HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ֆրանսիան նոր վարչապետ ունի

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը 73-ամյա աջ կենտրոնամետ քաղաքական գործիչ Միշել Բարնիեին նշանակել է երկրի վարչապետ:

«Այս նշանակումը տեղի է ունեցել աննախադեպ թվով խորհրդակցություններից հետո, որի ընթացքում, իր սահմանադրական պարտքին համապատասխան, նախագահը վարչապետի և ապագա կառավարության համար առավելագույն կայունության պայմաններ է ապահովել և հնարավորություն տվել հնարավորինս շատ մարդկանց համախմբել»,- ասված է Ելիսեյան պալատի տարածած հաղորդագրության մեջ։

The Guardian-ը գրում է, որ Բարնիեն պետք է կառավարություն ձևավորի «երկու ամիս տևած քաղաքական փակուղուց հետո, որն առաջացել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների հետևանքով»։ Նոր վարչապետը և նրա կառավարությունը նաև պետք է ընդունեն 2025 թվականի բյուջեն, որի քննարկումը պետք է սկսվի հոկտեմբերին։ 

Միշել Բարնիեն աջ կենտրոնամետ «Հանրապետականներ» կուսակցության վետերան է։ Իր քաղաքական կարիերայի ընթացքում նա ղեկավար տարբեր պաշտոններ է զբաղեցրել ինչպես Ֆրանսիայում, այնպես էլ՝ Եվրամիության կառույցներում։ 2016-2019 թվականներին նա ղեկավարել է Բրեքսիթի հարցով Մեծ Բրիտանիայի իշխանությունների հետ բանակցությունները։ 

BBC-ն հիշեցնում է, որ երեք տարի առաջ Բարնիեն հայտարարել էր, որ կցանկանար Մակրոնի հետ պայքարել Ֆրանսիայի նախագահի պաշտոնի համար, քանի որ անհրաժեշտ է համարում դեպի Ֆրանսիա ներգաղթի սահմանափակումը։

Հուլիսի կեսերին Մակրոնն ընդունեց վարչապետի պաշտոնից Գաբրիել Ատալի հրաժարականը։ Վերջինս հրաժարական տվեց խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլից հետո, որի արդյունքում նախագահ Էմանուել Մակրոնի գլխավորած կոալիցիան զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը՝ խորհրդարանում ստանալով 168 մանդատ:

Ֆրանսիայում արտահերթ խորհրդարանական ընտրությունները հայտարարվեցին այն բանից հետո, երբ ծայրահեղ աջերը՝ Մարին Լը Պենի գլխավորությամբ, հաղթեցին Եվրախորհրդարանի ընտրություններում: Ֆրանսիայում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում հաղթել է ձախ ուժերի կոալիցիան՝ ստանալով 182 մանդատ:

Լուսանկարը՝ Sarah Meyssonnier/Reuters

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter