HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Վարազդատ Լալայանը՝ Փարիզի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն

Փարիզում ընթացող ամառային Օլիմպիական խաղերի +102 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Վարազդատ Լալայանը դարձավ արծաթե մեդալակիր։ Հայաստանի հավակաքանի կազմում միջազգային մրցաշարերում բազմաթիվ մեդալներ նվաճած Գոռ Մինասյանը, որն արդեն ներկայացնում է Բահրեյնը, դարձավ բրոնզե մեդալակիր, իսկ չեմպիոնը կրկին վրացի լեգենդար ծանրորդ Լաշա Տալախաձեն է։

Պոկում վարժությունում բոլոր ծանրորդներն ավարտեցին իրենց ելույթները և նոր միայն պայքարի մեջ մտան գլխավոր ֆավորիտները՝ Լալայանը, Մինասյանն ու Տալախաձեն։ Երեք մարզիկներն էլ առաջին մոտեցման համար պատվիրել էին 210 կգ, որը հաջողությամբ պոկեցին։ Երկրորդ մոտեցմամբ Տալախաձեն ու Լալայանը բարձրացրին 215, իսկ Գոռ Մինասյանը՝ 216 կգ։ Երրորդ մոտեցմամբ Լալայանը պատվիրեց 218 կգ, սակայն չկարողացավ պոկել։ Տալախաձեն ու Մինասյանն էլ պատվիրել էին 220 կգ, սակայն նրանք նույնպես չկարողացան բարձրացնել։ Արդյունքում Գոռ Մինասյանը դարձավ պոկում վարժության առաջատար։

Հրում վարժությունում Գոռ Մինասյանը սկսեց 245 կգ-ից և հաջողությամբ ֆիքսեց։ Լաշա Տալախաձեն ու Վարազդատ Լալայանն էլ առաջին մոտեցմամբ հրեցին 247 կգ։ Երկրորդ մոտեցման համար Լալայանը պատվիրեց 252 կգ և վստահորեն բարձրացրեց ծանրաձողը։ Երկրորդ մոտեցմամբ Գոռ Մինասյանը չկարողացավ բարձրացնել 255 կիլոգրամը, իսկ Տալախաձեն կարողացավ հրել այդ քաշը։ Այնուհետև Մինասյանը կրկին մոտեցավ 255-ին և նորից չկարողացավ հրել՝ բավարարվելով հրում վարժության 245 կգ արդյունքով։ Վարազդատ Լալայանը երրորդ մոտեցման համար պատվիրել էր 256 կգ, սակայն չկարողացավ հրել այն։ Իսկ Լաշա Տալախաձեն հրաժարվեց երրորդ մոտեցումից, քանի որ արդեն ապահովել էր չեմպիոնական ոսկին։

Արդյունքում Լաշա Տալախաձեն իր կարիերայում երրորդ անգամ հռչակվեց Օլիմպիական չեմպիոն՝ 470 կգ արդյունքով։ Վարազդատ Լալայանը՝ 467 կգ-ով փոխչեմպիոնն է, իսկ Գոռ Մինասյանը՝ բրոնզե մեդալակիրը՝ 461 կգ արդյունքով։

Այսքանով Հայաստանի Օլիմպիական հավաքականն ավարտեց իր ելույթները այս խաղերում։ Մեր հավաքականը նվաճեց 3 արծաթե և 1 բրոնզե մեդալ․ սպորտային մարմնամարզության հենացատկի վարժությունում Արթուր Դավթյանը դարձավ արծաթե մեդալակիր, հունահռոմեական ոճի ըմբշամարտի 77 կգ քաշում Մալխաս Ամոյանը բրոնզ նվաճեց, հունահռոմական ըմբշամարտի 97 կգ քաշային կարգում արծաթե մեդալակիր դարձավ Արթուր Ալեքսանյանը, և այսօր էլ ծանրամարտի +102 կգ քաշում Վարազդատ Լալայանը նվաճեց արծաթե մեդալը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter