HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Կալանավորին սպասելիս

Իրավապահ համակարգում քննարկում են կալանավորների տեղափոխումը Քրեակատարողական ծառայությանը փոխանցելու հարցը

Նշանակված ժամին դատարանի դահլիճում ներկա են՝ նիստերի քարտուղարը, դատախազը, տուժողների ներկայացուցիչը, ամբաստանյալի պաշտպանը, տուժողները (զոհված զինվորների ծնողները) ու սպասում են կալանավորին։ Դեկտեմբերի 16-ին, հերթական անգամ, նիստը սկսելուց առաջ հայտարարվեց, որ կալանավորին դատարան չեն բերելու։

Կալանավորը Արցախի ՊԲ 8-րդ հրաձգային բրիգադի (Ցորի զորամաս) Դ-20 հրետանային դիվիզոնի շտաբի պետ-հրամանատարի տեղակալ, մայոր Գևորգ Գևորգյանն է։ Նա մեղադրվում է Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ՝ 2020թ․ հոկտեմբերի 12-ին Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում գտնվող «Ջուվառլու» տեղամասում Ցորի հրետանային դիվիզիոնի շրջափակման մեջ հայտնվելու ժամանակ զինվորների ինքնապաշտպանությունը չկազմակերպելու, վերջիններիս չտարհանելու, ավտոմեքենայով կրակային դիրքից փախուստի դիմելու համար:

Կատարվածի հետևանքով զոհվել է դիվիզիոնի 1-ին մարտկոցի 20 զինծառայող, տարբեր աստիճանի մարմնական վնասվածք է ստացել 7 զինծառայող, իսկ հրետանու պետ, փոխգնդապետ Նորայր Հայրապետյանի գտնվելու վայրը մինչ օրս անհայտ է։ Դիրքերում է մնացել մեծ թվով զինտեխնիկա։

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթի նստավայրում այս գործով դատաքննությունը սկսվել է 2022թ․ սեպտեմբերին և մինչ օրս վկաների հարցաքննության փուլում է։

2024թ․-ի ընթացքում այս գործով 11 դատական նիստ է նշանակվել, որից չորսը չի կայացել ամբաստանյալին քրեակատարողական հիմնարկից դատարան չբերելու պատճառով։ Մեկ անգամ նիստը հետաձգվել է դատարանի հերթապահությամբ ծանրաբեռնված լինելու, մեկ անգամ էլ՝ դատավորի՝ վերապատրաստման դասընթացների մասնակցելու պատճառով: Դատական նիստ տեղի է ունեցել երկու անգամ, որից յուրաքանչյուրում հարցաքննվել է մեկական վկա։ Եվս 5 նիստ, որոնք ըստ «Դատալեքսի» կայացած են համարվում, դատավորը հայտարարել է բացված, որպեսզի տեղեկացնի, թե ինչու է հետաձգվելու նիստը։ Հիմնական պատճառը կալանավորին դատարան չբերելն է կամ՝ վկաների ներկայությունը չապահովելը։ Երկուսն էլ ոստիկանության իրավասության ներքո են։  

Այս քրեական գործով օգոստոսի 19–ին նշանակված նիստը դարձյալ հետաձգվել էր ամբաստանյալին քրեակատարողական հիմնարկից դատարան չբերելու պատճառով։  «Նուբարաշեն» ՔԿՀ-ից դատարանին տեղեկացրել էին, որ ծանրաբեռնվածության պատճառով չեն կարող ապահովել Գ․ Գևորգյանի մասնակցությունը նիստին։

Գործով մեղադրող, զինվորական դատախազության դատախազ Դավիթ Նավասարդյանը դատարանին միջնորդել էր հարցում ուղարկել քրեակատարողական հիմնարկ և հիմնավոր բացատրություն պահանջել ամբաստանյալին չներկայացնելու վերաբերյալ։ «Անհրաժեշտ է քննարկման առարկա դարձնել այս հարցը և բացահայտել ամբաստանյալներին դատարան չներկայացնելու պատճառը»,- դատավորին դիմեց դատախազ Դ․ Նավասարդյանը։

Քրեական գործը քննող դատավոր Արտուշ Գաբրիելյանի աշխատակազմից «Հետք»-ին հայտնեցին, որ դատախազի միջնորդության հիման վրա դատավորը գրություն էր  ուղարկել ոստիկանության ուղեկցող գումարտակին։ Պատասխանել էին, որ կալանավորին դատարան չեն ներկայացրել ծանրաբեռնվածության, թափուր հաստիքների և մեքենա չունենալու պատճառով։

Դատավորի աշխատակազմից տեղեկացրին նաև, որ այդպիսի գրություններ տարբեր քրեական գործերով պարբերաբար ուղարկում են ոստիկանություն, որովհետև ամեն օր նույն վիճակն է։ «Օրական, եթե կալանավորի մասնակցությամբ երեք նիստ ենք ունենում, լավագույն դեպքում, դրանցից մեկով են կալանավորին ներկայացնում։ Լինում են օրեր, երբ ոչ մեկի մասնակցությունը նիստին չեն ապահովում։ Մենք ոչ միայն այս գործով, այլև բազմաթիվ այլ դատական գործերով գրություններ ենք ուղարկում ոստիկանություն և պատասխանները կցում քրեական գործերին»,- հայտնեցին դատավոր Ա․ Գաբրիելյանի աշխատակազմից։

Դատախազներն ու փաստաբաններն ահազանգում են, որ առնվազն երկու տարի այս վիճակն է բոլոր դատարաններում և բոլոր քրեական գործերով։ Բարձրագույն դատական խորհուրդը դատավորներից մի քանիսի լիազորությունները դադարեցրել է գործերի քննության ողջամիտ ժամկետները խախտելու հիմքով, սակայն իր պատասխանատվության տիրույթում գտնվող, առաջնային կարևորության այս հարցին այդպես էլ լուծում չի տվել։ Դատավորները՝ ԲԴԽ-ի և արդարադատության նախարարի մեղադրանքներից պաշտպանվելու համար են գրություններ հավաքում,  փաստաբանները՝ կալանքի տակ գտնվող իրենց պաշտպանյալների խախտված իրավունքները փաստարկելու համար։  

Մարդու իրավունքների պաշտպանը 2023թ․ տարեկան հաղորդման մեջ նշել է, որ ազատազրկված անձանցից, նրանց հարազատներից և փաստաբաններից ստացված բողոքների մի մասը վերաբերել է դատաքննության ժամանակ կալանավորված անձանց դատարան չտեղափոխելու հարցին (էջ 305): Դրա հետևանքով դատական նիստերը հետաձգվում են, ինչն էլ ուղղակիորեն փոխկապակցված է գործերի քննության ողջամիտ ժամկետի պահպանման հետ: Բողոքների քննարկման շրջանակում բանավոր և գրավոր ձևաչափով խնդիրը քննարկվել է ՆԳՆ ոստիկանության հետ։

«ՆԳՆ-ից ստացվել է պարզաբանում, որ ուղեկցումների մի մասը երբեմն հնարավոր չի լինում իրականացնել ուղեկցող ստորաբաժանումների ծանրաբեռնվածության, ինչպես նաև ուղեկցող ստորաբաժանումներին ամրակցված հատուկ տրանսպորտային միջոցների անսարքության պատճառով։ Նման դեպքերը բացառելու համար հանձնարարվել է ուղեկցման անհնարինության դեպքում այն կազմակերպել տարածքային ստորաբաժանումների միջոցով»,– ասվում է հաղորդման մեջ։

Պաշտպանի աշխատակազմից մեր գրությանն ի պատասխան հայտնում են, որ կալանավորված անձանց դատարաններ չներկայացնելու վերաբերյալ ՄԻՊ աշխատակազմը բողոքներ է ստացել նաև 2024 թ.-ի ընթացքում։ Պաշտպանը հարցը բարձրացրել է պետական մարմինների առջև, պահանջվել են պարզաբանումներ։

Պաշտպանի գրասենյակին խնդրել էինք հայտնել, թե երկու տարի շարունակ պետական մարմինների անգործության հետևանքով մի շարք իրավունքների խախտում առաջացնող և շարունակական բնույթ կրող այս իրավիճակի վերաբերյալ Պաշտպանն ինչո՞ւ հատուկ զեկույց չի հրապարակել։

«Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի գործունեության 2024թ.-ի տարեկան զեկույցով անդրադարձ է կատարվելու ինչպես նշված հանգամանքներին, այնպես էլ մեքենաների մշտադիտարկման արդյունքներով արձանագրված` դրանց կահավորման և համալրվածության, ուղեկցող գումարտակի թափուր հաստիքների և դրանցով պայմանավորված` ծառայության գերծանրաբեռվածության հարցերին»,- հայտնում են Պաշտպանի աշխատակազմից։

Ներքին գործերի նախարարությունից «Հետք»-ին գրությամբ պատասխանել են, որ 2024թ․ 2-րդ կիսամյակում ձեռք են բերել ձերբակալված և կալանավորված անձանց տեղափոխող, միջազգային չափանիշներին համապատասխանող «Ռենո Մասթեր» մակնիշի 2024թ. արտադրության 22 տրանսպորտային միջոց։ Դրանցից մեկը նախատեսված է հատուկ կարիքներ և հաշմանդամություն ունեցող անձանց համար: «Տրանսպորտային միջոցները ներկայացված են եղել նաև հատուկ վերազինման: Տրանսպորտային միջոցներն ըստ առաջնահերթության բաշխվել են համապատասխան ստորաբաժանումներին և արդեն իսկ շահագործվում են»,- հայտնում են ՆԳՆ-ից:

Կալանավորներին դատարան չբերելու մյուս հարցի՝ ուղեկցող անձնակազմ չունենալու առնչությամբ նախարարությունը տեղեկացնում է, որ ոստիկանության Երևան քաղաքի ուղեկցող գումարտակում առկա թափուր հաստիքային միավորները համալրելու նպատակով ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ՝ հայտարարություններ են տեղադրվում ՆԳ նախարարության և ոստիկանության պաշտոնական կայքերում:

ՆԳՆ-ն հայտնում է նաև, որ Ոստիկանության համակարգում 01.11.2024թ․-ից կազմավորվել է համայնքային ոստիկանության գլխավոր վարչությունը, որի կազմում որպես Գլխավոր վարչությանը ենթակա տարածքային ստորաբաժանումներ գործում են 59 բաժիններ, որից 12-ը՝ Երևան քաղաքում: Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության հերթապահ ծառայության վարչության կազմում գործող Երևան քաղաքի ուղեկցող գումարտակի ոչ բավարար համալրվածության հետևանքով գործնականում հնարավոր չի լինում ապահովել քրեական վարույթն իրականացնող մարմիններից ստացվող հայտերի ամբողջական կատարումը: Այս հանգամանքով պայմանավորված՝ ստացվող հայտերի մի մասը փոխանցվում է Գլխավոր վարչության տարածքային բաժիններին:

Մասնավորապես, ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության կազմավորմամբ պայմանավորված, վերջին մեկ ամսվա ընթացքում տարածքային բաժիններին փոխանցվել է քրեական վարույթն իրականացնող մարմիններից ստացված 221 ուղեկցման հայտ՝ ազատությունից զրկված 229 անձանց ուղեկցելու վերաբերյալ։ Հայտերով ուղեկցումները տարածքային բաժինները պատշաճ իրականացրել են։

ՆԳՆ-ն չի հստակեցնում, թե երբվանից են շահագործվում նոր մեքենաները։ Մոտ երկու շաբաթվա տվյալներով՝ քրեակատարողական հիմնարկներում 1437 կալանավորված անձ է պահվում, արդյոք մեքենաների այդ քանակը բավարարում է պահանջարկը։

Արդարադատության նախարարությունը, որը դատական համակարգի բնականոն գործունեությունն ապահովելու պատասխանատուներից մեկն է, երբևէ հանրայնորեն չի արձագանքել այս դժգոհություններին։ Նախարարի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանը մեզ փոխանցեց, որ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը և ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը քննարկում են կալանավորների ուղեկցումների հարցը։ «Ամենայն հավանականությամբ, Քրեակատարողական ծառայությունը բեռն իր վրա կվերցնի։ Ուղղակի կալանավորներին տեղափոխելու համար լրացուցիչ ռեսուրսներ են անհրաժեշտ, այդ թվում՝ մարդկային և տրասնպորտային»,– հայտնեց ԱՆ մամուլի քարտուղարը։

Քրեակատարողական ծառայության մամուլի քարտուղար Նոնա Նավիկյանը հաստատեց, որ եռակողմ քննարկում է ընթանում, սակայն դեռևս համաձայնություն ձեռք չի բերվել։ «Փաստացի, ՆԳՆ-ն է իրականացնում այդ ծառայույթունը, և իրավական առումով հարցը դեռևս ՆԳՆ-ի պատասխանատվության ներքո է գտնվում»,– նշեց Ն․ Նավիկյանը։

Հարցին լավատեղյակ անձինք հայտնում են, որ ուղեկցող անձնակազմի 80%-ն ազատվել է աշխատանքից, ինչի պատճառով էլ համակարգային կոլապս է ստեղծվել  դատարաններում։ ՆԳՆ-ն հայտնել է, որ հայտարարություններ են հրապարակվում աշխատանքի հրավիրելու մասին, սակայն չի պատասխանել մեր հարցին, թե ինչու են աշխատողները զանգվածաբար լքում համակարգը։ Ո՞րն է երաշխիքը, որ անձնակազմը կհամալրվի նորերով, և կլուծվի այդ թնջուկը։  

Այս թեմայով՝ ընթերցեք նաև

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter