HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Թռչնամսի ինքնաբավության աստիճանը Հայաստանում 30%-ի չի հասնում. որտեղից է այն ներմուծվում

Հայաստանում թռչնամսի (հավի մսի) պահանջարկը մեծ մասամբ բավարարվում է  ներմուծման հաշվին։ Վերջին առնվազն տասը տարիներին թռչնամսի առումով Հայաստանի ինքնաբավությունը չի հասել 30%-ի։ Տեղական արտադրողները դժվարությամբ են մրցակցում ներմուծողների հետ, եւ շուկայում գերիշխում է ներմուծված թռչնամիսը։

Հողում թաղված, ապա պահեստ հասած թռչնամսի աղմկահարույց պատմությունն առիթ դարձավ ևս մեկ անգամ հասկանալու շուկայի վիճակագրական պատկերը։ 

«Հետք»-ի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ Հայաստանն առավել մեծ քանակությամբ թռչնամիս է ներմուծում Ռուսաստանից, Ուկրաինայից, ԱՄՆ-ից և Բրազիլիայից։ Հենց Բրազիլիայից էր բերվել «Արմեն-Համիկ եղբայրներ ՀՁ»-ի թռչնամիսը, որը ոչնչացնելու որոշում էր կայացրել Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։

39 հազար տոննա ներմուծում, 15 հազար տոննա՝ արտադրություն. Հայաստանում տարեկան մոտ 54 հազար տոննա թռչնամիս է սպառվում

Մաքսային ծառայության տվյալներով՝ 2023 թվականին Հայաստան է ներմուծվել մոտ 39 հազար տոննա թռչնամիս (ընտանի թռչնի միս և մսամթերք), որի ընդհանուր արժեքը կազմել է 60 մլն դոլար։ Նախորդ տարվա համեմատ ներմուծման քանակն աճել է 2%-ով, արժեքը՝ 3%-ով։

Նույն ընթացքում Հայաստանում, ըստ Վիճակագրական կոմիտեի, արտադրվել է 14.8 հազար տոննա թռչնամիս։ 

Վերջին երեք տարիներին ներմուծման և արտադրության ցուցանիշները գրեթե նույն մակարդակում են։ Ինչ վերաբերում է արտահանմանը, ապա տարբեր տարիների այն կամ զրոյական է եղել կամ փոքր ծավալներով է եղել՝ չհասնելով հազար տոննայի։

Ընդհանուր հաշվարկով, տարեկան 53-54 հազար տոննա թռչնամիս է սպառվել Հայաստանում։ 

Թռչնամսի ներմուծման և արտադրության տարեկան ծավալները տատանվել են վերջին տասը տարիներին։ Տեսանելի անկում է գրանցվել 2016 թվականին, որը, ամենայն հավանականությամբ, պայմանավորված էր Հայաստանի ընդհանուր տնտեսական վիճակի վատթարացմամբ, Ռուսաստանից եկող բացասական ազդակներով։

Թռչնամսի ներմուծումը կտրուկ աճել է 2019-ին, որից հետո՝ 2020-ին, նույնքան կտրուկ նվազել։ 2021-ից սկսած՝ ավելի կայուն ցուցանիշներ են գրանցվում։ 

Նշված թռչնամիսը ներմուծվում է ինչպես ամբողջական տեսքով, այնպես էլ՝ մասնատված։ Այն ոչ միայն վաճառքի համար է, այլև՝ անհրաժեշտ հումք մսամթերք արտադրող գործարանների համար։ 

Վիճակագրական կոմիտեի հաշվարկներով՝ 2013-2022 թթ. թռչնամսի գծով Հայաստանի ինքնաբավության ամենաբարձր աստիճանը գրանցվել է 2016 թվականին՝ 28.5%, ամենացածրը՝ 2019-ին (19.8%): 

2023-ի պարենային ապահովության վիճակագրությունը Կոմիտեն դեռևս չի հրապարակել։ Սակայն, կոպիտ հաշվարկներով, հիմք ընդունելով ներմուծման, արտադրության և փոքր արտահանման ցուցանիշները՝ կտեսնենք, որ 2023-ին ևս ինքնաբավությունը չի հասնում 30%-ի՝ տատանվում է 27-28%-ի սահմաններում։ 

Այս ցուցանիշները ևս ուղղակիորեն վկայում են, որ երկրում թռչնամսի պահանջարկը բավարարվում է առավելապես ներմուծման շնորհիվ։ Ինչպես երկրում սպառվող ապրանքներից շատերի, այնպես էլ՝ այս դեպքում արտաքին շուկաներից կախվածությունը պարենային անվտանգության խնդիրներ է առաջացնում։ 

Տարիների շարունակ տեղական արտադրողները բողոքում են, որ դժվարությամբ են մրցակցում  թռչնամիս ներմուծողների հետ։ Ներմուծվող թռչնամիսը գնային առումով ավելի մատչելի է։ Սակայն որակը հաճախ կասկածի տակ է առնվում։

Թռչնամիս ներմուծողների և արտադրողների այս «պայքարը» նոր չէ։ Այս թեման պարբերաբար առաջ է մղվում, երբ շուկայում գնային կտրուկ տատանումներ, որակի հետ կապված և հանրային քննարկման արժանացող այլ պատմություններ են ի հայտ գալիս։

2023 թվականին Հայաստան ներմուծված մոտ 39 հազար տոննա թռչնամսի 25%-ի ծագման երկիրը Ռուսաստանն է։ Ներմուծման աշխարհագրությամբ երկրորդ տեղում Ուկրաինան է՝ մոտ 24% տեսակարար կշռով, հաջորդում է ԱՄՆ-ն՝ 21%-ով։ 

Հայաստանը թռչնամիս է ներմուծում նաև Բրազիլիայից, Գերմանիայից, Վրաստանից։ Մյուս երկրները, որտեղից ներմուծվում է, ոչ էական տեսակարար կշիռ ունեն։ 

Նախորդ տարիների մեր ուսումնասիրությունները ևս ցույց են տվել, որ Ռուսաստանը, Ուկրաինան, ԱՄՆ-ն և Բրազիլիան Հայաստան ներմուծվող թռչնամսի հիմնական աղբյուրներն են։ 

Այս տարի ևս Հայաստանը թռչնամսի տեղական պահանջարկը մեծ մասամբ բավարարում է ներմուծման հաշվին։ Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2024-ի առաջին կիսամյակում ներմուծվել է 21 հազար տոննա թռչնամիս։

Արտադրությունը նույն ժամանակահատվածում կազմել է 7 հազար տոննա։ Հայաստանի թռչնաբույծների միության տվյալներով՝ մինչև 2022 թվականը թռչնամիս ներմուծել է 30-40 ընկերություն։ Ներկայում ներմուծողների թիվը գնալով ավելանում է։ 

Լուսանկարը՝ սքրինշոթ տեսանյութից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter