HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ապօրինի գույքի գործերով մասնակի բավարարված 2 վճիռ կա․ պահանջների ո՞ր մասերն է մերժել դատարանը

Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանի ձևավորումից՝ 2021թ․ ապրիլի 14-ից ի վեր, ապօրինի գույքի բռնագանձման պահանջի վերաբերյալ դատարանը կայացրել է 3 վճիռ, որոնցից 2-ը բավարարվել են մասնակի, 1-ը՝ ամբողջությամբ։ Վճիռներից ոչ մեկը դեռևս չի մտել օրինական ուժի մեջ։ Ապօրինի գույքի գործերով կնքվել է հաշտության 6 համաձայնություն, որոնցով Հայաստանի Հանրապետությանն է փոխանցվել ընդհանուր 7 անշարժ և 1 շարժական գույք, ինչպես նաև շուրջ 687 մլն դրամ:

Ինչ վերաբերում է մասնակի բավարարված վճիռներին, պետք է նշել, որ ՀՀ դատական իշխանության պաշտոնական կայքէջում հրապարակվում է միայն դատարանի վճռի եզրափակիչ մասը, և դրանից պարզ չի դառնում, թե Դատախազության հայցապահանջի որ մասն է մերժել դատարանը։

Մասնակի բավարարված վճիռները, ինչպես նշեցինք, երկուսն են։ Առաջինը վերաբերում է գործարար Գագիկ Ծառուկյանի փեսային և դստերը, երկրորդը՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորը՝ Լյովա Սարգսյանին փոխկապակցված անձ Գևորգ Վարդանյանին։ Համադրելով այս երկու գործերով Դատախազության հայցապահանջը և դատարանի վճռի եզրափակիչ մասը, պարզ է դառնում, թե ինչ կետեր է մերժել դատարանը։ Հարկ է նշել, որ բռնագանձման ենթակա գույքի նույնիսկ պայմանական 1 դրամը դատարանի կողմից չբավարարվելու դեպքում վճիռը համարվում է մասնակի բավարարված։

Գործարար Գագիկ Ծառուկյանի դստեր՝ Ռոզա Ծառուկյանի և նրա ամուսնու՝ Կոտայքի մարզի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի դեմ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը ներկայացրել է 9 կետանոց հայցապահանջ։ Գործով դատավորը եղել է Նարինե Ավագյանը։ Դատախազությունը պահանջել է բռնագանձել բնակելի տուն, հողամաս, դրամական միջոցներ և այլն։ Հայցապահանջի կետերից երկուսը չի բավարարել դատարանը, երեք կետ մասնակի է բավարարել, իսկ չորսը՝ ամբողջությամբ։ Հայցապահանջի կետերից վեցը վերաբերում է Ռոզա Ծառուկյանին և Կարապետ Գուլոյանին, իսկ երեքը՝ միայն Կարապետ Գուլոյանին։ Դատարանի վճիռը դեռևս օրինական ուժի մեջ չի մտել։ Պատասխանող կողմը մեկ ամսվա ընթացքում կարող է բողոքարկել վերադաս ատյան, իսկ չբողոքարկելու դեպքում դատարանի վճռով բռնագանձման ենթակա գույքը կանցնի Հայաստանի Հանրապետության տնօրինմանը։

Այս գործով, ինչպես նշեցինք, դատարանը ամբողջությամբ բավարարել է հայցապահանջի միայն 4 կետ, դրանց գումարային ընդհանուր արժեքը կազմում է մոտ 260 մլն դրամ։ Այդ  չորս կետերով դատախազությունը պահանջել է բռնագանձել՝ 

  • Մեկ հողամաս, որը գտնվում է Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում, արժեքը՝ 38 մլն 810 հազար դրամ։ 
  • «Ակբա Բանկ» ԲԲԸ-ի 2 000 բաժնետոմս, արժեքը՝ 30 մլն դրամ։
  • 294 900 ԱՄՆ դոլար փոխառության չվերադարձված մասի՝ 264 000 դոլարի պահանջի իրավունքը կամ այս գումարին համարժեք 132 մլն 845 հազար դրամ։ 
  • 58 մլն 120 հազար դրամ, որպես ապօրինի եկամտի մնացորդ։

Դատախազության հայցապահանջի երեք կետ մասնակի է բավարարել դատարանը։ Դրանք են՝

  • Դատախազությունը պահանջել է բռնագանձել անշարժ գույք Կոտայքի մարզի Առինջ գյուղում, արժեքը՝ 459 մլն 225 հազար դրամ։ Այս մասով դատարանը վճռել է բռնագանձել անշարժ գույքի 91․77%-ը, որի արժեքը կազմում է 421 մլն 431 հազար դրամ։
  • Դատախազությունը պահանջել է բռնագանձել «Էլեկտրամոնտաժ» ԲԲ ընկերության 2 424 բաժնետոմս գնելու արժեքը՝ 22 500 587 դրամ։ Դատարանի վճռել է բռնագանձել 2019-ին գնված 267 բաժնետոմսերի արժեքը՝ 934 հազար դրամ։ 
  • Դատախազությունը պահանջել է բռնագանձել 1 մլրդ 242 մլն 483 հազար դրամ ապօրինի ծագում ունեցող գումար։ Դատարանը որոշել է բռնագանձել 1 մլրդ 227 մլն 490 հազար դրամը։

Հայցապահանջում ներկայացված այս երեք կետերի հանրագումարը կազմում է 1 մլրդ 724․2 մլն դրամ, որից բավարարվել է 1 մլրդ 649․9 մլն դրամը։

Դատարանը չի բավարարել հայցապահանջում նշված երկու կետ, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 506 մլն 100 հազար դրամ։ Այդ երկու կետերն են՝

  • Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում անշարժ գույք, որի միջին շուկայական արժեքը կազմում է 242 մլն 800 հազար դրամ։ 
  • 548 025 ԱՄն դոլար փախառության չվերադարձված մասի գումարը՝ մոտ 263 մլն 300 հազար դրամ։

Դատախազությունը մեզ տրամադրել է բռնագանձման ենթակա գույքերի շուկայական միջին արժեքները։ Ըստ այդ տվյալների՝ մոտ 2 մլրդ 416 մլն դրամից դատարանը վճռել է բռնագանձել մոտ 1 մլրդ 910 մլն դրամը՝ հայցապահանջով ներկայացվածից 506 մլն դրամ պակաս։ Ստացվում է՝ դատարանը վճռել է բավարարել հայցապահանջի 79%-ը։

Երկրորդ մասնակի բավարարված վճիռը վերաբերում է Գևորգ Վարդանյանին, որը, մամուլում առկա տեղեկություններով, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորը փոխկապակցված անձ է։ Գևորգ Վարդանյանի դեմ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը ներկայացրել է 9 կետանոց հայցապահանջ։ Գործով դատավորը եղել է Կարապետ Բադալյանը։ Դատախազությունը պահանջել է բռնագանձել մեքենաներ, բնակելի տուն, դրամական միջոցներ և այլն։ Հայցապահանջի հինգ կետ դատարանը բավարարել է ամբողջությամբ, երեքը՝ մասանկի, իսկ մեկը չի բավարարել։ Դատարանի վճիռը դեռևս օրինական ուժի մեջ չի մտել։ Պատասխանող կողմը՝ Գևորգ Վարդանյանը ներկայացրել է վերաքննիչ բողոք։

Դատարանն ամբողջությամբ բավարարել է Դատախազության ներկայացրած հայցապահանջի հետևյալ կետերը՝

  • Երևանի Վահագնի թաղամասում գտնվող բնակելի տուն, որի միջին շուկայական արժեքը, ըստ Դատախազության տրամադրած տվյալների, 157 մլն դրամ է։
  • Երկու KAMAZ 5511 մակնիշի մեքենա, 6 մլն 850 հազար դրամ արժողությամբ։
  • «Լավիթա ֆարմ» ՍՊ ընկերության 25% բաժնեմասը։
  • 5 մլն 894 հազար դրամ, որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ։

Դատախազության հայցապահանջի երեք կետ մասնակի է բավարարել դատարանը։ Դրանք են՝

  • Դատախազությունը պահանջում էր բռնագանձել «Պոլի տրանսպորտ» ՍՊ ընկերության 37% բաժնեմասը։ Դատարանը որոշել է բռնագանձել 20․30%-ը։
  • Դատախազությունը պահանջում էր բռնագանձել նույն ՍՊԸ-ին տրամադրված 10 մլն 280 հազար դրամ փոխառության գումարը, դատարանը վճռել է բռնագանձել 0․6%-ով պակաս՝ 10 մլն 218 հազար դրամ։ 
  • Որպես ապօրինի ծագում ունեցող գումար Դատախազությունը պահանջում էր բռնագանձել 16 մլն 499 հազար դրամ, որից դատարանը վճռել է բռնագանձել 11 մլն 997 հազարը։

Չի բավարարվել միայն «Եփրատ տուր» ՍՊ ընկերության 50% բաժնեմասը բռնագանձելու վերաբրյալ պահանջը։

Այսպիսով՝ դատարանը վճռել է Գևորգ Վարդանյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել մոտ 163 մլն 850 հազար դրամի անշարժ գույք, 28 մլն 109 հազար դրամ գումար և երկու ՍՊ ընկերություններում մասնակցություն։

Նշենք, որ հուլիսի 29-ի դրությամբ՝ դատարան է ներկայացվել ապօրինի գույքի բռնագանձման պահանջով 106 հայցադիմում, որոնցից մեկը դեռևս վարույթ չի ընդունվել, մեկ հայցադիմումի շրջանակում էլ դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ վճիռ կայացնելու։ Այս 106 հայցադիմումներով Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը հօգուտ ՀՀ-ի պահանջում է բռնագանձել 1 150 անշարժ և 225 շարժական գույք, 300 իրավաբանական անձում մասնակցություն։ Բոլոր հայցադիմումների հանրագումարային արժեքը 559 մլրդ 687 մլն դրամ է։ Այս գումարում ներառված չէ իրավաբանական անձանցում մասնակցության, նաև մի շարք գույքերի արժեքները։

Գլխավոր նկարը ստեղծվել է արհեստական բանականության՝ DALL·E 3-ի միջոցով

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter