HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Դատավորների լիազորությունների դադարեցումը չի լուծում ողջամիտ ժամկետում արդարադատություն իրականացնելու հարցը

Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) վերջին 5 տարվա ընթացքում գործերի քննության ողջամիտ ժամկետները խախտելու կամ դատավարական ժամկետները չպահպանելու հիմքով կարգապահական պատասխանատվության է ենթարկել 14 դատավորի: Նրանցից 6-ի լիազորությունը դադարեցվել է, որից 3-ը՝ 2024թ․-ի ընթացքում: Դատական դեպարտամենտը չի ուսումնասիրել, թե ԲԴԽ-ի այս որոշումներն ինչ ազդեցություն ունեցան դատական համակարգի վրա, մասնավորապես՝ մյուս դատավորներն իրենց վարույթում եղած գործերն ավելի արա՞գ քննեցին:

2020-2024թթ.-ին լիազորությունները դադարեցված 6 դատավորներից 3-ը քրեական գործեր էին քննում, մյուս 3-ը՝ քաղաքացիական: Նրանց վարույթում ընդհանուր եղել է 2914 անավարտ գործ, որոնք փոխանցվել են այլ դատավորների: Միայն 1375 գործ այլ դատավորների փոխանցվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Փիլոսյանից: Նրա լիազորությունները դադարեցվել են 2022թ. դեկտեմբերին:

Անավարտ գործն այլ դատավորի հանձնելու դեպքում գործի քննությունը նորից է սկսվում: Ստացվում է՝ դատական գործը ողջամիտ ժամկետում չքննելու պատճառաբանությամբ դատավորների լիազորությունը դադարեցնելու հետևանքով 2914 գործի քննություն նորից է սկսվել: Իսկ ո՞վ է անհանգստացել այս գործերը ողջամիտ ժամկետում չքննելու հարցով. պարզվում է՝ ոչ ոք:

Քրեական դատավարության օրենսգրքի համաձայն՝ դատարանում վարույթը պետք է իրականացվի դատարանի նույն կազմով: Վարույթին դատավորի մասնակցության անհնարինության դեպքում նա փոխարինվում է տվյալ դատարանի այլ դատավորով: Դատավորի փոխարինումից հետո դատական վարույթը սկսվում է նորից՝ անկախ այն հանգամանքից, թե գործի քննությունը որ փուլում է գտնվում:

Արդեն 7 տարուց ավելի՝ 2017թ. մարտից, դատարանում քննվում է Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ուղեկցող գումարտակի երկու ծառայողի և Դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության նախկին աշխատակցի գործը: Նրանք  մեղադրվում են դատարանում քննվող մեկ այլ քրեական գործով ամբաստանյալի համար բարենպաստ դատական ակտ ապահովելու նպատակով դատավոր Արմեն Բեկթաշյանի հետ այդ հարցը 8000 ԱՄՆ դոլարով լուծելու միջնորդ լինելու, կաշառքը տեղ հասցնելու համար: Դատավոր Բեկթաշյանը տեղյակ չի եղել կատարվածի մասին, նա որևէ մեկից գումար չի պահանջել: Առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 3 մլն 824 հազար դրամին համարժեք 8000 ԱՄՆ դոլար, խաբեությամբ հափշտակվել է, իսկ ամբաստանյալի համար խոստացված բարենպաստ դատական ակտը չի կայացվել:

2019թ. փետրվարին կայացվել է մեղադրական դատավճիռ: Մեղադրյալներից մեկի բողոքի հիման վրա Վերաքննիչ քրեական դատարանը 2020թ. հունիսին վճիռը բեկանել և ամբաստանյալի մասով գործն ուղարկել է առաջին ատյանի դատարան՝ նոր քննության:

2020թ. սեպտեմբերին բեկանված գործը մակագրվել է դատավոր Վահե Միսակյանին: Այն ընդունվել է վարույթ, հրավիրվել է 22 դատական նիստ: Սակայն, Արդարադատության նախարարության միջնորդության հիման վրա 2024թ. հոկտեմբերի 4-ին դատավորի լիազորությունները դադարեցվել են, իսկ գործի քննությունը՝ մնացել կիսատ: 

Վահե Միսակյանի լիազորությունները դադարեցվել են, քանի որ ըստ ԲԴԽ որոշման՝ նա գործերից մեկը քննել է ողջամիտ ժամկետների խախտմամբ, այսինքն՝ գործի քննության ժամկետներն անհարկի ձգձգվել են: Դատավճիռը կայացվել է 3 տարվա ընթացքում, ինչն էլ էական կարգապահական խախտման հիմքով դատավորի լիազորությունները դադարեցնելու պատճառ է դարձել:

Դատական դեպարտամենտից «Հետք»-ին հայտնել են, որ Վահե Միսակյանի վարույթում եղած գործերից վերաբաշխման հանձնվել է 132 գործ: Ոստիկանության երկու ծառայողին և Դատական դեպարտամենտի նախկին աշխատակցին առնչվող քրեական գործը վերաբաշխման հանձնված գործերից մեկն է: Այն 2024թ. հոկտեմբերի 22-ին փոխանցվել է դատավոր Տաթևիկ Մուրադյանին, և քննությունը սկսվել է սկզբից:

«Արդարադատության արդյունավետությունը մեծապես կախված է այն բանից, թե որքան արագ է այն իրականացվում: Երբ արդարադատության իրականացումը ձգձգվում է, տպավորություն է ստեղծվում, որ դատական համակարգն ի վիճակի չէ կատարելու իր առջև դրված խնդիրները, իսկ դա անվստահություն է առաջացնում արդարադատության ողջ համակարգի նկատմամբ»,- նշված է Վահե Միսակյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին Արդարադատության նախարարության միջնորդության մեջ:

Փաստացի, ԲԴԽ-ի որոշմամբ՝ մեկ գործի քննության ողջամիտ ժամկետը չպահպանելու համար այժմ խախտվելու է 132 գործի ողջամիտ ժամկետում քննությունը, ինչը բացասաբար է անդրադառնալու թե՛ ամբաստանյալների, թե՛ տուժողների վրա: Նրանք տարիներով սպասելու են արդարադատության իրենց հերթին:

ԲԴԽ-ն 2024թ. երկու անգամ Վահե Միսակյանին ենթարկել է կարգապահական պատասխանատվության ողջամիտ ժամկետները չպահպանելու կամ դատավարական ժամկետները խախտելու համար: Ապրիլին հայտարարել է խիստ նկատողություն, իսկ հոկտեմբերի 4-ին դադարեցվել են նրա լիազորությունները: Նույն պատճառով դատավորը մեկ անգամ էլ «նկատողություն» կարգապահական տույժի է ենթարկվել 2022թ. նոյեմբերին:

ԲԴԽ-ն կամ Դատական դեպարտամենտը չունեն հստակ վերլուծություն, ուսումնասիրություն, թե դատավորներն ինչ պատճառով են խախտում դատավարական ժամկետները, որոնք են դրա օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոնները: Կարգապահական վարույթներով այդ խախտումներն արձանագրելը հստակ պատկեր չի տալիս. մամուլը բազմիցս է գրել, որ Արդարադատության նախարարությունը կամայականորեն է դատավորներին պատասխանատվության ենթարկելու միջնորդություններ ներկայացնում ԲԴԽ, վերջինս էլ ընտրողաբար է կարգապահական պատասխանատվության ենթարկում: 

Լիազորությունները դադարեցված բոլոր դատավորների վարույթներում եղած անավարտ գործերին սպասում է նույն ճակատագիրը:  Օրինակ, մոտ մեկ ամսից կլրանա 8 տարին, ինչ լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու սպանության գործն ուղարկվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան: Դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ 2017թ. հունվարից սկսվել է գործի քննությունը, բայց մինչ օրս չի ավարտվել:  

2024թ. հուլիսի 16-ի որոշմամբ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի լիազորությունները դադարեցվել են՝ դարձյալ դատավարական ժամկետները խախտելու պատճառաբանությամբ: Մոտ 2 ամիս գործն այլ դատավորի չի հանձնվել և միայն նույն տարվա օգոստոսի 6-ին մակագրվել է դատավոր Կարեն Ֆարխոյանին, իսկ գործի քննությունը սկսվել է նորից: «Դատալեքս» տեղեկատվական համակարգում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ արդեն 2 նիստ է հրավիրվել: Այսինքն՝  ողջամիտ ժամկետների պահպանման համար անհանգստացող ԲԴԽ-ի աշխատակազմը՝ Դատական դեպարտամենտը, միայն 2 ամիս ծախսել է գործն այլ դատավորի փոխանցելու համար:

Հարկ է նշել, որ այս գործով կալանավորված անձինք կան, որոնք արդեն 8 տարի է անազատության մեջ են և առանց դատավճռի փաստացի պատիժ են կրում: Կալանավորներից մեկը մահացել է Քրեակատարողական հիմնարկում: Մյուս կողմից, արդեն 8 տարի տուժող կողմը սպասում է արդարադատության։ 

Աննա Դանիբեկյանի լիազորությունները դադարեցնելու պահին նրա վարույթում եղել է 186 գործ և դրանք փոխանցվել են այլ դատավորների: 

Մարդու իրավունքների պաշտպանն իր 2023թ. տարեկան հաղորդմամբ անդրադարձել է գործերի քննության ողջամիտ ժամկետներին: Նշել է, որ ազատությունից զրկելու հետ կապված խափանման միջոցների վերաբերյալ Պաշտպանին հասցեագրվող բողոքների մի մասն առնչվել է կալանքի շարունակականությանը: Բարձրացվել է այն հարցը, որ տևական ժամկետով կալանք կրելու ընթացքում մեղադրյալի մասնակցությամբ չեն կատարվում վարութային գործողություններ, իսկ իր ներկայացրած միջնորդությունները մերժվում են: Նշվածի համատեքստում բողոքներ են ստացվել այն մասին, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից վարույթի քննության ողջամիտ ժամկետները չեն պահպանվում, ինչն առավել ցայտուն ընդգծվում է հատկապես դատական քննության փուլում՝ դատական նիստերի հետաձգմամբ պայմանավորված:

Ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ 2023թ.-ին Պաշտպանի աշխատակազմը բողոքներ է ստացել դատական քննության փուլում գտնվող գործերի ձգձգումների, մասնավորապես՝ դատական նիստերի պարբերաբար հետաձգման և ուշ նշանակվելու վերաբերյալ։

Տարիներ շարունակ դատավորները բարձրաձայնում են, որ իրենք ծանրաբեռնված են գործերով, բայց պետությունը համապատասխան քայլեր չի ձեռնարկում, փոխարենը պատասխանատվությունը բարդում է իրենց վրա: 

Դեռևս 2022թ. նոյեմբերին Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում հանրային լսումներ էին կազմակերպվել դատարանների գերծանրաբեռնվածության և դատական գործը ողջամիտ ժամկետում քննելու վերաբերյալ: Քննարկմանը մասնակցող դատավորները բարձրաձայնում էին, որ պատկան մարմինները պատշաճ քայլեր չեն ձեռնարկում այդ ուղղությամբ, փոխարենը վարույթներ են հարուցվում իրենց դեմ:

Այդ ժամանակ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Փիլոսյանն ասում էր՝ դատական համակարգի առաջ ծառացած խնդիրներից մեկն էլ այն է, որ երկար ժամանակ այդ մասին կառույցներում լռել են, չեն բարձրաձայնել:

Նույն դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանն էլ նշում էր, որ եթե նույնիսկ Երևանում գործող 30 դատավորի փոխարեն լինի 60-ը, 1-2 տարի հետո գերծանրաբեռնվածությունից դժգոհելու է արդեն 60 դատավոր, քանի որ թվի ավելացումով խնդիրները չեն լուծվի: Նախշքարյանը դեռ 2 տարի առաջ, անդրադառնալով հարուցված կարգապահական վարույթներին, ասում էր, որ դրանցով այլևս հնարավոր չէ զարմացնել դատավորներին: Նրա դիտարկմամբ` պետությունը, ի դեմս Բարձրագույն դատական խորհրդի և Արդարադատության նախարարության, պետք է առաջնահերթ լուծի բարձրացված խնդիրները, նոր միայն վարույթներ հարուցի դատավորների նկատմամբ:

Թե Աննա Փիլոսյանը, թե Զարուհի Նախշքարյանը այլևս դատավորներ չեն: ԲԴԽ-ն դադարեցրել է նրանց լիազորությունները՝ այդպես էլ չլուծելով մատնանշած խնդիրները:

Դատավորները քավության նոխա՞զ

Դատական դեպարտամենտը վիճակագրություն չի վարում, վերլուծություն չի կատարում, թե լիազորությունները դադարեցված դատավորների անավարտ գործերի վերաբաշխման հետևանքով որքանով է ավելացել դատավորների ծանրաբեռնվածությունը: Հանրային ընկալումն այնպիսին է, որ ԲԴԽ-ի նպատակը դատավորներին թիրախավորելն է՝ այդպիսով քողարկելու իր ձախողումն ու պետության չկատարած պարտավորությունները: Տպավորություն է ստեղծվում, թե  գործերի քննության ժամկետների խախտման մեղավորները միայն դատավորներն են:

Քրեական գործեր քննող դատավորների համար լուրջ խնդիրներ են ծագում՝ կապված կալանավորներին քրեակատարողական հիմնարկներից ժամանակին դատարան չբերելու հետ: Ուղեկցող անձնակազմի, ավտոմեքենաների թիվը քիչ է, եւ դատական նիստերը հետաձգվում են՝ մեղադրյալներին դատարան չներկայացնելու պատճառով: Խախտվում են գործերի քննության ողջամիտ ժամկետները, քանի որ նիստերը հետաձգվում են, սակայն պատժվող չկա, քանի որ թիրախը դատավորը չէ: 

Մեկ այլ դեպքում՝ Վերաքննիչ վարչական դատարանում արդեն 40-ից ավելի դատական գործով (ըստ՝ «Դատալեքսի») նիստերը նշանակվել են 2025թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին: Ակնհայտ է, որ 2020թ.-ից քննվող գործով 2025թ. վերջին նիստ նշանակելը, որի կայանալը դեռ հարց է, քննության ողջամիտ ժամկետի խախտում է, սակայն այդ դատավորների նկատմամբ վարույթներ չեն հարուցվում: Ինչու՞․ պատասխանը հստակ է՝ դատավորները գերծանրաբեռնված են, իսկ այդ գերծանրաբեռնվածությունը թեթեևացնելու համար պետությունը որևէ քայլ չի կատարում: 

Անհատ ձեռնարկատարերից մեկը 2021թ. ապրիլին վարչական դատարան հայց է ներկայացրել Պետական եկամուտների կոմիտեի դեմ՝ ստուգման ակտն անվավեր ճանաչելու պահանջով  (ՎԴ/4582/05/21): Գործով վճիռը կայացվել է 2023թ. դեկտեմբերին՝ հայցադիմումը ներկայացնելուց հետո մոտ 2,5 տարի անց: Անհատ ձեռնարկատիրոջ հայցը բավարարվել է, որից հետո ՊԵԿ-ը ներկայացրել է վերաքննիչ բողոք: Այն վարույթ է ընդունվել 2024թ. փետրվարին, իսկդատական նիստը նշանակվել է 2025թ. նոյեմբերի 5-ին, այսինքն՝ վարույթ ընդունելուց 21 ամիս անց: Եթե, լավագույն սցենարի դեպքում, այդ դատական նիստը կայանա և նույն տարվա ընթացքում որոշում կայացվի, իսկ դժգոհ կողմը վճռաբեկ բողոք ներկայացնի, ապա գործով ուժի մեջ մտած դատական ակտ հնարավոր կլինի ունենալ 2026թ.-ին՝ դատարան դիմելուց 5 տարի անց: Սա գործի քննության ողջամիտ ժամկետի խախտու՞մ է, թե ոչ, և ո՞վ պետք է պատախան տա սրա համար:

Այս հարցերն անտեսում են թե՛ ԲԴԽ-ն, թե՛ ոլորտը կարգավորող մյուս մարմինները: Նույնիսկ ԲԴԽ-ն է խախտում ժամկետները, որի համար որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվում: 

2022թ. մայիսի 30-ին արդարադատության նախարարը կարգապահական վարույթ էր հարուցել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի նկատմամբ, որի առիթը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2021թ. մայիսի 18-ի վճիռն էր: Միջնորդությունն ուղարկվել էր ԲԴԽ՝ կարգապահական պատասխանատվության հարցը որոշելու համար:

ԲԴԽ-ն դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցերով հանդես է գալիս որպես դատարան: Կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը ԲԴԽ-ն քննում է միջնորդությունը ստանալու պահից՝  3 ամսվա ընթացքում: Մնացական Մարտիրոսյանին առնչվող միջնորդության քննության ժամանակահատվածում ԲԴԽ-ն մի շարք չհիմնավորված և ակնհայտ կողմնակալ դրսևորումներով չի կայացրել նիստերը, արդյունքում դատավոր Մ. Մարտիրոսյանը չի ենթարկվել պատասխանատվության, միջնորդությունը թողնվել է առանց քննության՝ կարգապահական գործի քննության համար նախատեսված եռամսյա ժամկետն անցած լինելու պատճառաբանությամբ։

2023թ. հունվարի 30-ին Հանրապետության նախագահի հրամանագրով Մնացական Մարտիրոսյանը նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով: Սա հնարավոր է եղել զուտ այն պատճառով, որ ԲԴԽ-ն չի ունեցել կարգապահական տույժ, և Մնացականյանն անխոչընդոտ նշանակվել է:

Այսինքն՝ ժամկետների առումով ԲԴԽ-ն թույլ է տվել գրեթե նույն խախտումը, ինչ, օրինակ, Աննա Դանիբեկյանը, որի վարույթում եղած գործերից մեկով որոշվել է քրեական հետապնդումը դադարեցնել՝ պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու պատճառով: Աննա Դանիբեկյանն այսօր դատավոր չէ՝ նրա լիազորությունները դադարեցվել են, իսկ Մ. Մարտիրոսյանի կարգապահական գործով ժամկետներ խախտած ԲԴԽ անդամներից Դավիթ Խաչատուրյանը դարձել է Սահմանադրական դատարանի դատավոր, Նաիրա Հովսեփյանն ու Վիգեն Քոչարյանը՝ Վճռաբեկ դատարանի դատավորներ, իսկ մյուսները, եթե նույնիսկ առաջխաղացում չեն ունեցել, գոնե պահպանել են իրենց պաշտոնները: 

Քիչ չեն նաև դեպքերը, երբ ԲԴԽ-ն ժամկետների խախտման դեպքերով դատավորների նկատմամբ «տարբերակված» մոտեցում է ցուցաբերում: Օրինակ՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Բունիաթյանը գործերից մեկով վճիռը հրապարակել է հայտարարված օրվանից 1 տարի 2 ամիս հետո, իսկ կողմին այն ուղարկել 1 տարի 3 ամիս անց: Սակայն, այս խախտման համար դատավորին հայտարարվել է «նկատողություն»: Մեկ այլ դատավորի՝ Դանիել Մխեյանի քննած 35 քաղաքացիական գործերով հայցադիմումները վարույթ ընդունելու կապակցությամբ կայացրած որոշումները կողմերին ուղարկվել են 3-6 ամսվա ընթացքում: Սրանք հիմնականում եղել են մինչև 2 մլն դրամային պահանջով հայցադիմումներ, որոնք պետք է քննվեին պարզեցված կարգով: Եթե այդ որոշումները կողմերին ուղարկվեին ժամկետների պահպանմամբ, ապա այդ գործերի մեծ մասով արդեն կայացված կլինեին վճիռներ: Այս խախտման համար դատավորին հայտարարվել է «նախազգուշացում» և այլն:

ԲԴԽ-ն գուցե ասի, որ դեպքերն ու իրավիճակները տարբեր են: Բայց ի՞նչ տարբերություն քաղաքացու համար՝ իր գործի ողջամիտ ժամկետի քննությունը խախտվում է վճիռը չհրապարակելո՞ւ, որոշումը ժամանակին չուղարկելո՞ւ, թե անհարկի ձգձգումների պատճառով: Միևնույն է, նրա գործով պատշաճ արդարադատություն  չի իրականացվել:

***

Այս հոդվածը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ ընթացող «Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում» (www.juremonia.am) ծրագրի ենթադրամաշնորհի շրջանակներում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter