HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Որդին գնում էր ծնողներին տարհանելու. նա զոհվեց ճանապարհին

Բերժիկ Հովսեփյանը Վարդաձորից բերած ճամպրուկում թոռան հետ փնտրում է որդու լուսանկարները։ Ալբոմում թոռների նկարներն են տարբեր տարիքում։ Որդուց միայն մի լուսանկար գտան։ Բացած էջի մյուս կողմում էլ թոռներից մեկն է: «Վերան է՝ փոքր ժամանակ»,- հուշում է Անգելինան՝ զոհված Հայկ Հովսեփյանի չորս անչափահաս երեխաներից կրտսերը։

Հայկ Հովսեփյանը սպանվել է սեպտեմբերի 20-ի առավոտյան, մեքենայով Արցախի Մարտակերտ քաղաքից Վարդաձոր գյուղ գնալու ճանապարհին: Նա գնում էր ծնողներին գյուղից դուրս բերելու: 

Հայկը Մարտակերտի շրջանի Վարդաձոր գյուղից էր։ Նա կնոջ՝ Ալվարդի և չորս երեխաների հետ ապրում էր Մարտակերտ քաղաքում։ Ծնողները՝ Բերժիկ և Վերա Հովսեփյանները, Վարդաձորում էին ապրում։ Հայկն աշխատում էր Կաշենի ոսկու հանքում։  Մինչև այդ 3 տարի աշխատել է որպես պայմանագրային զինծառայող։

2023-ի սեպտեմբերի 19-ին, երբ սկսվեցին մարտական գործողությունները, Հայկն աշխատանքի էր։ Կապ չկար, չէր կարողանում որեւէ մեկի հետ խոսել: Աշխատավայրից սկզբում գնացել է Մարտակերտ՝ ընտանիքի մոտ։ Երբ համոզվել է, որ ընտանիքի հետ ամեն ինչ կարգին է, ճանապարհին պատահած տարբեր մեքենաներով հասել է Ճանկաթաղ գյուղ, որտեղ քրոջ ընտանիքն էր ապրում։ Ճանկաթաղի բնակչությունն արդեն տարհանվել էր։ Այդտեղից գնացել է Վարդաձոր, որտեղ ծնողներն էին։ Մայրը՝ Վերան, սրտի հիվանդություն ուներ և դժվարությամբ էր տեղաշաժվում։ Ծնողներին տեղափոխելու համար նա երեկոյան վերադարձել է Մարտակերտ՝ մեքենայի հետևից։ 

«Գյուղում տարհանում էր, բոլորը դուրս էին գալիս, մեզ էլ գյուղապետը 19-ի գիշերը ասեց` եկեք ձեզ հանենք գյուղից, ճանապարհենք մեկի մեքենայով։ Ասեցի` չէ, տղաս ասել է` սպասեք, գալու եմ ձեզ տանեմ։ Մենք սպասում էինք իրեն»,- պատմում է Բերժիկ Հովսեփյանը։

Սեպտեմբերի 20-ի առավոտյան` ժամը 8-ի մոտակայքում, նա կրակոցի ձայներ է լսել։ «Ձայնի ուղղությամբ շարժվեցի, որ հասկանամ՝ ինչ է կատարվում։ Տեսա, որ մի քանի հարյուր մետրի վրա տղայիս «Նիվա»-ն է։ Մտածեցի, որ կամ զոհվել է կամ հաջողվել է փախչել»,- պատմում է Բերժիկը։ 

Ադրբեջանցիները սեպտեմբերի 19-ի գիշերվանից վերահսկում էին գյուղ տանող ճանապարհը։ Բայց քանի որ կապը խափանված էր, հնարավոր չէր դրա մասին տեղյակ պահել Հայկին։ Նրա մեքենան գնդակոծության տակ ընկավ իրենց տնից 250 մետր հեռավորության վրա: Նա դուրս է եկել մեքենայից, փորձել է փախչել։ Սակայն ադրբեջանցիները գնդակահարել են նրան։ 

Հայկից հետո այդ ճանապարհով ևս մեկ մեքենա է փորձել գյուղ մտնել։ Մեքենայում եղել են Վովա Ավանեսյանը և Միշա Շահնազարյանը։ Նրանց մեքենան նույնպես գնդակոծվել է, Վովան սպանվել է, Միշան՝ վիրավորվել: Նա կարողացել է հասնել անտառ ու փրկվել։

Սեպտեմբերի 20-ի երեկոյան Բերժիկը կնոջ հետ ոտքով գնացել է 5 կմ հեռավորության վրա գտնվող Ծաղկաշեն գյուղ: Այնտեղից նրանց շտապ օգնության մեքենայով տեղափոխել են  Մարտակերտ: Սեպտեմբերի 23-ին տարհանել են Ստեփանակերտ։ Սեպտեմբերի 24-ին Հովսեփյանների ընտանիքը բեռնատար «ԿԱՄԱԶ» մեքնայի բաց թափքով տեղափոխվում է Հայաստան՝ Արտաշատի Բերդիկ գյուղ։ Հայկի մայրը՝ Վերան, Հայաստան է հասել բարեկամներից մեկի մեքենայով։ Նրան տեղափոխել են հիվանդանոց և օրեր անց սրտի վիրահատություն կատարել։  

Հայկի ճակատագիրն իմանալու համար Արցախում մնացել էր Բերժիկի մեծ թոռը՝ աղջկա որդին՝ Հարությունը։

Սեպտեմբերի 26-ին Վարդաձորի և Կաշենի հանքի մոտակայքից Արցախի ԱԻՆ-ը Կարմիր Խաչի հետ վեց աճյուն հանեց։ Նրանց մեջ էր նաև Հայկ Հովսեփյանի մարմինը։ Սեպտեմբերի 27-ին Հարությունը, որը մասնակցում էր որոնողական աշխատանքներին, քեռու մարմինը տեղափոխել է Երևան։ Հայկ Հովսեփյանը հուղարկավորված է Եռաբլուրում։

Բերժիկ Հովսեփյանը կնոջ, հարսի և չորս անչափահաս թոռների հետ այժմ վարձով ապրում է  Արարատի մարզի Մխչյան գյուղում։ 

Այս տարի նոյեմբերին լրանում է Բերժիկի եւ Վերայի ամուսնության 50-ամյակը։ «Տղաս՝ Հայկը, ասում էր, որ ամուսնության հիսունամյակին մի մեծ քեֆ ենք անելու, ամբողջ գյուղով»,- հիշում է Բերժիկը։

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի վրա Ադրբեջանի հարձակման հետևանքով, ըստ պաշտոնական տվյալների, զոհվեց 21 քաղաքացիական անձ, այդ թվում՝ 6 երեխա։ Հրետակոծությունից խուսափելու ժամանակ ավտովթարի հետևանքով զոհվեց եւս երկու քաղաքացիական անձ։

 

Կարդացեք նաև՝

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter