
Ռուբեն Վարդազարյանի հեռախոսազանգերի գաղտնի ձայնագրությունները հրապարակվեցին դատարանում
Հակակոռուպցիոն դատարանում այսօր՝ սեպտեմբերի 26-ին, շարունակվեց Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի գործի քննությունը։ Նախագահող դատավորն էր Վահե Դոլմազյանը։
Ռուբեն Վարդազարյանը մեղադրվում է արդարադատության իրականացմանը խոչընդոտելու մեջ: Նա, ըստ մեղադրանքի, 2019թ. հուլիսի 19-ից զբաղեցնելով Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնը, հանդիսանալով դատական իշխանության մարմնի ղեկավար, Սահմանադրությամբ և «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով իրեն տրված լիազորությունների հետ չկապված գործողություններ կատարելով, պաշտոնեական դիրքը՝ պաշտոնից բխող հեղինակությունն օգտագործելով՝ միջամտել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անդրանիկ Սիմոնյանի կողմից արդարադատության իրականացմանը:
Վարդազարյանի վերաբերյալ հաղորդումը ենթադրյալ դեպքից շուրջ երկու տարի անց ներկայացրել է Անդրանիկ Սիմոնյանը, որը հետո նշանակվել է Ազգային անվտանգության ծառայության պետի տեղակալ:
Ըստ Սիմոնյանի հաղորդման՝ Վարդազարյանը «ալավերդցի Վահագն» անունով հայտնի Վահագն Աբգարյանի գործով է իրեն դիմել: Վահագն Աբգարյանը մեղադրվում է Ալավերդու բնակիչ Կամո Փիրուզյանի սպանությունը կազմակերպելու, ինչպես նաև՝ սպանության գործով իր օգտին գործողություններ կատարելու համար կաշառք տալու մեջ:
Վարդազարյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, նրա համոզմամբ՝ մեղադրանքի նպատակն իրեն ԲԴԽ նախագահի պաշտոնից ազատելն էր:
Այսօրվա դատական նիստին հրապարակվեցին Ռուբեն Վարդազարյանի և դատավոր Անդրանիկ Սիմոնյանի հեռախոսազանգերի ձայնագրությունները, որոնք հանցագործության մասին հաղորդմանը կից ներկայացրել էր հենց Անդրանիկ Սիմոնյանը։ Առաջին ձայնագրությունում Վարդազարյանը Սիմոնյանին հիշեցնում էր իր խնդրանքի մասին՝ Վահագն Աբգարյանի վերաբերյալ, որ հնարավորության դեպքում փոխի Աբգարյանի խափանման միջոց կալանավորումը, ինչին Անդրանիկ Սիմոնյանը պատասխանում է․
- Հա, պարոն Վարդազարյան, թող գան, նայեմ։ Եթե հնարավոր կլինի ինչ-որ այլ խափանման միջոց, ես Ձեզ անցած անգամ էլ ասեցի, որ նկատի կունենամ։
- Շատ լավ, եղավ, շնորհակալություն։
Երկրորդ ձայնագրությունում Անդրանիկ Սիմոնյանն է զանգում Ռուբեն Վարդազարյանին։
- Պարոն Վարդազարյան, Վահագի նիստի հետ կապված, ժամը 2-ին է։ Հիմա Ձեր ասածը Մարինային էր վերաբերու՞մ, Մարինայի՞ մասով, թե՝ մենակ Վահագի։
- Մարինան կապ չունի էդ նիստի հետ, Վահագի մասին ա խոսքը։ Վահագին ներկայացնումա Մարինան, Մարինան ա նրա պաշտպանությամբ զբաղվում, ու մենք ինչ անում ենք, էս աղջկա բերանն ենք ընկնում․․․ Եթե հիմքեր կան, եթե, իրոք, հիվանդա, եթե իրոք պատրաստ ա բանակին ինչ-որ մի բանով օգտակար լինել, ես էս աչքերով եմ ասում, էլի, նայենք, եթե իրականում նոր հանգամանք կա։
- Հասկացա, պարոն Վարդազարյան։
- Ես ուզում եմ մենք Մարինայի բերանի ծամոնը չդառնանք, էլի․․․ Ես գլխավոր դատախազի հետ էլ եմ խոսացել, մի հատ շատ տհաճ պատմություն կա էդ գործի մեջ, եթե սկսեք ապացույցները հետազոտել, ապացույցների հետազոտումը տևելու է 6 տարի, որովհետև էդ զապիսները, որ լսում ես, խնդիր է առաջացնում, իրենք չեն առանձնացնում՝ որն է կարևոր, ու դատախազությունն ասում է՝ բոլորը պիտի լսենք։ Սենց խնդիր էլ կա, էլի, ինչքա՞ն երկար տևի։
- Հասկացա։
- Բայց իմ խնդրանքը հետևյալն է․ եթե ձև կա գրավ կիրառելու, կարելի է գրավ կիրառել ու հետո դատել նորմալ էս մարդուն, ոչ թե Մարինայի բերանի ծամոնը դառնալ ու դատախազության կամակատարը։
- Լավ, պարոն Վարդազարյան, եղավ, հասկացա։
- Շատ լավ, շնորհակալ եմ, մերսի։
Այս երկու ձայնագրությունից հետո դատարանում հրապարակվեց նաև գործում որպես ապացույց ներառված «Յութուբում» հրապարակված մի ձայնագրություն, որի տևողությունը 25 րոպե է, և ըստ դատախազության մեկնաբանության՝ ձայնագրությունում խոսող անձը դատավոր Արմեն Բեկթաշյանն է, նա ինչ-որ մեկին պատմում է, թե ինչպես է ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանն իրեն ցուցումներ տալիս Վահագն Աբգարյանի գործով, որ որպես վերջինիս խափանման միջոց գրավը կիրառի:
Այսքանով ավարտվեց գործում առկա ապացույցների հետազոտման փուլը։ Դատավոր Վահե Դոլմազյանը Ռուբեն Վարդազարյանին հարցրեց՝ ցանկանու՞մ է ցուցմունք տալ՝ հաշվի առնելով, որ հետազոտված ապացույցներում շոշափվում է իր անունը։ Վարդազարյանը հրաժարվեց։
Վարդազարյանի պաշտպան Երեմ Սարգսյանը հայտնեց, որ հրապարակված վերջին ձայնագրությունը չի կարող որպես ապացույց դիտարկվել։ «Շատ ակնհայտ է, որ այս ձայնագրությունը մոնտաժված է, ձայնագրությունում խոսակցի՝ մյուս կողմի ձայնը բացարձակապես չկա, եզակի դեպքերում կա, ինչը քիչ հավանական է, որ մոտ կես ժամ տևող խոսակցության ժամանակ երկու անձինք իրար հետ չխոսեն, և մեկը մենախոսի»,- ասաց Սարգսյանը։
Դատավոր Վահե Դոլմազյանը, դիմելով Վարդազարյանին, ասաց, որ թեև հրաժարվել է ցուցմունք տալուց, այնուամենայնիվ, դատարանը հարց ունի իրեն։ Դատարանը Վարդազարյանից հետաքրքրվեց, թե առաջին երկու հեռախոսազանգերում Անդրանիկ Սիմոնյանի զրուցակիցը ի՞նքն է, թե՝ ոչ։ Վարդազարյանն օգտվեց լռելու իր իրավունքից և չպատասխանեց հարցին՝ հաշվի առնելով, որ իր պաշտպաններն այդ ձայնագրությունը ևս վիճարկելու են դատարանում։
Հաջորդիվ փաստաբան Երեմ Սարգսյանը հայտնեց, որ մինչև Ռուբեն Վարդազարյանին մեղադրանք առաջադրելը, նույնիսկ մինչև քրեական վարույթ սկսելը, այդ մասին ԶԼՄ-ներն արդեն գրել էին, որ Նիկոլ Փաշինյանը հրահանգել է մեղադրանք առաջադրել ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին։ Ըստ փաստաբանի՝ այս տեղեկությունը տարածել է Mediaport տելեգրամյան ալիքը։ Փաստաբանը այնուհետև մատնանաշեց «ԱԱԾ տնօրենին կազատեն պաշտոնից․ ո՞վ կլինի նոր տնօրենը» վերնագրով Armlur.am-ի հրապարակումը։ Հաջորդ հրապարակումը, որը մատնանշեց Երեմ Սարգսյանը, «Լոռու մարզի դատավոր Անդրանիկ Սիմոնյանը ԱԱԾ տնօրենի տեղակալ է նշանակվելու» վերնագրով Mediaport տելեգրամյան ալիքի տարածած տեղեկությունն էր։
Այդ հրապարակումները թվարկելուց հետո Երեմ Սարգսյանը նշեց, որ քրեական վարույթն ակնհայտ ոչ իրավաչափ է, վարույթի նախաձեռնմանը նախորդել են տարբեր պաշտոնատար անձանց համաձայնեցված գործողությունները։ Երեմ Սարգսյանը դատարանին միջնորդեց իր թվարկած երեք հրապարակումները ճանաչել որպես ապացույցներ, որ իրենք հնարավորություն ունենան պաշտպանական ճառը դրանց վրա կառուցելու։
Մեղադրող դատախազ Աշոտ Ժամկոչյանը առարկեց միջնորդության դեմ՝ նշելով, որ այդ նյութերը չեն կարող ապացույց հանդիսանալ։ Դատարանը մերժեց Երեմ Սարգսյանի ներկայացրած միջնորդությունը հրապարակումները գործում ապացույց ճանաչելու մասին, սակայն արձանագրեց, որ այդ նյութերը դատարանը հետազոտեց, ուստի Երեմ Սարգսյանը կարող է դրանք ներառել իր պաշտպանական ճառում։ Դատավոր Վահե Դոլմազյանը նաև կասկածի տակ դրեց այդ հրապարակումների իսկությունը՝ նշելով, որ դրանց աղբյուրը հայտնի չէ, իսկ լրագրողներն էլ ունեն լիազորություն՝ չբացահայտելու իրենց աղբյուրը։
Դատավորի այս դիրքորոշումից հետո Երեմ Սարգսյանը երկրորդ միջնորդությունն արեց։ Ըստ Երեմ Սարգսյանի՝ գործում որպես ապացույց ներառված, «Յութուբում» հրապարակված ձայնագրության աղբյուրը ևս հայտնի չէ, նա միջնորդեց դատարանին հարցում ուղարկել «Յութուբին»՝ պարզելու դատախազության կողմից որպես ապացույց ներկայացված այդ ձայնագրության աղբյուրը։ Դատարանն այս միջնորդությունը ևս մերժեց՝ համամիտ լինելով դատախազի այն դիրքորոշմանը, որ եթե հրապարակված է «Յութուբում», ուրեմն աղբյուրը հայտնի է։ Բացի այդ, ըստ դատախազի՝ այդ ձայնագրությունում առկա տեղեկությունները համադրել են քրեական գործի նյութերի հետ, որին կանդրադառնա իր մեղադրական ճառում։
Երեմ Սարգսյանը ևս մեկ միջնորդություն ներկայացրեց՝ խնդրելով հետաձգել դատական նիստը, որ 1-2 օր ժամանակ ունենա հիմնավորված միջնորդություն պատրաստելու տվյալ ձայնագրությունը որպես ապացույց ներկայացնելու անթույլատրելիության մասին։ Ըստ Երեմ Սարգսյանի՝ եթե դատարանը բավարարի իր միջնորդությունը, և տվյալ ձայնագրությունը անթույլատրելի ապացույց ճանաչվի, գուցե դատախազը հրաժարվի մեղադրանքից։
Սակայն դատարանը մերժեց նիստը հետաձգելու վերաբերյալ Երեմ Սարգսյանի միջնորդությունը՝ նշելով, որ դրանում դատական նիստը ձգձգելու միտում է տեսնում։ Դատական նիստն այսքանով ավարտվեց, քանի որ Երեմ Սարգսյանն այլ նիստ ուներ, իսկ դատախազը նախընտրեց իր ճառը հաջորդ նիստին ներկայացնել։ Գործով հաջորդ նիստը նշանակվեց հոկտեմբերի 9-ին։ Դատավարության կողմերն արձանագրեցին, որ այսպիսով մեխանիկորեն հնարավորություն տրվեց Երեմ Սարգսյանին՝ միջնորդություն պատրաստելու համար։
Մեկնաբանել