HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Իրանն Իսրայելին հարվածելու ժամանակ կարող է գործի դնել նաև կանոնավոր բանակը. WSJ

Իրանը կարող է մեծացնել Իսրայելին պատասխան հարվածի մասշտաբը, որին այս անգամ կմասնակցի ոչ միայն Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, այլև՝ կանոնավոր բանակը (Իրանի զինված ուժերը՝ խմբ.): Այդ մասին գրում է The Wall Street Journal (WSJ) պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Պարբերականն ընդգծում է, որ Թեհրանը նման որոշում է կայացրել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ իսրայելական վերջին հարվածների հետևանքով կորուստներ են եղել իրանցի զինծառայողների և քաղաքացիական անձանց շրջանում: Սակայն, ինչպես նշում է պարբերականը, Իրանի արձագանքը չի ենթադրի տարածաշրջանում զորքերի տեղակայում:

Մի քանի օր առաջ հայտնի էր դարձել, որ Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը որոշել է պատասխան հարված հասցնել Իսրայելին՝ հոկտեմբերի 26-ին Իսլամական Հանրապետության օբյեկտներին հասցված իսրայելական հարվածի պատճառով: «Պետական որոշ պաշտոնյաներ և այլ անձինք կարող են ասել, որ մենք չենք պատասխանի Իսրայելին, բայց կառավարությունում և կառավարությունից դուրս այդ մարդիկ որոշումներ չեն կայացնում: Սիոնիստական ռեժիմին (Իսրայելին այսպես է անվանում Իրանը՝ խմբ.) ռազմական պատասխան տալու որոշումն արդեն ընդունվել է Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի կողմից»,- հայտարարել էր Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության հարցերով հանձնաժողովի անդամ Էսմայիլ Քոսարին։

The New York Times-ն էլ նշել էր, որ հրամանն անձամբ տվել է Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլահ Ալի Խամենեին։

Քոսարին նաև նշել էր, որ իսրայելական հարվածին Իրանի ռազմական պատասխանը շատ ավելի հզոր կլինի, քան նախորդ բոլոր հարվածները և կիրականացվի դիմադրության առանցքի ուժերի մասնակցությամբ։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին Իրանը լայնածավալ հրթիռային հարված էր հասցրել Իսրայելին՝ այդ երկրի կողմից ՀԱՄԱՍ-ի, Հեզբոլահի և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի առանցքային ներկայացուցիչների սպանություններին ի պատասխան։ Իսրայելը խոստացել էր արձագանքել հարձակմանը։

Հոկտեմբերի 26-ին էլ Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել էր Իրանի տարածքում գտնվող ռազմական օբյեկտներին հարվածներ հասցնելու մասին՝ ի պատասխան «շարունակական բազմաթիվ հարձակումների»: Իրանի հակաօդային պաշտպանության ուժերի հայտարարության մեջ ասվում էր, որ հարձակման են ենթարկվել Իլամ, Թեհրան և Խուզեստան նահանգների ռազմական օբյեկտները, սակայն հասցված վնասը եղել է սահմանափակ, իսկ ՀՕՊ համակարգերը հաջողությամբ հետ են մղել հիմնական հարվածը:

Իսրայելի հարվածների հետևանքով զոհվել էր առնվազն չորս իրանցի զինծառայող և մեկ խաղաղ բնակիչ:

Լուսանկարը՝ Իրանի նախագահի մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter