HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լուսինե Հակոբյան

Մարտակերտի քաղաքապետի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց, մյուսների մասով նախաքննությունը շարունակվում է

Արցախի Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է հանցակազմի բացակայության հիմքով։ Այս մասին «Հետքին» հայտնեց վերջինիս փաստաբան Արսեն Բաբայանը։ Փաստաբանի կարծիքով՝ այս քրեական գործը անհիմն էր նախաձեռնվել, և այն որակում է որպես քաղաքական հետապնդում։ «Քրեական հետապնդման ժամկետներն ավարտվում էին, չէին կարող ոչինչ անել, քան դադարեցնել հետապնդումը, որովհետև առաջին օրվանից մինչև հիմա որևէ տվյալ չի ստացվել, որ Գյուրջյանը կատարել է հանցանք»,- հայտնեց Արսեն Բաբայանը։ 

Քրեական հետապնդումներ էին նախաձեռնվել նաև Ստեփանակերտի և Ասկերանի քաղաքապետների նկատմամբ՝ կեղծ փաստաթղթերով հափշտակություն կատարելու համար։

Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի փաստաբան Ռուբեն Մելիքյանը «Հետքին» հայտնել էր, որ համայնքապետները մեքենաներով են եկել, որոնք համայնքին են պատկանել, և համայնքապատկան այդ մեքենաները, որպեսզի կարողանան շահագործել տարբեր նպատակներով, ավագանու որոշում են կայացրել, և այդ որոշմամբ՝ որևէ ֆիզիկական անձի անունով են գրանցել։ «Սրա անունը դրել են խարդախություն, սակայն խարդախություն նշանակում է խաբեություն կամ վստահության չարաշահում։ Ու՞մ են խաբել, ու՞մ վստահությունն են չարաշահել, ու՞մ է պատկանում այդ գույքը, իրենք ի՞նչ են անում, ես չեմ հասկանում, ու՞մ են վերադարձնում այդ գույքը։ Վերցնում են այդ մեքենաները, որ Ադրբեջանի՞ն հանձնեն։ Գլխիս մեջ չի տեղավորվում»,- ասել էր նա։

Ռուբեն Մելիքյանը «Հետքին» հայտնեց, որ Ստեփանակերտի քաղաքապետի գործով նորություն այս պահի դրությամբ դեռևս չկա, նախաքննությունը շարունակվում է։ «Անկեղծ ասած, մեզ համար ի սկզբանե անհսականալի էր այս հանցակազմի կիրառումը։ Քաղաքական պատճառներով է կիրառվել»,- նշեց Ռուբեն Մելիքյանը՝ հավելելով, որ իրենք ևս սպասում և ակնկալում են քրեական հետապնդման դադարեցման որոշման։

Նրա խոսքով՝ Ստեփանակերտի քաղաքապետի նկատմամբ այժմ կիրառված է վարչական հսկողություն խափանման միջոցը։ «Բայց ամենախիստ ռեժիմով է կիրառված, կարելի է կիսով չափ տնային կալանք համարել, որովհետև երեկոյան ժամը 7-ից մինչև առավոտյան ժամը 7-ը իր վարձակալած բնակարանը լքելու արգելք է նախատեսված և մի շարք այլ արգելքներ»,- ասում է Մելիքյանը։

Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանի փաստաբան Վահե Եփրիկյանը «Հետքին» հայտնեց, որ իր վստահորդի նկատմամբ նախաձեռնված քրեական վարույթով ևս նախաքննությունը շարունակվում է, գործը կարճելու վերաբերյալ այս պահի դրությամբ՝ որևէ տեղեկություն չունեն: Հայկ Շամիրյանի նկատմամբ ևս կիրառված է վարչական հսկողություն խափանման միջոցը։ Վահե Եփրիկյանն ընդգծում է, որ այս քրեական գործը «դասական քաղաքական հետապնդում է»։

Կարդացե՛ք նաև՝

Գլխավոր լուսանկարում՝ Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter