Մարտից վերադարձավ եղբայրներից մեկը. Գրիգորին զոհվեց Սրխավենդի դիրքում
44-օրյա պատերազմի կորուստներից հետո Արցախի պաշտպանական բնագծերը պետք էր վերակազմավորել: Մարտակերտի շրջանում Պաշտպանության բանակի 72-րդ հրաձգային բրիգադի գումարտակներից մեկին՝ Նոր Ղազանչիում տեղակայնված գումարտակին, որը հայտնի էր Սրխավենդի գումարտակ անունով, վստահված էր Խաչենի կամրջից մինչև Ճանկաթաղ ընկած հատվածը՝ 701-713 մարտական դիրքերը։
Գումարտակը տեղակայված էր Նոր Ղազանչի գյուղում (նախկին Սրխավենդ գյուղի տարածքում)։ Այդտեղ էր ծառայում Գրիգորի Կարապետյանը։ 2023թ.-ի սեպտեմբերի 19-ի ադրբեջանական հարձակման ժամանակ նա հայրենի Առաջաձոր գյուղից շտապում էր փոխօգնության հասնել 707 մարտական դիրք, որտեղ հարձակման առաջին րոպեներից ընթանում էին թեժ մարտեր։ Գրիգորիի եղբայրը՝ Լեռնիկ Կարապետյանը, ծառայում էր Ցորի զորամասում և ադրբեջանական զինուժի հարձակման ժամանակ Նարեշտարի դիրքերում էր։
Գրիգորիի ծնողները՝ երկու որդուն ռազմաճակատից սպասող Արկադի և Աքսենյա Կարապետյանները, դիմավորեցին միայն մեկին՝ Լեռնիկին։
Արկադի Կարապետյանը՝ Գրիգորիի հայրը, մասնակցել է Արցախյան առաջին պատերազմին։ 1993 թվականին վիրավորվել է և կորցրել երկու ոտքը։
«1991 թվականից մասնակցում էի Ղարաբաղի կռիվներին։ 93-ին արկի պայթյունից կորցրի երկու ոտքերս։ Բայց դրանից հետո էլ տանը չեմ նստել, աշխատել եմ տարբեր տեղեր, որ երեխաներիս մեծացնեմ»,- պատմում է Արկադի Կարապետյանը։
Աքսենյա Կարապետյանի խոսքով՝ իր երկու որդու զինվորական ծառայության ընթացքում միշտ վախեցել է ավագ որդու՝ Լեռնիկի համար, որը սակրավոր էր: Գրիգորի համար հանգիստ է եղել:
«Լեռնիկը մինա դնող-հանող։ Ամեն անգամ պոստեր գնալուց ես մեռնում նորից ծնվում էի։ Ասում էի՝ Աստված, երանի Լեռնիկը պրծնի էդ պոստերից, թոշակի անցնի, ես մենակ էդ տեսնեմ։ Բայց Գիշոյի (տանը Գրիգորիին Գիշո էին ասում, հեղ.) համար չեմ վախեցել, ասում էի ինքը ոչ մի բանից չի նեղվելու, իրան ոչ մի բան չի լինի։ Նա էնքան լավ ծառայող էր, էնքան ազնիվ երեխա էր»,- պատմում է մայրը։
2023 թվականի սեպտեմբերի 19-ին՝ ժամը 13:00-ի մոտակայքում, ադրբեջանական զինված ուժերը հարձակում սկսեցին Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով։ Նոր Ղազանչիի հատվածում ամենաթեժ մարտերը տեղի ունեցան 707 մարտական դիրքում։ Դիրքի 8 հոգանոց անձնակազմին, որպես աջակցություն, միացան ևս 8 հոգի։ Նրանց մեջ էր նաև ավագ լեյտենանտ Գրիգորի Կարապետյանը։
Դիրք հասնելուց հետո Գրիգորին և զինակիցները մերձամարտի մեջ են մտել ադրբեջանական ստորաբաժանման հետ, որի մի մասը շրջանցել էր նրանց և դիրք մտել թիկունքից։ Թեժ մարտերից հետո 707 մարտական դիրքի անձնակազմին հաջողվել է հետ մղել հարձակումը։ Մերձամարտի ընթացքում զոհվել են պայմանագրային Մխիթար Բաղմանյանը և ավագ լեյտենանտ Գրիգորի Կարապետյանը։
Պատերազմի օրերին կապի խափանման պատճառով Կարապետյանների ընտանիքը լուր չի ունեցել որդիներից։ Սեպտեմբերի 24-ին Գրիգորիի եղբայրը՝ Լեռնիկը, վերադարձել է դիրքերից։ Ընտանիքն այդ ժամանակ արդեն Ստեփանակերտում է եղել։
«Լեռնիկն էլ Գիշոյից ոչ մի լուր չուներ։ Բայց որ արդեն բոլորը դուրս էին գալիս, ասեցինք դե որ Լեռնիկը եկել ա, Գիշոն էլ կգա։ Արդեն, որ եկել էինք հասել Սիսիան, տալիս տղան զանգեց Լեռնիկին։ Լեռնիկը, որ խոսեց, մեքենան կանգնեցրեց, սկսեց լացել։ Ասացի՝ Լեռնիկ, խի՞ ես լացում, ի՞նչ է եղել։ Ասեց՝ մամ Գիշոյին ճարել են։ Ասացի սաղ չի, չէ՞, ասում է՝ հա, մամ, Գիշոն սաղ չի»,- արցունքն աչքերին պատմում է Աքսենյան։
Գրիգորիի մարմինը դիրքից դուրս են բերել և Հայաստան տեղափոխել հոկտեմբերի 4-ին։ Հոկտեմբերի 5-ին նրան հուղարկավորել են «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։ Գրիգորի Կարապետյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի մեդալով։
Գրիգորին ամուսանցած էր, ուներ երկու երեխա՝ աղջիկ և տղա։ Հիմա նրա ընտանիքը ծնողների հետ ապրում է Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղում՝ վարձով։
«Հետքը» առաջիկայում կներկայացնի Սրխավենդի դիրքերի մասին ամբողջական պատմությունը։
Մեկնաբանել