HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

128 բնակավայրերից 73%-ում խմելու ջրի որակի շեղումներ են արձանագրվել

Լուսանկարում պատկերված է Արմավիրի մարզի Ակնաշեն գյուղի փողոցներից մեկի ջրի «բաշխիչ» ցանցը: Գյուղում խմելու ջուրը ստանում են արտեզյան հորերից՝ պոմպերի միջոցով, և միանգամից բաշխվում է տնային տնտեսություններին: Հողի մակերևույթին դրված այս ցանցը, որից դուրս են գալիս մոտ երկու տասնյակ պլաստիկ խողովակներ, ցույց է տալիս, թե քանի տուն է ջուր ստանում այս հորից: Եվ նույն սկզբունքով ջուր է ստանում ամբողջ գյուղը: Ակնաշենը մեկն է այն 27 բնակավայրերից, որտեղ 2024թ. (օգոստոսի 1-ի դրությամբ) Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը խմելու ջրամատակարարման համակարգերում արձանագրել է մանրէաբանական ցուցանիշների շեղումներ: Միայն 2024թ. 7 ամսվա ընթացքում տեսչական մարմինը 128 բնակավայրում ստուգել է խմելու ջրի որակը, որից 94-ում կամ 73%-ում շեղումներ են հայտնաբերվել։

Գագիկ Խուրշուդյանն Ակնաշեն գյուղի նախկին ավագանու անդամ է: Պատմեց, որ հաճախ է ունենում ստամոքսաղիքային խնդիրներ: Ենթադրվում է, որ պատճառը խմելու ջուրն է, սակայն քանի որ իրենց ունեցած խմելու ջուրը դա է՝ հարմարվել են:

«Հարևաններն ասում են, որ այդ ջուրը չպիտի փակենք, ծորակն անընդհատ պիտի հոսի, որ խնդիրներ չառաջացնի: Բայց ես փակում եմ, երևի դրանից էլ իմ մոտ խնդիրներ են առաջանում»,- ասում է Գ. Խուրշուդյանը:

Ավագանու նախկին անդամը պատմեց, որ իրենց փողոցի հորը, որը մոտ 20 տան ջուր է ապահովում, հորատվել է 1980թ․-ին, և մինչ օրս հորից դուրս եկող խողովակը չի փոխվել: Բնակիչները կարողացել են փոխել միայն հորի «բաժանարար ցանցից» տներ գնացող խողովակները, բայց հիմնական խողովակը չի փոխվել:

Նախկին ավագանու անդամը պատմեց, որ Ակնաշենում նմանատիպ 15 հոր կա, որից խմելու ջուր են ստանում գյուղի բնակիչները: Նախկինում այդ հորերից դուրս եկող ջրով են ոռոգել նաև տնամերձ հողատարածքները: Սակայն, այսօր ստորգետնյա ջրի մակարդակն այնքան է նվազել, որ ստիպված յուրաքանչյուրն իր տանն էլ է պոմպ տեղադրել, որ կարողանա բաղնիքից օգտվել. ջուրը չի բարձրանում վերև:

Ակնաշեն և հարևան գյուղերում, որտեղ խմելու ջուրը ստանում են պոմպերի օգնությամբ, կարող են ժամերով ջուր չունենալ, երբ անջատվում է էլեկտրաէներգիան։ Գյուղացիները պատմեցին, որ իրենք են հոգ տանում փողոցներում տեղադրված պոմպերը սարքին վիճակում պահելու համար, իսկ եթե շարքից դուրս են գալիս, իրենց միջոցներով են վերանորոգում։

Քանի որ ջրի խողովակները մակերեսային են, Գագիկ Խուրշուդյանը պատմեց, որ ձմռան ամիսներին երբեմն ջուրը սառչում է խողովակների մեջ, եթե էլեկտրաէներգիան անջատում են։

Արտեզյան ջուրն իր համային հատկանիշներով տարբերվում է: Հիմնականում համարվում է կոշտ ջուր, որը խորհուրդ են տալիս օգտագործել կենցաղում, որպես տեխնիկական ջուր: Սակայն, դրանք բնակավայրերում տարիներ շարունակ օգտագործվում են նաև խմելու նպատակով:

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը պարբերաբար տեղեկացնում է, որ բնության մեջ գոյություն ունեն փափուկ և կոշտ ջրեր, որոնք տարբերվում են ալկալիական մետաղների աղերի պարունակությամբ:

Ջրի կոշտությունը պայմանավորված է ջրում պարունակվող կալցիումի, մագնեզիումի, երկաթի, ածխաթթվական և ծծմբաթթվական աղերով: Կոշտ ջրով սպիտակեղենը լվանալիս մեծանում է օճառի ծախսը և առաջանում է նստվածք, ինչը բացասաբար է անդրադառնում թե՛ կտորի որակի, թե՛ մաշկի առողջական վիճակի վրա։ Կոշտ ջրով լողանալու դեպքում փակվում են մաշկի ծակոտիները, առաջանում են թեփոտում, կորյակներ, ալերգիկ ցան։

Կոշտ ջուր խմելիս օրգանիզմում առաջանում է չլուծվող կալցիումի և մագնեզիումի նստվածք, որը դառնում է միզաքարային հիվանդության պատճառ։ Կոշտ ջրում վատ են եփվում բանջարեղենն ու միսը, իսկ թեյը վատ է թրմվում, և վատանում են համային հատկությունները:

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը խորհուրդ է տալիս՝ կենցաղում ջրի կոշտության չափը որոշելու համար տաք ջրի մեջ լուծել օճառի խոշոր քերվածք, եթե հովանալուց հետո լուծույթը թափանցիկ է մնում, ապա ջուրը փափուկ է։ Ջրի կոշտությունը կարելի է նվազեցնել այն եռացնելով, այդ դեպքում ոչնչանում են նաև մանրէները, հեռանում են լուծված գազերը։ Կենցաղում օգտագործվող ջուրը կարելի է փափկեցնել ինչպես նաև կերակրի սոդայի օգնությամբ։

Նշենք, որ կոշտ ջուրը շուտ է վնասում նաև ջրի հետ աշխատող տեխնիկան՝ լվացքի, սպասք լվացող մեքենա և այլն:

Ակնաշենում արտեզյան հորերում քլորացման, մանրէազերծման աշխատանքներ չեն կատարվում։ Արաքս համայնքի ղեկավարի մամուլի քարտուղար Աննա Թադևոսյանն ասաց, որ դա հնարավոր չէ անել, քանի որ հորերը խորն են, հերմետիկ փակված։

«Համայնքապետարանը քլորացման աշխատանք չի անում, քանի որ հնարավոր չէ։ Բայց, եթե խողովակները վնասվում են, համայնքապետարանն աջակցություն ցուցաբերում է, այդտեղ աշխատանքներ կատարում է»,- ասում է Ա․ Թադևոսյանը։

Հիվանդություններ, խմելու ջրի ցուցանիշների շեղումներ

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից «Հետք»-ին տրամադրել են 2022-2024թ․-ին (օգոստոսի 1-ի դրությամբ) բնակավայրերում խմելու ջրի նմուշների հետազոտման և արձանագրված շեղումների վերաբերյալ տեղեկություններ: Մասնավորապես, ըստ տեսչական մարմնի, 2022թ. ստուգումներն իրականացվել են «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից ՀՀ տարածքում սպասարկվող խմելու ջրամատակարարման համակարգերում։ 2022-ին ստուգումներ են իրականացվել 14 բնակավայրում, 2023-ին տեսչական մարմինը ստուգումներ չի իրականացրել, իսկ 2024-ի օգոստոսի 1-ի դրությամբ ստուգվել է 128 բնակավայրի խմելու ջուր։

2022-2024թթ. օգոստոսի 1-ի դրությամբ ստուգվել է 142 բնակավայրի խմելու ջրի որակ։ 107 բնակավայրում կամ ստուգվածների 75%-ում շեղումներ են արձանագրվել։ Կան բնակավայրեր, որոնց խմելու ջրում արձանագրվել են մինչև երեք տարբեր տիպի շեղումներ։ 11 բնակավայրի խմելու ջրում առկա շեղումները երեքն են։ Օրինակ՝ Արարատի մարզի Մասիս համայնքի Ռանչպար բնակավայրի խմելու ջրում հայտնաբերվել են մանրէաբանական ցուցանիշով շեղումներ, ընդհանուր կոշտության, ամոնիումային ազոտի և քլորիդների ցուցանիշով շեղումներ, ջրի մշակման ժամանակ ներմուծված և առաջացած վնասակար քիմիական նյութերի՝ մնացորդային ազատ քլորի պարունակության շեղումներ։

Հայտնաբերված շեղումների, մարդկանց առողջության վրա դրանց ազդեցության մասին խոսել ենք «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյան հետ։ «Մնացորդային ազատ քլորի շեղումների ազդեցությունը մարդու վրա, հիմնականում, երկարաժամկետ միջակայքում է լինում, բայց մարդկանց մոտ կարող են նաև ալերգիկ դրսևորումներ առաջանալ։ Իսկ մանրէաբանական շեղումների հետևանքով՝ աղեստամոքսային տրակտի խանգարում, թունավորում և այլն»,- ասում է Բաբկեն Պիպոյանը։

ՀԿ նախագահի փոխանցմամբ՝ հնարավոր է նաև, որ ինչ-որ հատվածում աղտոտում տեղի ունենա և մանրէաբանական շեղում արձանագրվի, կամ նախատեսվածից քիչ ջուր մատակարարվի, բայց քլորի չափաբաժնում փոփոխություն չլինի, և առաջանա մնացորդային ազատ քլորի շեղում։ Նա նշեց, որ կարևոր է շեղումների հայտնաբերումից հետո միջոցառումների իրականացումը՝ դրանք վերացնելու համար, քանի որ դրանք մարդու առողջության վրա են ազդում։

Տեսչական մարմինը 2023-ին ստուգումներ չի իրականացրել: Բ. Պիպոյանն ասաց, որ Հայաստանում ստուգումներն իրականացվում են ռիսկերի հիման վրա։

«Ամեն հաջորդ տարի կարող ենք մեզ իրավունք վերապահել չստուգել միայն այն դեպքում, երբ որ նախորդ տարի ռիսկեր չենք հայտնաբերել»,- ասում է Բաբկեն Պիպոյանը։

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից հետաքրքրվել էինք, թե ինչ վարչական վարույթներ են հարուցվել ջրի որակի վերաբերյալ: Վերջին 2.5 տարվա ընթացքում ոլորտում իրականացվել է 26 պլանային ստուգում և հարուցվել է 255 վարչական վարույթ: Մասնավորապես՝ 2022թ․ իրականացվել է 10 պլանային ստուգում և հարուցվել է 35 վարչական վարույթ: 2023թ. պլանային ստուգում չի իրականացվել, սակայն հարուցվել է 179 վարչական վարույթ: 2024-ի օգոստոսի 1-ի դրությամբ իրականացվել է 16 ստուգում և հարուցվել 41 վարչական վարույթ:

Տեսչական մարմնից պարզաբանում են, որ հսկողության նպատակով իրականացված ստուգումների ու վարույթների թվերը կարող է չհամընկնել, քանի որ վարույթներ հարուցվում են ոչ միայն իրենց ստուգումների հիման վրա, այլև մամուլի հրապարակումների, քաղաքացիների դիմում-բողոքների և այլն: Դրա վկայությունն է նաև այն, որ 2023թ. ստուգում չեն իրականացրել, սակայն հարուցել են 179 վարույթ:

«Հարուցված վարչական վարույթների արդյունքում պատասխանատվության միջոցներ են կիրառվել տվյալ ջրամատակարարման համակարգը շահագործող կազմակերպության պաշտոնատար անձի նկատմամբ: Արձանագրված խախտումների համար պաշտոնատար անձը ենթարկվել է վարչական տույժի՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 42-րդ հոդվածի համաձայն, 40-200 հազ. դրամի չափով»,- հայտնում են տեսչական մարմնից:

Նշենք, որ վկայակոչած հոդվածի համաձայն՝ սանիտարական, սանիտարահիգիենիկ և սանիտարահակահամաճարակային կանոնները և նորմաները (բացի սննդամթերքի անվտանգության ոլորտի և մթնոլորտային օդի պահպանության կանոններից և նորմաներից), հիգիենիկ նորմատիվները խախտելը` առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև հիսնապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ քառասնապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով:

2022-ին 51 մարդ է հիվանդացել ջրից

Առողջապահության նախարարության տրամադրած տվյալների համաձայն՝ 2022-ին արձանագրվել է ջրային գործոնով պայմանավորված աղիքային վարակիչ հիվանդությունների երեք բռնկում՝ վիրուսներով պայմանավորված։ Բռնկումներից երկուսը Գեղարքունիքի մարզում է եղել: Մարզի Ներքին Գետաշեն գյուղում հիվանդացել է 18 մարդ, Զոլաքարում՝ 23։ Երրորդ բռնկումը եղել է Արագածոտնի մարզի Փարպի բնակավայրում, այստեղ հիվանդացել է 10 մարդ։ 2023-2024-ի ընթացքում բռնկման դեպքեր չեն արձանագրվել։

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից էլ հայտնեցին, որ 2022-2024-ին ջրային գործոնով պայմանավորված հիվանդությունների և բռնկումների մասին տեղեկատվություն իրենք չի ստացել։

«Հետքը» գրել էր նաև, որ 2019-2021թթ. արձանագրվել է ջրային գործոնով պայմանավորված աղիքային վարակիչ հիվանդությունների 3 բռնկում. 2019թ. Տավուշի մարզի Նավուր համայնքում՝ 80 դեպք, Լոռու մարզի Կաթնառատ համայնքում՝ 95 դեպք, 2021թ. Սիսիան համայնքում՝ 21 դեպք: Նշված բոլոր դեպքերը հիվանդանոցային դեպքեր են: Չի բացառվում, որ տուժած անձանց թիվն ավելի շատ լինի, որոնք պարզապես հիվանդանոց չեն դիմել: Առողջապահության նախարարությունը Սիսիան համայնքի խմելաջրում մանրէաբանական շեղումներ է արձանագրել 2019-2021թթ.-ին (առաջին կիսամյակ):

Բարձիթողի վիճակում են գտնվում հատկապես մարզերում՝ կրպակներում լիտրով ջրի վաճառքի կետերը:  Այս մասին նույնպես գրել ենք, սակայն որևէ փոփոխություն չի եղել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter