HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանում արագիլների աղտոտման հիմնական արեալը Մասիսի տարածաշրջանն է

Արարատի մարզի Դաշտավան գյուղի ճամփեզրին Լուսինե Աղաջանյանը պայուսակից հանում է հեռադիտակն ու նայում մեզնից փոքր-ինչ հեռու՝ դաշտում անցուդարձ անող սպիտակ արագիլներին: Այդտեղ մեծ ու փոքր թռչուններ են: Մեծերը երիտասարդներին «ուսումնական վարժանքների» են տարել՝ կեր փնտրելու եւ թռիչքի հմտությունները սովորեցնելու: Արագիլների երամին խառնվել են եգիպտական տառեղները:

DSC06408.jpg (685 KB)

Լուսինեն NABU-ի (Գերմանիայի բնության պահպանության միություն) հայաստանյան մասնաճյուղի կենսաբազմազանության ծրագրի ղեկավարն է, ԳԱԱ Կենդանաբանության ինստիտուտի ասպիրանտ: Ատենախոսության թեման էլ սպիտակ արագիլների պոպուլյացիան է Հայաստանում: Լուսինեն հետազոտում է նաեւ գիշատիչ թռչունների բնադրման վայրերը մեր երկրում, մշակում դրանց պահպանությանն ուղղված համալիր միջոցառումներ, գենետիկ ուսումնասիրություններ կատարում:

Արագիլը ջրաճահճային տարածքներում ապրող թռչուն է: Սնվում է միջատներով, սողուններով, երկկենցաղներով, մանր թռչունների ձագերով: Սակայն արագիլի կերակրացանկի մեծ մասը միջատներն են, որոնք սպիտակուցի հարուստ աղբյուր են եւ օգնում են թռչունների արագ աճին: 

Լուսինեն ասում է՝ արագիլները շատ սոցիալական թռչուններ են, հավաքվում են այն վայրերում, որտեղ սնունդ կա, աղբավայրեր: Նախաչուի ժամանակ նրանք պիտի լավ սնվեն, էներգիա հավաքեն, որպեսզի կարողանան երկար թռիչք կատարել: Դա է նաեւ պատճառը, որ Հայաստանի որոշ աղբավայրերում, օրինակ՝ Մասիսի տարածաշրջանում, կարելի է տեսնել բազմաթիվ արագիլներ:

Հայաստանում հաշվառվել է 12 հազար սպիտակ արագիլ, 3200 բույն. բների համար մեծ պայքար է

Լուսինեն նշում է, որ կարծրատիպ է այն, թե ամեն տարի տվյալ բույնը վերադարձողը նույն արագիլն է: Գիտաշխատողը նկատում է, որ բների համար մեծ պայքար է գնում թռչունների միջեւ: Որոշ զույգեր չեն ցանկանում նոր բույն սարքել եւ զբաղեցնում են ուրիշինը: 

2024 թ. տվյալներով Հայաստանում կա մոտ 12 հազար արագիլ: Դրանցից մոտ 6500-ը հասուն առանձնյակներն են, մնացածը՝ ձագերը: Մեր երկրում սպիտակ արագիլի 3200 բույն կա: 

«Հետքի» զրուցակիցն ասում է, որ Արարատյան դաշտում բնադրման հաջողությունը մյուս վայրերի համեմատ ցածր է, ինչը կարող է պայմանավորված լինել միջավայրի աղտոտվածությամբ: 

Արագիլների հաշվառման համար ամենալավ ամիսը համարվում է հունիսը, քանի որ ձագերը լինում են 5-8 շաբաթական, եւ ծնողների հետ նրանց էլ հնարավոր է տեսնել բներում, իսկ 8 շաբաթականից հետո ձագերը սկսում են թռչել: 

NABU-ի հայաստանյան մասնաճյուղը 2020 թ. հունիսից սկսել է սպիտակ արագիլների հետազոտություններն Արարատյան դաշտում: Ընդ որում՝ սպիտակ արագիլը գերմանական կազմակերպության խորհրդանիշն է: 

«Ծրագիրը  բազմակոմպոնենտ է: Այն ներառում է արագիլների ամենամյա հաշվառումը, աղտոտվածների քանակի, տոկոսի, արեալի որոշումը, աղտոտման դինամիկայի որոշումը: Թռչունների վրա նաեւ տեղադրում ենք արբանյակային տվիչներ, որպեսզի հասկանանք, թե որտեղ են նրանց լոկալ տեղաշարժերը, որտեղ են սնվում, արդյոք այդ տարածքն աղտոտված է, թե ոչ, օղակավորում ենք իրականացնում, փետուրների նմուշառում ենք կատարում, նաեւ փրկարարական աշխատանքներ ենք իրականացնում, որը խնդրի կարճաժամկետ լուծում է: Բնակիչներից ահազանգերը բազմաթիվ են, երբ արագիլն աղտոտված է ու չի կարողանում թռչել, պետք է ինչ-որ օգնություն ցուցաբերել, դրա համար էլ ունենք փրկարարական բաղադրիչը»,- պարզաբանում է NABU-Հայաստանի աշխատակիցը:

Սպիտակ արագիլների հաշվառում առաջին անգամ արել են 2020-ին: Այցելել են  Արարատի ու Արմավիրի մարզերի բոլոր բնակավայրերը, վերցրել արագիլների բների կոորդինատները, գրանցել, թե ամեն բնում քանի արագիլ կա, քանիսն են հասուն, քանիսը՝ փոքր եւ այլն: Հանդիպած թռչունների մեջ եղել են, թե՛ նվազ, թե՛ միջին, թե՛ ծանր աղտոտվածությամբ արագիլներ:

Արագիլների վրա արբանյակային տվիչների տեղադրումն էլ օգնում է հետեւել թռչունների միգրացիային, դրա ուղիներին: Օղակավորման ժամանակ էլ թռչնի ոտքին անցկացնում են պլաստիկ օղակ, որի վրա երկրի կոդով հերթական համարն է: Վերջինս գրանցվում է տվյալների բազայում, ու երբ թռչունը չուից հետո նկատվում է այլ երկրների թռչնասերների կողմից, նրանք այդ մասին հայտնում են տվյալների նույն բազայում: Այդուհանդերձ, օղակավորումը, ի տարբերություն արբանյակային տվիչի, հնարավորություն չի տալիս հետեւել թռչունների չուի հետագծին, ավելին՝ տվիչի միջոցով կարելի է նաեւ իմանալ թռիչքի բարձրությունն ու արագությունը: 

Լուսինե Աղաջանյանի տեղեկացմամբ՝ Հայաստանում հաշվառված 12 հազար սպիտակ արագիլներից 10 հազարը ձմռանը չվում է: Նրանց հիմնականում ուղղությունը Իրաքն է, բայց քանի որ արագիլները նաեւ շատ սոցիալական են, կարող են Հայաստանից դուրս զույգ գտնել ու չվերադառնալ: Ամեն ձմեռ մեր երկրում՝ աղբավայրերում, թռչնաբուծական ֆաբրիկաների թափոնների մոտ եւ այլ վայրերում, շուրջ 2000 սպիտակ արագիլ է հաշվառվում: 

Աղտոտման հարցն արդիականությունը չի կորցրել

Հայաստանում շարունակում է արդիական մնալ արագիլների աղտոտվածության հարցը, ինչն անմիջականորեն ազդում է թռչունների կենսագործունեության վրա:

NABU-Հայաստանի հետազոտությունների համաձայն՝ սպիտակ արագիլների աղտոտման հիմնական արեալը (տարածքը) համարվում է Մասիսի տարածաշրջանը, մասնավորապես՝ Հրազդան եւ Սեւջուր (Մեծամոր) գետերի ավազանները: Լուսինեն ասում է՝ քանի որ Հայաստանի մնացած հատվածները լեռնային են, գետերն ինքնամաքրման պոտենցիալ ունեն, կարողանում են դա իրականացնել եւ կրիտիկական վիճակի չհասնել: Բայց հարթավայրային հատվածներում, հատկապես սակավաջուր տարիներին, գետերը տեղ-տեղ ճահճանում են, հոսքը դադարում է, այս տարածքներում գետերի մեջ լցվում են մեծաքանակ կոյուղաջրեր ու արտադրական թափոնաջրեր: 

Այս տարի NABU-Հայաստանը հրապարակել է հետազոտության արդյունքները, ըստ որոնց՝ 2020-2024 թթ. ընթացքում առաջին անգամ Արարատյան դաշտում (Արարատի եւ Արմավիրի մարզեր) նկատվել է սպիտակ արագիլների աղտոտվածության ծավալների նվազում: Այս տարի աղտոտվածությունն, ըստ բների, կազմել է 42,5 տոկոս, իսկ 2023-ին եղել է 58,1 տոկոս: 1 տոկոսով կրճատվել է նաեւ աղտոտվածության արեալը Արարատյան դաշտում:

Լ. Աղաջանյանի խոսքով՝ աղտոտման նվազումը կարող է պայմանավորված լինել մի շարք բնական եւ մարդածին հանգամանքներով, որոնք պարզ կդառնան վերլուծությունից հետո: Վարկածներից մեկն այն է, որ աղտոտվածության նվազմանը նպաստել են եղանակային պայմանները: Խնդիրը, ըստ «Հետքի» զրուցակցի, բազմաշերտ է, սակայն վերջինս հաստատում է, որ նվազման ինտենսիվությունը կախվածություն ունի եղանակից: «Այս տարի տեղումնառատ է եղել: Ամառն ավելի մեղմ է, ինչն էլ իր ազդեցությունն ունեցել է: Մնացած պարագաներում պետք է ուսումնասիրություններում ներառվեն տեսչականի տվյալները թափոնաջրերի կառավարման հետ կապված, որպեսզի համեմատական անցկացնենք եւ հասկանանք, թե ինչքան ազդեցություն է ունեցել»,- նկատում է կենդանաբանը: 

Չնայած հրապարակված թվերին՝ Լուսինեն փաստում է, որ խնդիրը կա այնքան ժամանակ, քանի դեռ գետերին միախառնվում են կոյուղաջրերն ու թափոնաջրերը: 

Նրա առաջարկով միասին այցելել ենք Մասիս խոշորացված համայնքի Ղուկասավան գյուղի այն հատվածը, որտեղ Երեւանից եկող կոյուղաջրերի պարունակությունը խառնվում է Հրազդանի ջրերին: 

Կոյուղաջրերի հոսքը Հրազդանից ավելի վարար է

Ղուկասավանի գերեզմանատան մոտ ենք հասնում: Կայանում ենք մեքենան ու նեղ արահետով հասնում միայն մեխանիկական մաքրման ենթարկված կոյուղաջրերի ու Հրազդանի միախառնման տեղը: 

Դեռ այդ կետը չհասած՝ բոլորիս մոտ սրտխառնոց է սկսվում: Ափսոսում ենք, որ դիմակներ չենք վերցրել: Օդի ջերմաստիճանը 30 աստիճան է: Բետոնե խողովակաշարից դուրս եկող կոյուղաջրերի հոտը, կարծես, ամենուր է: Անտանելի է:

Լուսինեն կատակում է, թե ահա Ղուկասավանի ջրվեժը, ու մատնացույց անում մոտ 100 մետրի վրա կոյուղաջրերի՝ ջրվեժի նման միախառնումը Հրազդանին: 

Գետում ջուրը քիչ է: Մի կողմից՝ կոյուղաջրերը, մյուս կողմից՝ կենցաղային աղբը, կարծես, շղթայել են առանց այն էլ սակավաջուր գետը: Կոյուղաջրերի միախառնումից Հրազդանը «լցվում է»:  

Լուսինեն ասում է, որ այս կետից մոտ 1 կմ դեպի ներքեւ գետի հոսքը դանդաղում է, իսկ շոգ եղանակներին գրեթե կանգնում է: Հենց այդ հատվածներում էլ որոշակի շերտազատում է տեղի ունենում: 

Ինչպես են գետեր լցվող թափոնաջրերը ազդում արագիլների վրա

«Յուղային զանգվածները բարձրանում են ջրի մակերեւույթ, իսկ ծանր մետաղները նստում են հատակին, եւ ջրի հոսքը մնում է միայն մեջտեղի հատվածում: Յուղի շերտը տարբեր գործարանների եւ մասնավոր անձանց թափոնաջրերի արդյունքն է,- բացատրում է կենդանաբանը,- եւ արագիլները կարող են օգտվել այդ յուղային հատվածից: Այսինքն՝ գալիս են ջուր խմում, ինչպես խմում են, այնպես էլ տանում են իրենց ձագերի գլխին լցնում շոգ եղանակներին, որպեսզի հովանան: Դա շատ տարածված պրակտիկա է իրենց մոտ: Եթե ջուրը մաքուր է, ժամանակի ընթացքում գոլորշանում է, բայց եթե քիմիական, օրգանական կամ սինթետիկ ծագման յուղեր են, դրանք մնում են ձագերի վրա: Այդ յուղերն ունեն կպչողունակություն, ինչի պատճառով իրենց վրա հավաքում են փոշի, եւ տարբեր նյութեր, ինչի պատճառով փետուրները կորցնում են իրենց տեսքն ու գործառույթները՝ ջերմամեկուսիչ ֆունկցիան»: 

976A1350.jpg (384 KB)

«Հետքի» զրուցակցի փոխանցմամբ՝ աղտոտված արագիլների մարմնի ջերմաստիճանը մի քանի անգամ գերազանցում է մաքուր արագիլների մարմնի ջերմաստիճանը: Բացի դրանից՝ փետուրները կորցնում են թռիչքի հատկությունը: Եթե մինչեւ աղտոտումը դրանք քիստերով կպած էին ու ապահովում էին աեորդինամիկան, ապա աղտոտվելիս լրիվ կպնում են իրար, եւ թռչունները չեն կարողանում սավառնել երկնքում: 

«Դուք կտեսնեք աղտոտված արագիլների կարճ թռիչքներ, բայց միգրացիոն թռիչքներ չեն կարող իրականացնել,- ավելացնում է Լուսինեն ու հեռախոսով ցույց տալիս հաշվառման արդյունքում կազմված քարտեզը,- տեսեք, սրանք Հայաստանի արագիլների բոլոր բներն են՝  մոտ 3200 բույն: Կարմիրները աղտոտվածների բներն են, կանաչները՝ չաղտոտվածների»: 

«Մենք ցույց ենք տվել, որ երիտասարդ արագիլների մահացության աստիճանը բավականին բարձր է: Երբ երիտասարդները նոր են թռիչք կատարում, հատկապես երբ աղտոտված են, երկար դիստանցիաներով չեն կարողանում թռչել: Կարող են կարճ թռչել, բայց հետագայում միգրացիոն թռիչք չեն կարող իրականացնել, իսկ միգրացիոն թռիչքը շատ-շատ մեծ էներգիա է պահանջում: Եթե նույնիսկ փորձ կատարեն, ավելի կարճ ու ավելի շատ դադարներով են թռիչքները, ինչի հետեւանքով կարող են զոհ դառնալ տարբեր բաների, այդ թվում՝ էլեկտրահարումների»,- բացատրում է կենդանաբանը: 

Էլեկտրահարումներն արագիլների համար մեծ խնդիր են, բացի դրանից՝ Լուսինեն նկատում է, որ չուի ժամանակ արաբական երկրներում, մասնավորապես՝ Լիբանանում, կրակում են արագիլների վրա, ինչի դեմ պայքար է տարվում: Ըստ մեր զրուցակցի՝ պարզվել է, որ արագիլի կյանքի տեւողությունն անազատ պայմաններում առավելագույնը մոտ 20 տարի է, իսկ ազատ պայմաններում՝ մինչեւ 15 տարի: 

«Օրական 6 արագիլի համար մեր կազմակերպություն են զանգում, ասում՝ արագիլներն ընկել են, եկեք տարեք: Էս պարագայում հակասություն է առաջանում. մի կողմից՝ մարդն իրավունք չունի վայրի բնության մաս հանդիսացող էակին պահի, մյուս կողմից՝ խնամում է: Բայց հարց է՝ այդ խնամքից հետո թռչունը կապրի՞, թե՞ չէ: Ինքը ծնողից պետք է ստանա այդ փորձը»,- նշում է Լ. Աղաջանյանը՝ հավելելով, որ ծնողները հետեւում են բնից ընկած ձագին, հուշում, որ թռչելու փորձեր անի, կեր հայթայթի, բայց երբ մարդը վերցնում տանում է, կապը կորում է, ու ձագն ավելի ուշ է սկսում թռչել, քան ծնողի խնամքի տակ եղածները:

Ի՞նչ անել՝ իրավիճակը փոխելու համար

Կենդանաբանը համոզված է, որ արագիլների աղտոտվածության ծավալները կկրճատվեն, եթե գետերը մաքուր պահենք: Իսկ դրա համար, ըստ նրա, պետությունը պետք է փոխի տուգանքների քաղաքականությունը, քանի որ դա արդյունավետ մեթոդ չէ. գործարանները տուգանվում են, բայց շարունակում թափոնաջրեր լցնել գետերը: 

«Հայաստանի տնտեսության  համար կարեւոր են գործարանները, բայց, իմ կարծիքով, ամեն մեկիս բարեկեցությունը կախված է մեր միջավայրի որակից: Մենք կարող ենք շատ բան ունենալ, բայց օդն այնքան աղտոտված լինի, որ առողջ չլինենք: Պետք է աշխատել հասարակության հետ, որ հանրությունը եւս հասկանա, որ պատասխանատու է մաքուր պահել շրջակա միջավայրը»,- նշում է Լուսինեն ու ավելացնում, որ հասարակության վերաբերմունքը շրջակա միջավայրի նկատմամբ պետք է ձեւավորվել մանկապարտեզներից եւ դպրոցներից: 

Ըստ նրա՝ պետությունը պետք է գետերի վերաբերյալ քաղաքականություն մշակի, եւ ջրային անվտանգությունը պետք է լինի պետության առաջնային գործառույթներից մեկը: «Պետք է սկսենք մաքրման կայաններից: Թույլ չտանք, որ առանց քիմիական եւ կենսաբանական մաքրման՝ թափոնաջրերը հայտնվեն գետում: Սա նույնիսկ ազգային անվտանգության խնդիր է»,- ասում է Լուսինե Աղաջանյանը:

Գենետիկայից՝ կենդանաբանություն. մոլորակը միայն մարդկանցը չէ

Լուսինեն փոքր տարիքից գիտեր, որ աշխատելու է կենդանիների հետ, բայց չգիտեր, թե ինչ բնույթի է լինելու աշխատանքը: Բակալավրիատի 4-րդ կուրսում կրթաթոշակ էր ստացել Իսրայելու սովորելու համար: Այնտեղ մարդու գենետիկան էր ուսումնասիրում լաբորատոր պայմաններում: Բայց ընթացքում հասկացել էր, որ դա իրենը չէ, իրեն ձգում են սարերն ու դաշտերը: Պատահական հրավիրվել էր թռչունների միգրացիայի մոնիտորինգ անելու: Մեկ տարի Իսրայելում թռչունների հետ աշխատելուց հետո հասկացել էր, որ Հայաստան է վերադառնալու եւ մագիստրատուրան շարունակելու է կենդանաբանության գծով: Այդպես էլ արել էր: 

Եկող տարի Լուսինեն կավարտի ասպիրանտուրան՝ դառնալով կենսաբանական գիտությունների թեկնածու: Ատենախոսության ղեկավարն էլ հրեա է՝ Հայֆայի համալսարանից: Եթե ստացվի, նա կշարունակի հետազոտական աշխատանքը ԳԱԱ Կենդանաբանության ինստիտուտում:  

«Հայաստանից միանշանակ չեմ գնա: Հնարավորություն ունեի Իսրայելում մնալու, բայց Հայաստանից էն կողմ չեմ ուզում ապրել՝ սարերը, ձորերը, բնությունը, կենդանիները, մարդիկ.... Ճիշտ է, Հայաստանը էկոլոգիական մեծ խնդիրներ ունի, ու քանի որ անընդհատ բնության գրկում եմ, տեսնում եմ ու փորձում բարձրաձայնել: Հասկանում եմ, որ սկզբից պետք է գիտահեն հետազոտություններ արվեն՝ ինչ-որ փոփոխություն բերելու համար,- ասում է Լուսինե Աղաջանյանն ու հավելում,- մենք բոլորս հավասար ենք Երկիր մոլորակի վրա, չնայած մարդիկ ասում են, թե մենք ենք գլխավորը: Ինձ համար անընդունելի է, որ մեր արարքների պատճառով կարող են տուժել կենդանիները: Եթե կարելի է փորձել էնպես անել, որ մեր ազդեցությունն ավելի քիչ լինի, ապա պետք է անել դա»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter