HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ապօրինի գույքի բռնագանձում․ ինչպե՞ս է պետությունն օգտագործելու բռնագանձված գույքը

Ապօրինի ծագում ունեցող բռնագանձված գույքից, հուլիսի 11-ի դրությամբ, պետական գրանցում է ստացել 12 անշարժ և 1 շարժական (տրանսպորտային միջոց) գույք։ 1 անշարժ գույքի նկատմամբ Հայաստանի Հանրապետության անվամբ գրանցված է կառուցապատման իրավունք, իսկ կառուցապատման աշխատանքների ավարտից և շինարարական աշխատանքների ավարտական ակտի տրամադրումից հետո տվյալ գույքի նկատմամբ կգրանցվի պետության սեփականության իրավունքը։ Այս մասին «Հետք»-ին հայտնում են Պետական գույքի կառավարման կոմիտեից։

Բռնագանձված գույքից միայն Երևան քաղաքի Աբովյան 3 հասցեում գտնվող անշարժ գույքի (նախկին ԱՕԿՍ-ի շենք) վերաբերյալ է Կառավարությունը որոշում կայացրել։ Մասնավորապես՝ Կառավարությունն ընդունել է «Վարձակալությամբ անշարժ գույք տրամադրելու մասին» որոշում, որով ԱՕԿՍ-ի 651.6 քմ մակերեսով ոչ բնակելի տարածքը տրամադրվում է վարձակալության մրցույթով՝ 10 տարի ժամկետով, օրենքով չարգելված գործունեություն իրականացնելու համար: Սահմանվել է, որ մրցույթով վարձակալության տրամադրվող անշարժ գույքի ամսական նվազագույն վարձավճարը պետք է լինի 15 մլն 450 հազ․ դրամ։

Վարձակալության տրամադրման մրցույթի օր է հայտարարվել 2024թ․ օգոստոսի 12-ը։

«Մնացած գույքերի մասով Պետական գույքի կառավարման կոմիտեն «Պետական գույքի կառավարման մասին» օրենքով իրականացնում է այդ գույքերի առավել արդյունավետ և նպատակային օգտագործմանն ուղղված գործողություններ»,- նշում են Պետական գույքի կառավարման կոմիտեից։ Իսկ թե որն է «առավել արդյունավետ և նպատակային օգտագործումը», չեն մանրամասնել։

Նշենք, որ հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձվել է նաև մոտ 1 մլրդ 374 մլն դրամ։ 

Պետգույքի կառավարման կոմիտեից հայտնում են, որ դրամական միջոցները պետք է փոխանցվեն պետական բյուջե, սակայն դրանց վերաբերյալ Կոմիտեն տեղեկություն չունի։

Հարկ է նշել, որ թեև Կառավարությունը կարևում է ապօրինի գույքի բռնագանձումը, դրա համար ներդրել է առանձին մարմիններ՝ Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանը, վերադաս դատարաններ, Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը և այլն, սակայն չկա օրենսդրական հստակ կարգավորում, թե պետությունն ինչպես է տնօրինելու բռնագանձված գույքը, ինչ նպատակներով է օգտագործելու և այլն։ Դրանք գրանցվում են որպես պետական գույք և կարգավորվում «Պետական գույքի կառավարման մասին» օրենքոով նախատեսված կարգավորումներով, ինչպես օրինակ՝ նախարարության շենքերի, պետական այլ մարմինների զբաղեցրած տարածքների կամ ծառայողական ավտոմեքենաների դեպքում։

Կան երկրներ, որտեղ օրենքով ապօրինի գույքի կառավարումը և բռնագանձված միջոցներն առանձնացվում են պետական գույքից։ Մասնավորապես, Իտալիայում օրենքով նախատեսված է, որ բռնագանձված գույքը կարող է օգտագործվել միայն սոցիալական նպատակներով։ Նման ծրագրեր իրականացնելու համար անհատույց օգտագործման իրավունքով հանձնում են համայնքներին, հասարակական կազմակերպություններին, կամ պետությունն ինքն է իրականացնում նման ծրագրեր՝ բացելով խնամքի կենտրոններ, մանկապարտեզներ և այլն։ Իսկ, եթե գույքը վաճառվում է, ապա օրենքով նախատեսված է, որ այդ գումարը չի կարող օգտագործվել աշխատավարձերի, պարգևավճարների վճարման նպատակով։ Պետությունը այդ գումարները պետք է դարձյալ ուղղի սոցիալական ծրագրերի իրականացմանը։

Իտալիան ունի նաև օրենսդրական կարգավորում, որպեսզի բռնագանձված գույքը չհայտնվի հանցավոր խմբավորումների կամ գույքի նախկին տերերի ձեռքում։ Հատուկ ստեղծված հանձնաժողովն ուսումնասիրում է բոլոր հայտերը, բացահայտում կապերը, որից հետո նոր միայն եզրակացություն է տալիս այդ գույքի օգտագործման կամ տնօրինման վերաբերյալ։ Կա նաև օրենսդրական սահմանափակում, որ 5 տարվա ընթացքում գնորդն իրավունք չունի վաճառելու գույքը, որ եթե այդ ընթացքում բացահայտվի նրա կապը նախկին սեփականատերերի կամ հանցավոր խբերի հետ, պայմանագիրը խզվի, և գույքը վերադարձվի պետությանը։

Հայաստանում նման տարբերակված մոտեցում չկա։ Բռնագանձված գույքը կարող է վաճառվել, և այդ գումարները կարող են ուղղել, օրինակ՝ պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացմանը կամ նրանց սպասարկմանը։ Սահմանափակում չկա նաև, թե ում է վաճառվում կամ վարձակալության տրվում գույքը, հետևաբար ցանկացած ոք, այդ թվում՝ գույքն ապօրինի ձեռք բերած անձը կարող է հետագայում դառնալ գույքի օգտագործող կամ վաճառքի դեպքում՝ օրինական սեփականատեր։

Իտալիայում պետությունն իր ձեռքն էր վերցնում նաև բռնագանձված ընկերությունների կառավարումը։ Մասնավորապես՝ որոշում էր կայացվել, որ աշխատատեղ ապահովող ընկերությունները ոչ թե փակվելու են բռնագանձումից հետո, այլ դրա կառավարումն իրականացնելու է պետությունը՝ հատուկ այդ նպատակով վերապատրաստված կառավարիչների օգնությամբ։ Այդ եղանակով մոտ 3000 ընկերություն է պահվում այդ երկրում։

Հայաստանում օրինական ուժի մեջ մտած վճռով դեռևս բռնագանձված ընկերություն չկա։

Ումից և ինչ գույք է բռնագանձվել 

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչության ձևավորումից ի վեր կնքվել է հաշտության 6 համաձայնություն, որոնցով Հայաստանի Հանրապետությանն է փոխանցվել ընդհանուր 7 անշարժ և 1 շարժական գույք, ինչպես նաև շուրջ 687 մլն դրամ: 2024թ. Հակակոռուպցիոն դատարանը կայացրել է 3 վճիռ, որոնք դեռևս չեն մտել օրինական ուժի մեջ, այլ կերպ ասած՝ նշված 3 գործով Հայաստանի Հանրապետության օգտին դեռևս չի բռնագանձվել որևէ գույք կամ գումար:

Ինչ վերաբերում է հաշտության համաձայնագրերին, ապա 2023թ. մարտի 21-ին կայացված վճռով հաստատվել է Գլխավոր դատախազության և Արթուր Մանուկյանի միջև կնքված հաշտության համաձայնությունը, որի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությանն է փոխանցվել Երևան քաղաքի Ծարավ Աղբյուր փողոցին հարակից հողատարածքը, որի միջին շուկայական արժեքը 81 մլն 962 հազ. դրամ է: 

Մինչև համաձայնության գալը, Դատախազությունը պահանջում էր բռնագանձել վերը նշված անշարժ գույքի 52.25%-ը կամ գույքի միջին շուկայական արժեքը` 42 մլն 827 հազ․ դրամը: Սակայն կողմերը համաձայնության են եկել պետությանը փոխանցել այդ գույքի 100%-ը` փոխարենը բռնագանձման ենթակա որոշ գույք չի բռնագանձվի:

Արթուր Մանուկյանը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի մտերիմներից է: Այդ ժամանակ գրել էինք, որ Արթուր Մանուկյանը Սևանում գտնվող «Հարսնաքար» հյուրանոցային համալիրի տնօրենն է: Այդ պաշտոնը զբաղեցրել է 2020թ. մայիսից: «Հարսնաքար» ՍՊԸ-ի միակ բաժնետերը Ռուբեն Հայրապետյանի որդին է` Ռաֆիկ Հայրապետյանը:

Հաջորդ վճիռը, հաշտության համաձայնության հիմքով, կայացվել է 2023թ. ապրիլի 13-ին:  Վճռով հաստատվել է Գլխավոր դատախազության և Էդուարդ Հարությունյանի միջև կնքված հաշտության համաձայնությունը, որի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությանն է փոխանցվել 50 մլն դրամ:

Նշենք, որ Էդուարդ Հարությունյանը ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի ազգականն է: Սկզբնապես որպես բռնագանձման ենթակա գույք դիտարկվել են բացառապես դրամական միջոցներ, որոնց հանրագումարը կազմել է 62 մլն 823 հազ. դրամ։

Վճռում արձանագրվել է, որ Ն. Զարյան փողոցի 15 ա շենքի բնակարանը Էդուարդ Հարությունյանը 2014թ.-ին նվիրատվության պայմանագրով փոխանցել է «Նռնենի» ՍՊԸ-ին:  Ինչպես պարզվում է՝ «Նռնենի»-ն «Կեչառիս Հոթել» ՍՊԸ-ի իրավանախորդն է: Դատարանն արձանագրել է, որ հաստատման ներկայացված հաշտության համաձայնությամբ հօգուտ Հայաստանի Հանրապետության ենթակա է փոխանցման 50 մլն դրամ, որը կազմում է բռնագանձման ենթակա գույքի հանրագումարի 79.51%-ը:

«Հետք»-ը դեռևս 2016թ.-ին գրել էր, որ Ծաղկաձորի «Կեչառիս» հյուրանոցը պատկանում է Միհրան Պողոսյանին, սակայն գրանցված է նրա ազգականի՝ Էդուարդ Հարությունյանի անունով: Վերջինս նաև «Բեստ ռեալթի» ընկերության տնօրենն էր, որի բաժնետերերն էին Միհրան Պողոսյանին պատկանող և Պանամայում գրանցված երկու ընկերությունը: 

Էդուարդ Հարությունյանն անցնում է նաև Միհրան Պողոսյանի՝ ենթադրյալ ապօրինի գույքի բռնագանձման գործով: Մասնավորապես՝ Գլխավոր դատախազությունը 2022թ. սեպտեմբերի 30-ին հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Միհրան Պողոսյանի, վերջինիս տիկնոջ՝ Կարինե Մխիթարյանի, դստեր՝ Լիա Պողոսյանի, Գագիկ Բադալյանի, Էդուարդ Հարությունյանի, Արթուր Թադևոսյանի, Գոհար Նազարյանի և Անտոնիո Ռիկարդո Մերինոյի: 

2023թ. օգոստոսի 31-ին կայացված վճռով հաստատվել է Գլխավոր դատախազության և Վաչագան Ղազարյանի միջև կնքված հաշտության համաձայնությունը, ըստ որի՝ Հայաստանի Հանրապետությանն է փոխանցվել Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի 23 հասցեում գտնվող 0,05 հա մակերեսով հողակտորը, նույն պողոտայի 25/2 հասցեում գտնվող 34.76 քմ մակերեսով հասարակական տարածքը և բնակավայրերի նշանակության մոտ 2 հա հողատարածքը, 25/4 հասցեում գտնվող 237.9 քմ մակերեսով հասարակական տարածքը և մոտ 0,17 հա բնակավայրերի նշանակության հողատարածքը, 25/3 հասցեում գտնվող 25,6 քմ տարածքն ու բնակավայրերի նշանակության 1.4 հա մակերեսով հողամասը:

Նշենք, որ Վաչագան Ղազարյանը ՀՀ երրորդ նախագահի անվտանգության նախկին պետն է:

Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանի 2023թ. հոկտեմբերի 18-ի վճռով հաստատվել է Արմեն Հարությունյանի, նրան փոխկապակցված անձանց ու դատախազության միջև ստորագրված հաշտության համաձայնագիրը: Պետությանն է փոխանցվել Վաղարշյան փողոցի հարևանությամբ ավտոտնակ, «Range Rover Sport Supercharged 5.0» մակնիշի ավտոմեքենան, ինչպես նաև 28 մլն 700 հազ. դրամ:

Արմեն Հարությունյանը Էրեբունի վարչական շրջանի նախկին ղեկավարն է: 

Դատարանի 2024թ. փետրվարի 27-ին կայացված վճռով հաստատվել է Գալուստ Գրիգորյանի միջև կնքված հաշտության համաձայնագիրը: Պետությանը վերադարձվել է Երևան քաղաքի Աճառյան 39/6 հասցեում գտնվող անշարժ գույքը, որի շուկայական արժեքը կազմել է 2 մլրդ 18 մլն 400 հազ. դրամ: 

Նշենք, որ Գալուստ Գրիգորյանն անցնում է Ֆինանսների նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի գործով:

Այս տարվա մարտի 18-ի վճռով հաստատվել է Տավուշի նախկին մարզպետ Հովիկ Աբովյանի, փոխկապակցված անձանց ու դատախազության միջև ստորագրված հաշտության համաձայնագիրը, որով Հայաստանի Հանրապետությանն է փոխանցվել 608 մլն դրամ:

Գլխավոր դատախազությունն ավելին էր պահանջում: Ըստ հայցի՝ բռնագանձման ենթակա գույքի միջին շուկայական արժեքը մոտ 584 մլն 795 հազ․ դրամ է, իսկ դրամային պահանջը՝ 271 մլն 728 հազ․ դրամ, ընդհանուր՝ 856 մլն 523 հազ․ դրամ։ Այդ գումարի 75․84%-ը կազմում է 608 մլն 634 հազ․ դրամ։

Նշենք, որ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի համաձայն՝ հաշտության համաձայնությամբ չի կարող սահմանվել հօգուտ Հայաստանի Հանրապետության գույքի փոխանցման ավելի ցածր չափ, քան ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ եզրակացության տվյալներով ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի արժեքի 75 տոկոսը։

Գլխավոր նկարում՝ ԱՕԿՍ-ի շենքը,
կոլաժը՝ Արեն Նազարյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter