
ԲԴԽ-ն որոշել է դեմ գնալ Սահմանադրական դատարանի որոշմանն ու չվերանայել Դավիթ Հարությունյանի գործը
Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) այսօր՝ 2024թ. հոկտեմբերի 18-ին, որոշել է չվերանայել «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ» իր կայաացրած որոշումը, որով դադարեցվել է դատավորի լիազորությունները։ Պատճառաբանությունն այն է, որ Սահմանադրական դատարանը (ՍԴ) ոչ թե Դ. Հարությունյանի լիազորությունները դադարեցման համար անմիջական հիմք հանդիսացող նորմերն է Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչել կամ Սահմանադրական դատարանի մեկնաբանությունից տարբերվող մեկնաբանությամբ կիրառված լինելու մասին արձանագրել, այլ անդրադարձել է նրա լսված չլինելու և գործի քննության հրապարակայնությանը:
Ըստ ԲԴԽ-ի որոշման՝ այս անգամ Դավիթ Հարությունյանի համար ստեղծվել է դիրքորոշումների գրավոր ներկայացման հնարավորություն, որի շրջանակներում չեն ներկայացվել այնպիսի փաստարկներ, որոնք խորհրդին բավարար հիմք կտային նոր հանգամանքի առկայության հիմքով վերանայել որոշումը:
Հարկ է նշել, որ Դավիթ Հարությունյանը եզակի դատավորներից էր, որ բարձրաձայնում էր ԲԴԽ-ի գործունեության, որոշումների, դատական համակարգում իրականացվող գործընթացների մասին, ինչը ԲԴԽ-ն որակելով «դատական իշխանությունը վարկաբեկող, ինչպես նաև դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ», դադարեցրեց նրա լիազորությունները:
Հիշեցնենք, որ Արդարադատության նախարարի մամուլի քարտուղարը 2023թ. ապրիլի 14-ին Արդարադատության նախարարի պարտականությունները կատարողին զեկուցագիր է ներկայացրել՝ զանգվածային լրատվության միջոցի հրապարակման առիթով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու 4 հիմքերի ուսումնասիրություն իրականացնելու անհրաժեշտությունը դիտարկելու վերաբերյալ: Դատավորի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ:
2023թ. մայիսի 24-ին նախարարի պարտականությունները կատարողի կողմից միջնորդություն է ներկայացվել ԲԴԽ՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:
ԲԴԽ-ում գործի քննության ժամանակ Արդարադատության նախարարը միջնորդություն է ներկայացրել՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործով դատական նիստը դռնփակ անցկացնելու մասին: Որպես հիմնավորում նշված է հետևյալ պատճառաբանությունը. «Դատավորի կողմից թույլ տրված կարգապահական խախտումների բնույթն այնպիսին է, որ ուղղակիորեն վերաբերում է Դատավորի կողմից կատարված հրապարակային խոսքով դատական իշխանության հեղինակազրկմանը, որպես դատարան հանդես եկող Բարձրագույն դատական խորհրդի անկախությունը և իր կողմից կայացվող որոշումների օրինականությունը կասկածի տակ դնելուն: Այնինչ, Խորհրդի՝ Սահմանադրությամբ ամրագրված դատարանների և դատավորների անկախությունը ապահովելու գործառույթը ենթադրում է Խորհրդին վերապահված լիազորությունների շրջանակներում դատարանների և դատավորների անկախության երաշխավորմանը խոչընդոտող, դատական իշխանությունը հեղինակազրկող ցանկացած գործողության կանխում: Նշվածի հաշվառմամբ գտնում ենք, որ Դատավորի՝ նշված խոսքի տարածումը դատական կարգով գործի հրապարակային քննության շրջանակներում լրացուցիչ բացասական ազդեցություն կարող է ունենալ դատական իշխանության հեղինակության, անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահության պահպանման համատեքստում և դատական նիստի դռնփակ անցկացումը բխում է արդարադատության շահի պաշտպանության անհրաժեշտությունից»:
2023թ. հունիսի 19-ին հրավիրված դատական նիստին ԲԴԽ-ն որոշել է բավարարել ներկայացված միջնորդությունը և դատավորին կարգապահական պատասխանատվության հարցը քննել դռնփակ եղանակով: Նիստերը դռնփակ անցկացնելուն դեմ էր և՛ դատավոր Դավիթ Հարությունյանը, և՛ նրա ներկայացուցիչ փաստաբանները: Վերջիններս պարբերաբար բարձրաձայնում էին, որ ԲԴԽ-ն խախտումներով է քննում գործը:
2023թ. հունիսի 26-ին հրավիրված դատական նիստի ընթացքում ԲԴԽ-ն դատավորի նկատմամբ կիրառել է «դատական նիստերի դահլիճից հեռացում» սանկցիան՝ շարունակելով գործի քննությունն առանց Դ. Հարությունյանի և նրա ներկայացուցիչների մասնակցության: ԲԴԽ-ն թույլ չի տվել, որ դատավորի ներկայացուցիչները մասնակցեն նիստին:
Դավիթ Հարությունյանի փաստաբանը, գործի քննության ընթացքում տեսնելով, որ ԲԴԽ-ն շարունակաբար խախտում է դատավորի և նրա ներկայացուցիչների իրավունքները, դիմել էր Մարդու իրավունքների Եվրոպական դատարան (ՄԻԵԴ)՝ Բարձրագույն դատական խորհրդում դատավորի նկատմամբ կարգապահական վարույթի ընթացքում թույլ տրվող խախտումների վերաբերյալ միջանկյալ միջոց կիրառելու խնդրանքով: ՄԻԵԴ-ն արագ էր արձագանքել, ինչը ԲԴԽ-ին անհանգստացրել էր և ցանկանում էր օր առաջ ավարտել քննությունը, որպեսզի ՄԻԵԴ-ը չհասցնի միջանկյալ միջոց կիրառել:
2023թ. հուլիսի 3-ին ԲԴԽ-ն որոշեց Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի լիազորություններն «էական կարգապահական խախտման հիմքով դադարեցնել»:
Դ. Հարությունյանը դիմել է ՄԻԵԴ և վերջինս գործը քննելու է առաջնահերթության կարգով: Հենց այդ նպատակով ՄԻԵԴ-ն անհապաղ Հարությունյանի գանգատի մասին տեղեկացրել է Հայաստանի կառավարությանը:
Հարկ է նշել, որ դատավորների կարգապահական գործերի քննության ժամանակ ԲԴԽ-ն հանդես է գալիս որպես դատարան։
ԲԴԽ որոշումից հետո, Դավիթ Հարությունյանը դիմել է Սահմանադրական դատարան՝ հայտնելով, որ ԲԴԽ-ում իր գործի քննությունը դռնփակ քննելու, ինչպես նաև իրեն դահլիճից հեռացնելու հանգամանքներն ակնհայտ միջամտություն են Սահմանադրությամբ երաշխավորված իր իրավունքների, մասնավորապես՝ արդյունավետ դատական պաշտպանության ու արդար դատաքննության, մասնավոր ընտանեկան կյանքի ու բարի համբավի, ինչպես նաև հանրային ծառայության անցնելու հիմնական իրավունքների նկատմամբ:
Սահմանադրական դատարանը, գրավոր ընթացակարգով քննելով դատավորի դիմումը, արձանագրել է, որ հրապարակայնության սկզբունքը կարող է սահմանափակվել միայն խիստ անհրաժեշտ և հատուկ հանգամանքների առկայության պարագայում: Դատական նիստի դռնփակ լինելը չպետք է քողարկող միջոց հանդիսանա «ստվերային արդարադատության» իրականացման համար։
ՍԴ-ն նշել է, որ դատավորի կողմից կատարված արտահայտությունները, որոնք հիմք էին հանդիսացել կարգապահական վարույթ հարուցելու համար, արդեն իսկ հանրայնացվել էին՝ տարածվելով ԶԼՄ-ներով, և հանրությանը հայտնի էին դարձել նախքան կարգապահական վարույթի հարուցումը։
Ինչ վերաբերում է դատարանի դահլիճից դատավորին հեռացնելուն և գործն առանց նրա ու ներկայացուցիչնների քննելուն, ՍԴ-ն արձանագրել է, որ «դատական նիստերի դահլիճից հեռացում» դատական սանկցիան, հանդիսանալով անձի՝ դատավարական իրավունքների սահմանափակման ինտենսիվ միջոց, պետք է կիրառվի միայն առանձնահատուկ դեպքերում, երբ ավելի մեղմ դատական սանկցիայի գործադրմամբ անհնար է արդյունավետ կերպով հակազդել վարույթի մասնակցի ոչ իրավաչափ վարքագծին: Խնդրո առարկա նորմի հակառակ ընկալման պարագայում կխեղաթյուրվի դատական սանկցիայի դատավարական առաքելությունը։
ՍԴ որոշումից հետո 2024թ. օգոստոսի 20-ին Դավիթ Հարությունյանը դիմել է ԲԴԽ-ին՝ խնդրելով վերանայել Խորհրդի որոշումը՝ իրեն կարգապահական պատասխանատվության ենթարկելով լիազորությունները դադարեցնելու մասին: Թեև ԲԴԽ-ն որոշում է ընդունել այս անգամ նիստերն անցկացնել դռնբաց, սակայն գրավոր քննության պայմաններում ևս չի իրականացվել հրապարակայնությունը:
Արդեն նախկին դատավոր Դավիթ Հարությունյանը պարբերաբար դժգոհել է, որ չի հասկանում, թե ՍԴ որոշումից հետո ինչ է անում ԲԴԽ-ն՝ իրականացնում է որոշման վերանայում, թե այլ գործընթաց:
Մեկնաբանել