HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Աղետն ու օդանավի առեւանգման փորձը 2 հոգու կյանք արժեցան, 2-ն էլ դատապարտվեցին մահվան

1961 թ. ապրիլի 24-ի ողբերգությունից 3 ամիս էլ չէր անցել, երբ Հայաստանի տարածքում նոր ավիապատահար գրանցվեց: Ճիշտ է, այս անգամ զոհվեց միայն մեկ անձ, բայց դա էլ ավիացիոն աղետ էր: 

Դեպքը տեղի ունեցավ հուլիսի 11-ին: Եղեգնաձորի օդանավակայանից թռիչք կատարելիս Հայկական առանձին ավիախմբի «Յակ-12Մ» ինքնաթիռում (խորհրդային գրանցումը՝ СССР-74133), բացի օդաչուից, 2 ուղեւոր կար ու 20 կգ ուղեբեռ («Յակ-12Մ» տիպի օդանավերում կա 4 նստատեղ՝ 1 օդաչու + 3 ուղեւոր): Ծանրաբեռնվածության մասով ինքնաթիռը խնդիր չուներ: 

Սակայն թռիչքից վայրկյաններ անց՝ 8-12 մ բարձրության վրա, օդանավի շարժիչի պտույտների թիվը կտրուկ ընկավ՝ րոպեում 2400 պտույտից իջնելով 1800-ի: Քիչ անց այդ ցուցանիշը դարձավ 1500 պտույտ/ր, կոլեկտորից սկսեց սեւ ծուխ դուրս գալ, շարժիչի քարշիչ ուժն ընկավ, եւ «Յակ-12»-ն սկսեց բարձրություն կորցնել: 

Տեսնելով, որ խոչընդոտների հետ բախումն անխուսափելի է՝ օդաչուն ինքնաթիռը թեքեց դեպի ձախ (այդ հատվածում տեղանքը թռիչքուղուց 60 մ ցածր էր)՝ փորձելով վերադառնալ օդանավակայան ու այնտեղ վայրէջք կատարել: Սակայն բարձրության կորստի պատճառով «Յակ-12»-ը բախվեց ծառերին եւ 7-10 մ բարձրությունից ընկավ աերոդրոմի հարեւանությամբ գտնվող տներից մեկի բակն ու բռնկվեց: 

Օգնության հասած տեղացիները կարողացան այրվող ինքնաթիռից հանել օդաչուին եւ ուղեւորներից մեկին: Մյուս ուղեւորը զոհվեց, իսկ օդանավն այրվեց: 

ԽՍՀՄ քաղաքացիական օդանավատորմի Պետական գիտահետազոտական ինստիտուտի հետաքննությունը ցույց տվեց, որ աղետի պատճառը եղել է ինքնաթիռի «ԱԻ-14Ռ» շարժիչի խափանումը, որն առաջացել է կարբյուրատորում խառնուրդի չափից դուրս հարստացումից: Սա էլ իր հերթին ծագել է կարբյուրատորի դետալների մաշվածությունից եւ գործարանային դեֆեկտից:  

Հուլիսի 11-ի պատահարից 2 ամիս անց՝ սեպտեմբերի 10-ին, գրանցվեց մեկ այլ դեպք, որն ավիացիոն տերմինաբանությամբ արտակարգ իրավիճակ էր: 

Այդ օրը Երեւան-Եղեգնաձոր երթուղու վրա 3 հոգի փորձեցին առեւանգել «Յակ-12Մ» ինքնաթիռը (СССР-44348), որը վարում էր օդաչու Էդուարդ Բախշինյանը: Եռյակը ցանկանում էր ԽՍՀՄ-ից փախչել արտերկիր, այս դեպքում՝ Թուրքիայի միջոցով: 25-ամյա օդաչուի համառ դիմադրության շնորհիվ առեւանգման փորձը կանխվեց: Չնայած առեւանգիչներն օդում մի քանի անգամ դանակահարեցին Բախշինյանին՝ փորձելով իրենց ձեռքը վերցնել ինքնաթիռի կառավարումը, նրանք չկարողացան կարգավորել օդանավի ընթացքը եւ ստիպված այն նորից հանձնեցին Բախշինյանին, որն, օգտվելով առիթից, կանխամտածված անցավ կտրուկ վարընթաց թռիչքի, ինչի հետեւանքով առեւանգիչները, կորցնելով հավասարակշռությունը, հայտնվեցին ինքնաթիռի հատակին: Երկրի մակերեւույթից ոչ մեծ բարձրության վրա օդաչուն փորձեց ուղղել «Յակ-12»-ի քթամասը՝ աղետի չենթարկվելու համար, սակայն անբավարար բարձրության պատճառով 8:11-ին՝ թռիչքից 6 րոպե անց, ինքնաթիռը բախվեց հողին խաղողի այգու տարածքում ու գլխիվայր շրջվեց: 

Վթարի հետեւանքով բոլորը վիրավորվեցին, իսկ առեւանգիչներից մեկը, որն ամենածանր վնասվածքներն էր ստացել, ժամեր անց մահացավ հիվանդանոցում, մյուս երկուսը ձերբակալվեցին: Դատարանը հայրենիքի դավաճանության մեջ մեղադրվողներին դատապարտեց գնդակահարության, սակայն Բախշինյանի ընտանիքի տվյալներով՝ նրանց ուղարկել են ուրանի մահաբեր հանքերում աշխատելու: Իսկ օդաչու Էդուարդ Բախշինյանը ցուցաբերած սխրանքի համար պարգեւատրվեց ԽՍՀՄ Կարմիր նշանի շքանշանով: 

Առեւանգման փորձի մանրամասները կարող եք կարդալ այստեղ

Առաջին լուսանկարում՝ «Յակ-12Մ» տիպի ինքնաթիռ, աղբյուրը՝ авиару.рф

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter