HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Երևանի ու Բաքվի միջև խաղաղության պայմանավորվածության բացառիկ հնարավորություն կա. Բլինքեն

ԱՄՆ վարչակազմը կարծում է, որ այժմ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ պայմանավորվածությունների ձեռքբերման բացառիկ հնարավորություն կա: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ ելույթ ունենալով Բրուքինգսի ինստիտուտում։ 

«Երկրների միջև խաղաղ պայմանավորվածություններն իրագործելու բացառիկ հնարավորություն կա, ինչը կդադարեցնի տասնյակ տարիներ շարունակվող հակամարտությունը և, կարծում եմ, տարածաշրջանում հսկայական հնարավորություններ կստեղծի տնտեսական կապերի, տնտեսական աճի, արևելքի և արևմուտքի, հարավի և հյուսիսի երկրների միջև կապերի հաստատման տեսանկյունից։  Ադրբեջանը պետք է որոշիչ դեր խաղա դրանում»,- հայտարարել է ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։ 

Նա հավելել է, որ դրան ակտիվորեն ձգտել են դիվանագիտության միջոցով՝ փորձելով Ադրբեջանին և Հայաստանին մոտեցնել խաղաղ պայմանավորվածություններին։

«Եվ, կարծում եմ, հիմա դա իսկապես հնարավոր է։ Ես այդ մասին խոսել եմ մոտ մեկ շաբաթ առաջ նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Կարծում եմ՝ դա իրագործելի է և լիովին համապատասխանում է Ադրբեջանի և Հայաստանի ժողովուրդների, ինչպես նաև՝ ողջ տարածաշրջանի շահերին»,- շարունակել է Բլինքենը։

Հիշեցնենք, որ հունիսի 21-ին ԱՄՆ պետքարտուղարը հեռախոսազրույց էր ունեցել Ալիևի հետ։ Ինչպես հայտնել էր ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը, հեռախոսազրույցի ընթացքում ԱՄՆ պետքարտուղարն ասել էր, որ խաղաղության ուղղությամբ Բաքվի և Երևանի գործողություններում առաջընթաց կա: 

«Պետքարտուղարը խոսել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի քննարկման շարունակական գործընթացի մասին և ընդգծել այն առանց հապաղելու կնքելու կարևորությունը: Նա կրկնել է, որ ԱՄՆ-ն պահպանում է Բաքվի և Երևանի հետագա փոխգործակցությանը ցանկացած կերպ աջակցելու պատրաստակամությունը, որն օգտակար կլինի երկու կողմերի համար»,- ասված էր ամերիկյան կողմի գրավոր հայտարարության մեջ։

Նախօրեին էլ Ադրբեջանի նախագահը, ընդունելով այդ երկրում Կանադայի դեսպանին, հայտարարել էր, որ խաղաղության պայմանագրի կնքման գլխավոր պայմանը Հայաստանի Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելն է։

«Կարծում եմ, որ մենք կարող ենք մի քանի ամսվա ընթացքում ավարտել խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ աշխատանքը, առնվազն դրա հիմնական սկզբունքների վրա։ Նշեմ, որ «բռնազավթման շրջանում» (չակերտները՝ խմբ.) ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդների ծրագիրն էր համաձայնության գալ հիմնարար սկզբունքների շուրջ, որոնք կոչվում են «Մադրիդյան սկզբունքներ»։ Դրանք պետք է նախաստորագրվեին, իսկ հետո պետք է կազմվեր տեքստը։ Կարծում ենք, որ դա կարող է տարբերակ լինել՝ պայմանավորվելու հիմնարար սկզբունքների շուրջ, նախաստորագրել դրանք, իսկ հետո աշխատել խաղաղության պայմանագրի տեքստի վրա»,- հայտարարել էր նա։ 

«Խաղաղության պայմանագրի ստորագրման հիմնական պայմանը Հայաստանի Սահմանադրության փոփոխությունն է, քանի որ այն Ադրբեջանի դեմ տարածքային պահանջներ է պարունակում։ Եվ քանի դեռ այդ փոփոխությունը տեղի չի ունեցել, խաղաղության պայմանագիրը չի ստորագրվի»,- եզրափակել էր Ալիևը։

Ադրբեջանական կողմը պնդում է, որ ՀՀ Սահմանադրության մեջ հղում է արվում Հայաստանի անկախության հռչակագրին, որտեղ հղում է արվում 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշմանը։ Ադրբեջանական կողմը կարծում է, որ այս նախադասությամբ Հայաստանը շարունակում է տարածքային պահանջներ ներկայացնել Ադրբեջանին։

Լուսանկարը՝ Reuters գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter