես չեմ ստուգում։

-Նիստի ավարտից հետո գործի նյութերին կարող եք ծանոթանալ, պարոն Ասատրյան։ Դատարանը ֆիքսել է, որ կա պատշաճ ծանուցում գործին մասնակցող բոլոր անձանց մասով։

-Եթե կա, հասկանանք՝ որ կոդով է, ծանուցումն ինչ եղանակով է։

-Նիստից հետո գործի նյութերին ծանոթացեք,- ընդհատելով Ասատրյանին՝ ասաց դատարանը։

Այնուհետև դատախազ Գևորգ Քոչարյանը ևս միջնորդությամբ հանդես եկավ՝ պահանջելով դատարանից երրորդ անձ ներգրավել «Արտբեն» ՍՊԸ-ին նույն տրամաբանությամբ, ինչ որ Աննա Բարսեղյանին։ Դատարանը նշեց, որ այս միջնորդության վերաբերյալ ևս որոշում կկայացնի առանձին ակտի ձևով։

Այս ողջ գործընթացը տևեց շուրջ մեկ ժամ։ Երբ արդեն չորրորդ անգամ դատարանը փորձում էր անցնել հայցի պարզման գործընթացին, Վարազդատ Ասատրյանը հայտարարեց, որ իրավական անորոշության մեջ են, քանի որ չգիտեն, թե ներկայացված հայցի հիմքում հաշվարկներն ինչպես են գեներացվել և կառուցվել, ուստի հայցադիմումի ներկայացվելուց հետո նրանք չեն կարողանա թիրախային հարցեր հնչեցնել դատախազությանը։

Դատախազության ներկայացուցիչներ Համլետ Հարությունյանը և Գևորգ Քոչարյանը հայտնեցին, որ նոր տվյալներ են ստացել և պետք է ստանան, որոնցով պայմանավորված՝ վերահաշվարկի անհարժեշտություն է առաջանալու, և հայցի հիմքի և առարկայի փոփոխության միջնորդությամբ են հանդես գալու ապագայում, ուստի նպատակահարմար են համարում հաշվարկները տրամադրել դատարանին և պատասխանող կողմին այն ժամանակ, երբ վերջնական տեսքով լինեն։ Իսկ այս փուլում անհրաժեշտ են համարում հայցի պարզում իրականացնել, քանի որ հայցի հիմքի և առարկայի փոփոխություն դատարանը հետագայում կարող է թույլ տալ միայն պարզված հայցի պարագայում։ Բացի այդ՝ ըստ դատախազության՝ հայցի իրավական հիմքերը փոփոխման չեն ենթարկվելու, ուստի այս փուլում առնվազն իրավական հիմքերի վերաբերյալ հարցերը կարող են սպառել։

Վարազդատ Ասատրյանը շարունակեց պնդել, որ առանց այդ հաշվարկների տրամադրման արդյունավետ չի կարող լինել գործընթացը և չեն կարող ճիշտ կառուցել իրենց պաշտպանությունը։

Դատախազության ներկայացուցիչներն էլ նշեցին, որ պարտավորություն չունեն այդ հաշվարկները տրամադրելու, ուստի կտրամադրեն այն ժամանակ, երբ նպատակահարմար համարեն։ Դատարանը հավելեց, որ կարող են տրամադրել նաև դատարանի պահանջով։ Վարազդատ Ասատրյանը պահանջեց տրամադրել այդ հաշվարկները։

Շուրջ 1 ժամ էլ տևեց այս քննարկումը։ Կողմերից յուրաքանչյուրը շարունակեց պնդել իր տեսակետը։ 10 րոպե ընդմիջումից հետո դատարանը դատախազության ներկայացուցիչներին խնդրեց ներկայացնել հայցադիմումը, սակայն դեռևս ոչ ամբողջությամբ, այլ սկզբի հատվածները, թե ուսումնասիրությունն ինչ հիմքով է սկսվել և հաշվարկների իրականացման տրամաբանությունը որն է եղել։ Դատախազ Համլետ Հարությունյանը ներկայացրեց հայցադիմումի այդ հատվածները, որից հետո դատարանը հարցրեց դատախազության ներկայացուցիչներին, թե հաջորդ դատական նիստին կարո՞ղ են ներկայացնել այս պահին հարուցված և քննվող հայցի հիմքում դրված հաշվարկները։ Համլետ Հովհաննիսյանը հայտնեց, որ այդ հաշվարկները աշխատանքային ֆայլի տեսքով են և համակարգելու անհրաժեշտություն կա, ուստի կփորձեն այնպես անել, որ հաջորդ նիստին ներկայացնեն դատարանին։

Գործով հաջորդ նիստը տեղի կունենա օգոստոսի 26-ին՝ 10։00-ին։

Նշենք, որ համաձայն հայցադիմումի՝ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին Գագիկ Ծառուկյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել.

  • 79 անշարժ գույք. 
  • 42 տրանսպորտային միջոց.
  • Չնույնականացված 8 տրանսպորտային միջոցների ձեռքբերման արժեք՝ 348 մլն 194 հազար դրամ.
  • Զիջված պահանջի իրավունքի գումար՝ շուրջ 33 միլիոն դրամ.
  • 10 անշարժ գույքի, որոնք օրենքի իմաստով պատկանում են Գագիկ Ծառուկյանին, շուկայական արժեք. 
  • 39 իրավաբանական անձանցում բաժնեմասեր և բաժնետոմսեր.
  • 63 մլրդ դրամի փոխառությունների պահանջի իրավունք.
  • 12 ֆիզիկական և իրավաբանական անձանց (ում հնարավոր չի եղել նույնականացնել) տրամադրված փոխառությունների գումարի չափ գումար՝ շուրջ 16.8 մլրդ դրամ.
  • 86 մլրդ 400 մլն դրամի բռնագանձման պահանջ, որը հանդիսանում է ապօրինի ծագում ունեցող գույքի օգտագործումից ստացված եկամուտների և օրինական եկամուտներով չհիմնավորվող վճարումների, փոխանցումների և այլ ելքերի հանրագումար:

Սակայն Ծառուկյանի փաստաբանական խումբը հավաստիացնում է, որ Գագիկ Ծառուկյանի գույքերի ծագումն օրինական է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter