Կեղծ գործարքնե՞ր, թե՞ փողերի լվացման մեխանիզմ․ ինչու է Քաջարանի կոմբինատը սնանկացրել «Թաթսթոունին»
Հայաստանի դատարանները իրար հակասող երկու վճիռ են կայացրել Լիճքի պղնձի հանքավայրի ընդերքօգտագործման իրավունք ունեցող «Թաթսթոուն» ՍՊԸ-ի նկատմամբ․ մի կողմից` նրան զրկել են ընդերքօգտագործման իրավունքից, որովհետև ընկերությունն իբրև ընդերքօգտագործման աշխատանքներ չի իրականացրել, մյուս կողմից՝ սնանկ են ճանաչել այնպիսի պարտավորությունների չկատարման համար, որոնք իբրև առաջացել են ընդերքօգտագործման աշխատանքներից։
Ընդերքօգտագործման իրավունքից զրկելուն բազմիցս անդրադարձել ենք, այս հրապարակմամբ կանդրադառնանք սնանկության գործին, ինչպես նաև՝ ընկերության որակած կեղծ գործարքներին, որոնք առոչինչ ճանաչելու համար «Թաթսթոուն» ՍՊԸ-ն երկու տարբեր հայցեր է ներկայացրել դատարան։
Դատական այս գործընթացը սկսվեց այն բանից հետո, երբ ԶՊՄԿ-ում բաժնետերերի գլոբալ փոփոխություններ տեղի ունեցան, և բաժնետեր դարձավ Հայաստանի կառավարությունը։ «Թաթսթոուն» ՍՊԸ-ն, հիշեցնենք, փոխկապակցված էր ԶՊՄԿ-ին և դրա նախկին բաժնետերերին։
Դեռևս 2022թ․ օգոստոսին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը դիմել է դատարան «Թաթսթոուն» ՍՊԸ-ին սնանկ ճանաչելու հայցով։ Դաատարանի՝ այս տարվա ապրիլի 3-ի որոշմամբ «Թաթսթոուն» ՍՊԸ-սնանկ է ճանաչվել։
ԶՊՄԿ-ն հայտնել է, որ «Թաթսթոուն» ՍՊԸ-ի և «Զանգեզուրի պղնձամոլբիդենային կոմբինատ» ՓԲԸ-ի միջև 2016թ․-ի հունիսի 17-ին կնքվել է աշխատանքների կատարման պայմանագիր, որի համաձայն՝ ԶՊՄԿ-ն պարտավորվել է կատարել Սյունիքի մարզի Լիճքի պղնձի հանքավայրի մակաբացման աշխատանքներ՝ երեք փուլով, իսկ «Թաթսթոուն» ՍՊԸ-ն պարտավորվել է մեկ տարվա ընթացքում վճարել տվյալ փուլի համար։
ԶՊՄԿ-ն և «Թաթսթոուն» ՍՊԸ-ն 2018թ․ի ապրիլի 30-ին հաստատել են աշխատանքների արդյունքների հանձնման-ընդունման վերաբերյալ արձանագրությունը և դրան համապատասխան 2018թ.-ի հունիսի 18-ին հաստատվել է նաև աշխատանքների կատարման մասին հարկային հաշիվը 2․5 մլրդ դրամի չափով՝ ներառյալ ԱԱՀ-ն։
2019թ․ հունիսի 17-ին երկու ընկերությունները կնքել են մեկ այլ համաձայնագիր եւ փոփոխություններ մտցրել արդեն իսկ կնքած պայմանագրում, որի համաձայն՝ աշխատանքների կատարման առաջին փուլի վճարումը պետք է իրականացվի մինչև 2021թ․ հունիսի 30-ը։
2019թ․ հուլիսի 15-ին երկու ընկերությունները նաև կնքել են փոխառության պայմանագիր, որի համաձայն՝ «Զանգեզուրի պղնձամոլբիդենային կոմբինատ»-ը պարտավորվել է «Թաթսթոուն» ընկերությանը տրամադրել 350 մլն դրամ։
Փոխառության պայմանագրի համաձայն՝ դրույթները տարածվել են նաև պայմանագրի կնքման օրվա դրությամբ «Թաթսթոուն» ՍՊԸ-ի շուրջ 205 մլն դրամ պարտավորության վրա։
Աուդիտի շրջանակներում «Թաթսթոուն»-ի հաստատմանն է ներկայացվել վերջինիս պարտավորությունների չափը պարտատիրոջ հանդեպ առ 31.12.2020թ., այն է՝ 2․8 մլրդ դրամ, որը «Թաթսթոուն» ՍՊԸ-ն հաստատել է իր 23.02.2021թ․֊ի գրությամբ:
Այսինքն՝ ԶՊՄԿ-ի՝ աոաջին փուլով կատարած աշխատանքների դիմաց «Թաթսթոուն» ՍՊԸ-ն պարտավոր էր վճարել 2․5 մլրդ դրամ՝ ՝ մինչև 2021թ.-ի հունիսի 30-ը։ Պայմանագրի հիման վրա «Թաթսթոուն» ՍՊԸ-ի վճարային պարտավորության կետանցից՝ 2021թ.-ի հունիսի 30-ից հաշվարկված տույժերի չափը կազմել է 329 մլն դրամ, որը մայր գումարի հետ միասին կազմել է 2․8 մլրդ դրամ։
Փոխառության պայմանագրով ԶՊՄԿ-ն «Թաթսթոուն» ՍՊԸ-ի անունից երրորդ անձանց կատարել է շուրջ 205 մլն դրամի վճարումներ։
Փոխառության պայմանագրի համաձայն՝ «Թաթսթոուն» ՍՊԸ-ի դիմումների հիման վրա «Զանգեզուրի պղնձամոլբիդենային կոմբինատ»-ը «Թաթսթոուն»-ին տրամադրել է 124․5 մլն դրամ, և ընդհանուր, փոխառության պայմանագրի հիման վրա «Թաթսթոուն»-ի դրամական պարտավորությունը կազմել է 329 մլն դրամ, որը «Թաթսթոուն»-ը պարտավորվել է վերադարձնել մինչն 2021թ.-ի հուլիսի 15-ը, սակայն չի վերադարձրել:
Համաձայն փոխառության պայմանագրի՝ փոխառությաև մարումները սահմանված ժամկետում չկատարելու և խախտումը 20 օրվա ընթացքում չվերացնելու դեպքում փոխառությաև մարման ենթակա ժամկետանց գումարի նկատմամբ կետանցի օրվանից սկսել է հաշվարկվել տարեկան 11 տոկոս դրույքաչափով տույժեր: Հաշվարկի արդյունքում տույժերի չափը կազմել է 38 մլն դրամ, որը մայր գումարի հետ միասին կազմել է 367․6 մլն դրամ։
Այսպիսով, «Թաթսթոուն» ՍՊԸ-ի պարտավորության չափը, ներառյալ տույժերը, կազմել է 3,2 մլրդ դրամ:
«Թաթսթոուն» ՍՊԸ-ն առարկել է այս ամենին՝ հիմնավորելով, որ ԶՊՄԿ-ի նկատմամբ չկատարված անվիճելի վճարային պարտավորություններ չկան։ Ավելին, հայտարարել է, որ ԶՊՄԿ-ի ներկայացրած բոլոր գրավոր ապացույցները իսկական չեն։
«Թաթսթոուն» ՍՊԸ-ն իր հերթին դիմել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ «Զանգեզուրի պղինձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի՝ պահանջելով «Զանգեզուրի պղինձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի և «Թաթսթոուն» ՍՊԸ-ի միջև 2016թ. ձևակերպված աշխատանքների կատարման մասին պայմանագրի նկատմամբ կիրառել առոչինչ (կեղծ) գործարքի անվավերության հետևանքներ և պայմանագիրը համարել չկնքված:
Հայցի հիմքում դրվել է այն հանգամանքը, որ 17.06.2016թ. ձևակերպված աշխատանքների կատարման մասին պայմանագրով սահմանված որևէ աշխատանք չի կատարվել և դրա հիմքով կատարված աշխատանքի դիմաց վճարային պարտավորություն չի ծագել, ուստի կողմերի միջև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի իմաստով աշխատանքների կատարման պայմանագիր չի կնքվել, այն կեղծ գործարք է:
«Թաթսթոուն» ՍՊԸ-ն երկրորդ հայցով է դիմել դատարան ընդդեմ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի՝ պահանջելով 2019թ.-ին ձևակերպված փոխառության պայմանագրի նկատմամբ կիրառել առոչինչ (կեղծ) գործարքի անվավերության հետևանքներ, այն է՝ չկնքված համարել փոխառության պայմանագիրը, համագործակցության պայմանագրի նկատմամբ կիրառել առոչինչ /շինծու/ գործարքի անվավերության հետևանքներ, մասնավորապես՝ այն գործարքին վերաբերող կանոններ, որը կողմերն իրականում նկատի են ունեցել շինծու գործարքը կնքելիս։
Հայցի հիմքում դրվել են այն հանգամանքները, որ «Թաթսթոուն» ՍՊԸ-ն չի ստացել փոխառության պայմանագրով ձևականորեն սահմանված գումարները, իսկ «Զանգեզուրի պղինձամոլիրդենային կոմբինատ» ՓԲԸ-ն չի փոխանցել այն: Ուստի, կողմերի միջև փոխառության պայմանագիր չի կնքվել, այն կեղծ գործարք է:
Ընկերությունը հուսով էր, որ այս հայցերի բավարարումով սնանկության հիմքը կվերանար։
ԶՊՄԿ-ի նեկրայացուցիչ Վազգեն Միրզոյանը, անդրադառնալով փոխառության պայմանագրով գումարները չստանալուն, փոխառության պայմանագիրը չկնքված համարելուն, նշել է, որ գումարները տրամադրվել են «Թաթսթոունին» յուրաքանչյուր անգամ ԶՊՄԿ-ին ուղղված գրությունների հիման վրա, «Թաթսթոուն»-ը յուրաքնաչյուր անգամ այդ գրություններում նշել է կոնկրետ գումարի չափ, և այդ հայցվող գումարները յուրաքանչյուր անգամ տրամադրվել են բանկային փոխանցումների միջոցով, իսկ աուդիտորին ուղարկված երկու գրություններով «Թաթսթոունն» ընդունել է պատասխանողի հանդեպ իր ունեցած՝ ընդհանուր 2․8 մլրդ դրամ պարտավորությունը, որը բաղկացած է նաև 329․4 մլր դրամ գումարից, իսկ այդ 329․4 մլն դրամ պարտավորությունն առաջացել է նաև կողմերի միջև 2016թ․, համագործակցության պայմանագրի և 2019թ․ փոխառության պայմանագրով հայցվորին տրամադրված և հայցվորի կողմից մինչև օրս չվերադարձված գումարներից։
Սյունիքի դատարանից «Թաթսթոուն»-ի երկու գործերը փոխանցվել են Սնանկության դատարան և քննվել նույն դատավորի վարույթում։ Դատավոր Արտաշես Հովհաննիսյանը երկու հայցերն էլ մերժել է։ Նշել է, որ «Թաթսթոուն»-ը բավարար ապացույցներ չի ներկայացրել իր պնդումների համար․ «Դատարանը փաստում է, որ վճարային պարտավորության անվիճելիությունը կասկածի տակ դնելու համար պարտապանը պետք է ներկայացնի բավարար ապացույցներ իր առարկության հիմնավորման համար, նման ապացույցը պետք է լինի այնպիսին, որ առերևույթ կասկածի տակ դնի պարտատիրոջ պահանջի հիմնավորվածությունը, անվիճելիությունը»։
Դատարանն արդեն հաստատել է սնանկության գործով պահանջների վերջնական ցուցակը։ Այդպիսով՝ 1 մլն դրամ ընկերությունը պետք է տա ԶՊՄԿ-ին, որը ընկերությունը վճարել է որպես պետական տուրք։ 3,2 մլրդ դրամ ԶՊՄԿ-ի պարտքն է, և 7500 դրամ ՊԵԿ-ին ունեցած պարտավորությունը։
Թե որքանով են արժանահավատ ԶՊՄԿ-ի ներկայացրած փաստարկներն ու «Թաթսթոուն» ՍՊԸ-ի հակափաստարկները, դատարանը պատշաճ չի գնահատել։ Ավելին, դատական գործից պարզ չէ՝ արդյոք դատարանն ուսումնասիրել և համոզվել է, որ բոլոր փոխանցումները կատարվել են, արդյոք ԶՊՄԿ-ի հաշվեհամարներից գումարները փոխանցվել են «Թաթսթոուն»-ի հաշվեհամարներին, «Թաթսթոուն»-ը ստացե՞լ է դրանք, ի՞նչ նպատակներով են դրանք օգտագործվել։ Դատարանն առաջնորդվել է միայն կնքված պայմանագրերով։
Այս գործողությունները, թերևս, նաև իրավապահների տիրույթում էին՝ արդյոք այս գումարները դուրս գրելու համար է ստեղծված եղել «Թաթսթոուն» ՍՊԸ-ն, ինչո՞ւ է մի ընկերություն պատվիրակում մյուսին կատարել ընդերքօգտագործման աշխատանքներ։ Եթե տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը զրկում է «Թաթսթոուն»-ին ընդերքօգտագործման իրավունքից, որովհետև այնտեղ ընդերքօգտագործման աշխատանքներ չեն կատարվել, ապա ինչպե՞ս են գոյացել «Թաթսթոուն»-ի այդ պարտավորությունները։ Փողերի լվացման ի՞նչ մեխանիզմներ են այստեղ աշխատել։
Փաստաբան Վազգեն Միրզոյանից փորձեցինք ճշտել՝ արդյոք իրապես եղել են փոխանցումներ, դրանց վերաբերյալ ի՞նչ ապացույցներ են ներկայացվել դատարանին։ Նա նշեց, որ ինքը հանձնել է գործը և այլևս չի զբաղվում դրանով, իսկ գործում առկա ապացույցների մասին, ինչպես ինքն ասաց, արդեն ոչինչ չի հիշում։
Սնանկության գործով կառավարիչ Շաքե Ղազարյանից էլ փորձեցինք ճշտել՝ արդյոք «Թաթսթոունն» ունի գույք և ի վիճակի է մարել պարտքերը։ Ըստ կառավարչի՝ «Թաթսթոուն»-ը ինչ-որ գույք ունի, որի գնահատումն իրականացվել է։ Այլ հարցերի նա հրաժարվեց բանավոր պատասխանել։ Գրավոր հարցման վերաբերյալ էլ ասաց՝ քանի որ «Հետքը» կողմ չէ, մեր հարցերին դժվար պատասխանի։
Մեկնաբանել